Երևանը վերահաստատել է` հայ-թուրքական հարաբերություններն այլ հարցերի հետ կապելու Անկարայի փորձերն անիմաստ են

Երևանը վերահաստատել է` հայ-թուրքական հարաբերություններն այլ հարցերի հետ կապելու Անկարայի փորձերն անիմաստ են

PanARMENIAN.Net - Այսօր Երևանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումն է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ: Այդ մասին նախարար Նալբանդյանը հայտարարել էՍԾՏՀ նիստից հետո ճեպազրույցում:

«Հանդիպումից հետո պարզ կդառնա, թե ինչը դարձավ քննարկման առարկա»,- հավելել է ՀՀ ԱԳ նախարարը:

Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը, որ հայ-թուրքական հարաբերությունները կարող են կարգավորվել առանց նախապայմանների, իսկ Թուրքիայի կողմից նախապայմանների առաջ քաշումն անընդունելի է հայկական կողմի համար, գրում է Panorama.am-ը:

Ավելին, ըստ Armenia Today-ի, նախարար Նալբանդյանը նշել է, որ հայ-թուրքական հարաբերություններն այլ հարցերի հետ կապելու կամ նախապայմաններ առաջադրելու Անկարայի փորձերն անիմաստ են ու դատապարտված են ձախողման:

Նա տեղեկացրել է նաև, որ հանդիպումներ են նախատեսված նաև ՍԾՏՀ Խորհրդի մասնակից այլ պատվիրակությունների անդամների ու ղեկավարների հետ:

Թուրքիայի ԱԳ նախարարն այսօր Երևանում մասնակցում է ՍԾՏՀ նիստին:

Ավելի վաղ թուրքական Hürriyet Daily News-ը հայտարարել էր, որ պաշտոնական Անկարան մեծ ակնկալիքներ չունի այդ այցից՝ նշելով, որ դեռ կան շանսեր շարունակելու հայ-թուրքական երկխոսությունը: «Այցը ջրբաժան կդառնա, քանի որ դա կլինի Դավութօղլուի առաջին այցն Երևան չորս տարի առաջ Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերի ձախողումից հետո: Աղբյուրը Թուրքիայի ԱԳՆ-ում հայտնել է, որ մինչ օրս պարզ չէ, ադյոք տեղի կունենա Դավութօղլուի և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի երկկողմ հանդիպումը ՍԾՏՀ նիստի հետնաբեմում թե ոչ»,- գրում է պարբերականը:

«Չենք մեկնում այնտեղ կոնկրետ առաջարկով»,- ասել է բարձրաստիճան թուրք դիվանագետը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ների վրա, առ այն, որ Թուրքիան կարող է առաջարկ ներկայացնել հայկական կողմին սահմանի բացման դիմաց: «Բացի այդ, նման առաջարկը կլիներ վաղաժամ ու սխալ: Այնուամենայնիվ, եթե երկկողմ հանդիպում լինի, կբացատրենք մեր տեսլականը տարածաշրջանային խաղաղության վերաբերյալ, այդ թվում նաև մեր երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Հետո արդեն կարող են ինչ-որ քայլեր հաջորդել»,- հավելել է նա:

Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է նաև, որ Դավութօղլուն մտադիր չէ այցելել Հայոց ցեղասպանության հուշահամալիր: «Նախարարը մեկնում է Երևան ՍԾՏՀ շրջանակում: Հուշարձան այցելելը նրա ծրագրի մեջ չի մտնում»,- ասել են ԱԳՆ-ում:

Ինչպես twitter-ի իր էջում գրել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մտադիր չէ հանդիպել Թուրքիայի արտգործնախարարի հետ:

Մինչդեռ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը խորհուրդ է տվել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին այցելել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: «Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նիստին մասնակցելու նպատակով Երևան այցելելուց առաջ Թուրքիայի արտգործնախարարը տարածաշրջանում հնարավոր դրական զարգացումներին միայն վնաս հասցնող, սադրիչ հայտարարությունների փոխարեն ճիշտ կանի օգտագործի պատեհ առիթը և Երևանում այցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր` լռությամբ հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին»,-ասել է փոխնախարարը: Ըստ Շավարշ Քոչարյանի, Թուրքիան կարող է նպաստել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը` առանց որևէ նախապայմանի վավերացնելով և կյանքի կոչելով 2009թ. Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները:

«Եթե Թուրքիան ձգտում է էլ ավելի արագացնել տարածաշրջանի երկրների միջև քաղաքակիրթ հարաբերությունների հաստատման գործընթացը, ապա նա պետք է ճանաչի Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը և բացի իր կողմից փակված հայ-թուրքական սահմանը»,- ասել է Քոչարյանը:

2009 թ. ապրիլին Երևանում ՍԾՏՀ գագաթաժողովին Թուրքիան ներկայացնում էր ԱԳՆ ղեկավար Ալի Բաբաջանը: Անկարան խզել է դիվանագիտական հարաբերություններն Երևանի հետ ղարաբաղյան հակամարտության պատճառով և 1993 թ. փակել է հայ-թուրքական սահմանը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքն անցել է «միացյալ հրապարակ» կարգախոսով
Չնայած «ափսոսից» մինչև «վերջապես» հանրության հակասական կարծիքներին, քաղաքական ուժերը չեն շտապում մեկնաբանել Տիգրան Սարգսյանի հրաժարականը
Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախահավաքն էր
Ղրիմում անցկացված հանրաքվեի մասին հայկական կողմի արտահայտած դիրքորոշման մասին տեղեկատվությունը փոխանցվել է Ուկրաինայի ԱԳՆ