Մինչև հունիսի վերջ մրցույթ կհայտարարվի երեք տեղական ավիաընկերություններ ընտրելու համար

Մինչև հունիսի վերջ մրցույթ կհայտարարվի երեք տեղական ավիաընկերություններ ընտրելու համար

PanARMENIAN.Net - Առաջիկա 10 օրում, իսկ ավելի հստակ մինչև 2013թ. հունիսի ավարտը մրցույթ կհայտարարվի երեք տեղական ավիաընկերություններ ընտրելու համար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար Նելլի Չերչինյանը:

Հայաստանի կառավարությունը հունիսի 6-ի նիստում հաստատել է ազատականացման հայեցակարգը օդային փոխադրումների ոլորտում: Ինչպես ասաց Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը, կառավարությունը մտադիր չէ ֆինանսավորել տեղական ընկերություններն ու արտոնյալ պայմաններ ստեղծել նրանց համար: Սակայն «բաց երկնքի» քաղաքականությանը Հայաստանը կանցնի աստիճանաբար, քանի որ տեղական ընկերությունները դեռ չեն հաստատվել շուկայում:

Ըստ նրա, հայեցակարգի շրջանակներում նախատեսվում է երեք ուղղություններով մրցույթ հայտարարել, որպեսզի երեք տեղական ընկերություններ կարողանան թռիչքներ իրականացնել այդ ուղղություններով՝ ԱՊՀ երկրներ, Եվրոպա և Մերձավոր Արևելք: Միաժամանակ, ըստ ՔԱԳՎ պետի, այդ երեք ավիափոխադրողներին հնարավորություն կընձեռվի թռիչքներ իրականացնել դեպի Մոսկվա: Թույլտվությունը հաղթող ավիաընկերություններին կտրվի 5 տարով:

Այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում ՀՀ Հանրային խորհրդի ավիացիայի գծով ենթահանձնաժողովի անդամ Լևոն Ղազարյանը ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքին, որ ՔԱԳՎ-ն պետք է հոգ տանի նաև, որպեսզի տեղական ընկերությունները ղեկավարվեն միասնական ռազմավարությամբ, ինչպես նաև, որպեսզի նրանց համար ստեղծվի տեխսպասարկման մեկ կառույց, ինչը թույլ կտա նրանց մրցակցել բազմաթիվ օտարերկրյա խաղացողների հետ:

Լևոն Ղազարյանը հավելել է նաև, որ մրցույթին կարող են մասնակցել նաև արտերկրում աշխատող հայկական ընկերությունները: Հավանական մասնակիցների թվում մասնագետը նշեց Air Armenia ընկերությունը, որն աշխատում է բեռնափոխադրումների ոլորտում և պետք է համապատասխան թույլտվություն ստանա ուղևորափոխադրումներ իրականացնելու համար, ձեռք բերի օդանավեր, անձնակազմ հավաքի, տեխնիկական սարքավորումներ ձեռք բերի: «Չեմ կարծում, որ նրանք կկարողանան արագ դա անել, հավանաբար դա տեղի կունենա հաջորդ տարվա գարնան ավարտին»,-ասել է նա: Հավակնել կարող է նաև Armenian Airways ընկերությունը, իսկ ինչ վերաբերում է «Կռունկ» ընկերությանը, որը հայտարարել է շուրջ 1 մլրդ դոլարի ներդրում անելու պատրաստակամության մասին, ապա մասնագետնը այնքան էլ արժանահավատ չի համարում այդ տարբերակը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---