2013-ին ադրբեջանական բանակում 6 կին են բռնաբարել, 5 զինվորի խոշտանգել

2013-ին ադրբեջանական բանակում 6 կին են բռնաբարել, 5 զինվորի խոշտանգել

PanARMENIAN.Net - Ավարտվող տարում Խոշտանգումների դեմ ադրբեջանական կոմիտեն կտտանքների, վատ կամ անմարդկային վերաբերմունքի 115 բողոք է ստացել: 6 դեպքում բողոքները ստացվել են կանանց հանդեպ բռնության վերաբերյալ: Այդ մասին, ինչպես հայտնում է «Թուրան» գործակալությունը, դեկտեմբերի 24-ի մամլո ասուլիսում հայտնել է Խոշտանգումների դեմ ադրբեջանական կոմիտեի ղեկավար Էլչին Բեհբուտովը:

Նա նշել է, որ կտտանքների հետևանքով Ադրբեջանում մահվան 5 դեպք է գրանցվել: Բոլոր այդ փաստերը տեղի են ունեցել ադրբեջանական բանակի զորամասերում: Բեհբուտովը հրապարակել է բռնության հետքերով մահվան դեպքերի զոհ դարձած զինվորների անունները՝ Էլվին Նիֆտիզադե, Ջեյհուն Գուբադով, Սեյմուր Ալլահվերդիև, Թելման Ալիև և Օրհան Միրզազադե:

Բացի այդ, ինչպես նշել է Բեհբուտովը, գրանցվել է մարդու մահվան մեկ փաստ ոստիկանության բաժանմունքում: Սակայն բռնի մահվան փաստը չի հաստատվել: Խոսքը Ջամիլ Բաբաևի մասին է, որը փորձել է փախչել Լենկորանի ոստիկանության բաժանմունքից՝ ցատկելով երկրորդ հարկից: Ըստ իրավապաշտպանի, ձերբակալվածը բազմիցս է դատվել թմրանյութերի համար և, օգտվելով իրավիճակից, երբ նրան սենյակում անզգուշաբար մենակ են թողել, ցատկել է երկրորդ հարկից և մի քանի օրից մահացել է ստացած վնասվածքներից:

Բեհբուտովն ասել է, որ 2012 թվականին Կոմիտեն 141 բողոք է ստացել խոշտանգումների վերաբերյալ այդ թվում 9 մահացու դեպքի մասին:

Իրավապաշտպանը նշել է, որ Կոմիտեն հայտարարում է միայն այն փաստերի մասին, որոնց տեղյակ է: Ըստ Բեհբուտովի, իրականում կտտանքների դեպքերը կարող է կրկնակի անգամ ավելի լինեն, քանի որ զոհերն ու նրանց հարազատները գերադասում են չբողոքել: Բեհբուտովը նաև հայտնել է, որ զեկույցն ուղղվելու է Խոշատնգումների համաշխարհային կազմակերպությանը, ԵԽ Կտտանքների դեմ կոմիտեին և ԵԱՀԿ կենտրոնակայանին:

Ըստ Բեհբուտովի, բողոքները հիմնականում վերաբերվում են անմարդկային վերաբերմունքին ու խոշտանգումներին զորամասերում, կալանավայրերում, ոստիկանության բաժիններում, տրանսպորտի նախարարությունում և Ադրբեջանի Պետնավթընկերության (SOCAR) անվտանգության վարչությանը: Տրանսպորտի տեսուչները բռնություններ են թույլ տալիս վարորդների հանդեպ, իսկ SOCAR ներկայացուցիչները՝ այն տների բնակիչների դեմ, որոնք իբր ապօրինաբար են կառուցված ընկերության տարածքում: Եվ նախարարությունը, և ընկերությունն անտեսում են Խոշտանգումների դեմ կոմիտեի դիմումները:

Ինչպես նշել է փորձագետը, ընդհանրապես Ադրբեջանի պետմարմինները խոշտանգումների մասին դիմումներին չեն արձագանքում, պատասխանելով, որ փաստերը չեն հաստատվել: Ըստ Բեհբուտովի, մյուս կառույցները՝ ՆԳՆ, ԱԱՆ, կրթության նախարարության հատուկ գիշերօթիկները, նարկոլոգիական դիսպանսերը, հոգեբուժական հասատատությունները համագործակցում են կոմիտեի հետ:

Ըստ Բեհբուտովի, շատ բողոքներ են ստացվում կալանավայրերում վատ պայմանների ու անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ: Բողոքողներին տեղափոխում են կարցեր, ուստի վերջերս հարազատները խնդրում են զեկույցներում չնշել ճնշման ենթարկվող բանտարկյալների անունները:

Իրավապահը նաև հայտնել է, որ դիմել է Ադրբեջանի նախագահին «Բիզիմ յոլ» թերթի աշխատակից Փարվիզ Ղաշիմլիի և Անար Մամեդլիի գործերի առնչությամբ՝ խնդրելով ազատ արձակել նրանց:

Ինչպես նշում է «Թուրան» գործակալությունը, Ղաշիմլին հայտարարում է, որ իրեն մեղավոր չի ճանաչում և դեռ չկա դատավաճիռը: Ըստ Բեհբուտովի, դեկտեմբերի 18-ին այցելելով նրան, լրագրողն անձամբ է խնդրել իրավապաշտպանին փոխանցել իր խնդրանքը Ադրբեջանի նախագահին «ներման մասին»:

Ինչ վերաբերում է Մամեդլիին, ապա ըստ Բեհբուտովի, վերջինս չի խնդրել իրեն դիմել Ալիևին: Բեհբուտովն իր նախաձեռնությամբ է դա արել:

Պատասխանելով Ղաշիմլիի հայտարարույթուններին կտտանքների մասին՝ Բեհբուտովն ասել է, որ դեկտեմբերի 18-ին հանդիպել է նրա հետ ԱԱՆ մեկուսարանում: Չնայած նրա բազում առաջարկներին՝ պատմել, թե կոնկրետ ով է նրան խոշատնգումների ենթարկել, Ղաշիմլին ասել է, որ խոսել է այդ մասին դատարանում և չի ցանկանում աևյլևս խոսել: Ըստ Բեհբուտովի, դեկտեմբերի 17-ին Ղաշիմլիին թույլ են տվել խոսել հեռախոսով ընտանիքի հետ և մեկ անգամ հանդիպել կնոջ հետ, հայտնում է Panorama.am-ը:

Ըստ պաշտոնական ադրբեջանական վիճակագրության, 2013 թվականի 5 ամսում, Ադրբեջանի ԶՈւ շարքերում 43 զինվոր է մահացել, որից 35-ը՝ ոչ մարտական պայմաններում: Ըստ ադրբեջանցի իրավապաշտպանների, զոհվածների թիվը բանակում 50-ից ավելի է:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---