Կապանում քննարկվեց օդանավակայանի վերագործարկման ծրագիրը

Կապանում քննարկվեց օդանավակայանի վերագործարկման ծրագիրը

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ծանոթացավ մարզկենտրոն Կապանում իրականացվող ծրագրերին և ընթացիկ խնդիրներին: Առավոտյան փոխվարչապետը մարզպետ Վահե Հակոբյանի և Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց քաղաքում: Նա այցելեց Կապանի թիվ 2 ավագ դպրոցի շինհրապարակ:

Մինչ Կապան այցելելը Ա. Գևորգյանը ծանոթացել էր նաև Մեղրի և Քաջարան քաղաքների միջև` միջպետական ճանապարհի վրա վերակառուցվող կամուրջի շինարարական աշխատանքներին: Այդ նպատակով պետբյուջեից հատկացվել է 52 մլն դրամ: Կամրջի կառուցման աշխատանքները կավարտվեն առաջիկա օրերին:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ առանձին քննարկվեց նաև Կապանում օդանավակայանի վերագործարկման հարցը: Ոլորտի պատասխանատուները ներկայացրեցին վերագործարկման ծրագիրը:

Օդանավակայանի շահագործումը փոխվարչապետը կարևոր համարեց մարզի բնակչության համար`նշելով, որ ծրագրի իրականացման համար առկա է նաև ՀՀ Նախագահի հանձնարարականը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ մարզպետը նաև տարածաշրջանի գործարարների հետ կքննարկի ծրագիրը, և վերջնական ֆինանսական հաշվարկներն ու առաջարկությունները սեպտեմբերին կներկայացվեն կառավարություն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---