15  Զվարթնոց. Հին համալիրը

«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի ճակատագիրը կորոշվի սեպտեմբերի 27-ին

«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի ճակատագիրը կորոշվի սեպտեմբերի 27-ին

PanARMENIAN.Net - «Զվարթնոց» օդանավակայանի հին կլոր շենքը քանդելու հարցը Հանրային խորհրդի օրակարգում է: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնեց Հանրային խորհրդի մամուլի քարտուղար Անի Գասպարյանը, Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտեմ Մովսիսյանը մոտ մեկ ամիս առաջ դիմել էր Հանրային խորհրդին՝ այդ հարցի շուրջ հանրային քննարկումներ անցկացնելու խնդրանքով: «Նա հիմնավորեց դա նրանով, որ ՀՀ կառավարությունն ու «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն քննարկում են զարգացման ծրագիրը և չի բացառվում, որ հին շենքը քանդվի»,- ասաց նա:

Միաժամանակ Անի Գասպարյանը նշեց, որ ՀԽ-ն հարցն արդեն քննարկել է ենթահանձնաժողովներում ու բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ ամփոփիչ քննարկումը կկայանա սեպտեմբերի 27-ին: Քննարկման արդյունքում էլ հարցը կլուծվի:

«Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունում PanARMENIAN.Net ին ասացին, որ օդանավակայանի հին կլոր շենքը քանդելու նոր հայտ քաղաքապետարան չեն ներկայացրել:

Երևանի քաղաքապետարանին կից քաղաքաշինական խորհուրդն ավելի վաղ մերժել էր «Զվարթնոց» օդանավակայանի հայտը՝ «հին շենքը քանդելու թույլտվություն» ստանալու համար:

2013 թ. ապրիլի 29-ին ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը մտավախություն էր հայտնել, որ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող ընկերությունը, որի կառավարմանն է հանձնված օդանավակայանը, կարող է «ավելորդ» համարել հին շենքն ու քանդել այն: Ըստ նրա, ժամանակին շենքն արժանացել է համամիութենական մրցանակի և պատմամշակութային հուշարձան է:

«Պետք է հարգել շենքի հեղինակներին ու ճարտարապետներին: Անհրաժեշտ է աչքի լույսի պես պահել հուշարձան հանդիսացող շենքերը: Քանդելով դեռ ոչ ոք քաղաք չի կառուցել»,- ասել էր ճարտարապետը:

2011 թվականին բացվել էր օդանավակայանի նոր տերմինալը, որը համապատասխանում է բոլոր միջազգային չափանիշներին: 1961 թվականին բացված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մոդեռնիստական ոճի հին շենքը շահագործման էր հանձնվել 1980 թվականին ճարտարապետներ` Արթուր Թարխանյանի, Սպարտակ Խաչիկյանի, Լևոն Չերքեզյանի, Ժ. Շեխլյանի և կոնստրուկտոր` Ս. Բաղդասարյանի նախագծով և համարվում էր ԽՍՀՄ մոդեռնիստական ճարտարապետության նմուշներից մեկը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---