26  05.11.13 - Միլիոն դիմակավորների երթն Երևանում

Anonymous-ների երթի արդյունքում տուժածներ ու ձերբակալվածներ կան (թարմացված)

Anonymous-ների երթի արդյունքում տուժածներ ու ձերբակալվածներ կան (թարմացված)

PanARMENIAN.Net - Ազատության հրապարակում այսօր՝ նոյեմբերի 5-ին, ժամը 17։00-ին, Anonymous-ների երթ էր նախատեսվում, որը նախատեսվածից այլ կերպ զարգացավ:

Գայ Ֆոքսի դիմակով ու ձեռքերում փայտով Շանթ Հարությունյանի գլխավորած երթի մասնակիցներն Ազատության հրապարակից շարժվում էին դեպի ՀՀ նախագահի նստավայր, որտեղ, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Հարությունյանը, պատրաստվում էին բենզինով շշերով պայթեցնել նախագահական նստավայրը: Մաշտոցի պողոտայում ոստիկանները չէին թույլատրել Շանթ Հարությունյանին փողոցն անցնել արգելված վայրում: Արդյունքում, Հարությունյանի կողմնակիցները փայտերով հարձակվեցին ոստիկանների վրա, ոստիկաններն ի պատասխան գործի դրեցին ռետինե մահակները, ինչը բախման վերածվեց։ Երթի մասնակիցները բենզինի վառվող շշեր պայթեցրին։ Պայթյուններից մի շարք քաղաքացիներ տուժեցին, այդ թվում նաև լրագրող: Վնասվածքներ են ստացել նաև մի քանի ոստիկան:

Շտապ օգնության մեքենաները տուժածներին տեղափոխեցին հիվանդանոց: Մաշտոցի պողոտայում ոստիկանության հատուկ գնդի ներկայացուցիչներ էին, ինչպես նաև զրահապատ մեքենաներ: Ոստիկանները բերման ենթարկեցին երկու տասնյակից ավելի երթի մասնակիցների, այդ թվում նաև Շանթ Հարությունյանին: Ինչպես ավելի ուշ հայտարարեցին իրավապահները՝ տեղի է ունեցել հանցագործություն, այժմ կատարվում է քննություն:

ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն Ազատության պողոտայում հավաքվածներին հորդորում էր հեռանալ հրապարակից: Ներկաների արձագանքին, թե հասարակական վայրում են, փոխոստիկանապետն ասաց, որ հասարակական վայրում հանցագործություն չեն գործում ու ոստիկանի չեն դանակահարում, բենզինով շիշ չեն նետում։

Ոստիկանությունը հայտարարություն տարածեց, որտեղ նշվում էր, թե տուժածների ու բերման ենթարկածների մասին տեղեկություն կտրամադրի ավելի ուշ: Հայտարարությունում ասվում է.

«Արդեն քանի օր է` Շանթ Հարությունյանը բռնության կոչեր էր հնչեցնում Ազատության հրապարակում: Ոստիկանությունը բազմիցս զգուշացրել էր դադարեցնել անխոհեմ պահվածքն և անօրինական գործողությունների մղելու կոչերը: Այսօր ևս ոստիկանության ներկայացուցիչները Շանթ Հարությունյանին ու նրա կողմնակիցներին հորդորել են զերծ մնալ հակաիրավական վարքագիծ դրսևորելուց, սակայն նրանք չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, ավելին` ժամը 17.10-ի սահմաններում, մահակներով ու ձողերով զինված, դուրս են եկել Ազատության հրապարակից` հայտարարելով, որ ցանկանում են երթ կատարել:

Ոստիկանության ներկայացուցիչները նրանց կրկին հորդորել են չխախտել հասարակական կարգն և ազատել Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածը, սակայն նրանք գրպաններից հանել են քարերով լցոնված ինքնաշեն պայթուցիկներ և գետնին հարվածելով` սկսել են պայթեցնել:

Ոստիկանական վերակարգերին հաջողվել է կարգի հրավիրել օրինազանցներին և ազատել պողոտան: Երկու տասնյակից ավելի օրինազանց բերման են ենթարկվել ոստիկանության բաժին: Կան տուժած ոստիկաններ: Կատարվում է դեպքի վայրի զննություն:

Ոստիկանությունը հայտարարում է, որ չի հանդուրժելու և ամենայն խստությամբ է արձագանքելու ցանկացած հակաիրավական գործողության, իսկ օրինազանցները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ»:

Բախումների արդյունքում բուժհաստատություններ են տեղափոխվել 9 տուժած, առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնիցասել են Tert.am-ին։ Նրանցից 8-ը ոստիկան է, իսկ մեկը՝ 16-ամյա պատանի է՝ Ալբերտ Վանիկյանը։ Վերջինիս հիվանդանոց են տեղափոխել գանգուղեղային վնասվածքով․ տղայի առողջությանը վտանգ չի սպառնում, գրում է «Փաստինֆո»-ն։

4 ոստիկան տեղափոխվել են երրորդ հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել։ Ոստիկաններից մեկը աչքի շրջանում է վնասվածք ստացել, մյուսը` որովայնի ստորին շրջանում դանակի թեթև վնասվածք, իսկ մյուս երկուսը՝ սալջարդ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասել է ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, բախումների հետևանքով բերման է ենթարկվել 37 հոգի:

Երեկոյան բերման ենթարկվածների մտերիմներն ու ակտիվիստներին հավաքվել էին ոստիկանության կենտրոնի բաժնի մոտ, որտեղից իրավապահները նրանց փորձում էին հեռացնել՝ նշելով, որ ճաղերից այն կողմ կանգնեն:

Բաժին էր եկել նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ով մինչ այդ հիվանդանոցներում տեսակցել էր երթի ընթացքում տուժած ոստիկաններին։

Նշենք, որ Anonymous-ների պաշտոնական հաղորդագրությունում ասվում էր, որ այս տարի դիմակավորները կառավարական շենքերը չեն վնասի՝ բավարարվելով դրանց շուրջ ցույցերով: Երթեր էին նախատեսվում հարյուրավոր քաղաքներում. ակցիային ընդառաջ ֆբ էջեր էին բացվել ԱՄՆ-ում, Էստոնիայում, Ավստրալիայում, Հոլանդիայում, Թուրքիայում, Մեքսիկայում, Կանադայում, Լեհաստանում, Բելիզում Բրազիլիայում, այդ թվում նաև Հայաստանում, ընդհանուր առմամբ մոտ 400 քաղաքում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---