ԿԽՄԿ-Ինջիղուլյան վերջին հանդիպումից 16 օր է անցել. Նորություններ դեռ չկան (թարմացված)

ԿԽՄԿ-Ինջիղուլյան վերջին հանդիպումից 16 օր է անցել. Նորություններ դեռ չկան (թարմացված)

PanARMENIAN.Net - Ադրբեջանում գերեվարված ՀՀ ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի Հայաստան վերադարձնելու գործընթացի հիմնական խոչընդոտը Ադրբեջանի հետ պետական կապի բացակայությունն է: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ գործընթացը դանդախում է, քանի որ բանակցություններն ընթանում են միջազգային կազմակերպությունների հետ գործակցությամբ, գրում է Tert.am-ը:

«Այսօր էլ մենք պայքարում ենք, որպեսզի նա վերադառնա Հայաստան. թե ինչպիսի իրավիճակ կլինի, ժամանակի ընթացքում կերևա»,- ասել է նախարարը:

Նախարարը նաև ևս մեկ անգամ հիշեցրել է, որ Հայաստան վերադառնալուց հետո Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ իրավական հետապնդում չի լինի:

«Պատկերացնում եմ, թե այնտեղ ինչ ճնշումների է նա ենթարկվում, և ինչ ճնշումների արդյունքում է ադրբեջանական հեռուստատեսությամբ ասել այդ քննադատական խոսքերը մեր բանակի մասին: Նրա ծնողներն էլ ասում են, որ երբեք ոչ մի դժգոհություն չեն լսել որդուց»,- Սեյրան Օհանյանի խոսքերն է մեջբերում «Առավոտ»-ը:

Ինչպես PanARMENIAN.Net ին ավելի ուշ տեղեկացրեց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Աշոտ Աստաբացյանը, այս փուլում Կարմիր Խաչը որևէ նոր տեղեկություն դեռևս չունի.

«Եթե ինչ-որ նոր բան լինի, կտեղեկացնենք: Մեր աշխատանքային գործընթացն ընթացքի մեջ է ու կրում է կոնֆիդենցիալ բնույթ»,- եզրափակեց Աստաբացյանը:

Երեկոյան Trend-ը տեղեկացրեց, որ Ինջիղուլյանը «դիմում է գրել, որտեղ խնդրում է իրեն երրորդ երկիր տեղափոխել».

«Դիմումն արդեն նախարարների կաբինետում է: Ինչքան գիտեմ, այդ դիմումը Ինջիղուլյանի մյուս փաստաթղթերի հետ միասին պետք է ուղարկվի ՄԱԿ-ի գլխավոր Գերագույն հանձնակատարի Բաքվի ներկայացուցչություն: Նրանք պետք է դիմեն եվրոպական կամ այլ պետությունների: Որ երկիրը նրան ընդունելու համաձայնություն տա, այնտեղ էլ նրան կուղարկեն: Մինչ այդ գերին կմնա Ադրբեջանում»,- ասել է Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետհանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը:

Նշենք, որ Հակոբ Ինջիղուլյանի ու Կարմիր խաչի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչների վերջին հանդիպումից արդեն 16 օր է անցել (այն սեպտեմբերի 2-ին էր), որից հետո որևէ նորություն գերեվարված զինծառայողի մասին չեն փոխանցել: Վերջին հանդիպման ընթացքում գերին ու նրա ընտանիքը միմյանց մասին տեղեկություններ էին ստացել:

Օգոստոսի 8-ի գիշերը ծառայության ժամանակ ԼՂՀ ՊԲ շարքային, 1991թ. ծնված, Հակոբ Ինջիղուլյանը, ըստ նախնական տվյալների` չկողմնորոշվելով տեղանքում, հատել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծն ու հայտնվել է ադրբեջանական ԶՈւ կողմից վերահսկվող տարածքում:

Մի քանի օրից ադրբեջանական ռեսուրսներում հայտնվեց հայ զինծառայողի Ադրբեջանի ANS ալիքին «հարցազրույցի» տեսագրությունը, որտեղ նա իբր պատմում է, թե ինչպես է «անցել ադրբեջանական կողմ»: Ավելի ուշ հայտնվեց երկրորդ «հարցազրույցը», որտեղ հայ գերեվարված զինվորը հայտարարել էր, իբր չի ցանկանում վերադառնալ Հայաստան ու երրորդ երկիր մեկնելու ցանկություն հայտնել: Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ Ինջիղուլյանի «հարցազրույցները» տրված են ճնշման ներքո և կոչ արել ԿԽՄԿ-ին բոլոր ջանքերը գործադրել նրան շուտափույթ հայրենիք վերադարձնելու համար, որտեղ ռազմագերու հանդեպ քրեական հետապնդում չի իրականացվի՝ իր գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով: Ի դեպ, նախկինում ևս ադրբեջանական գերությունից վերադարձած Հայաստանի ոչ մի քաղաքացի քրեական հետապնդման չի ենթարկվել:

Հղումներ թեմայով.
7  18.09.13 - ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և ուսանողների հետ
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---