31,5 հազար ՀՀ քաղաքացու համար փետրվարի դրությամբ ՌԴ մուտքն արգելված է

31,5 հազար ՀՀ քաղաքացու համար փետրվարի դրությամբ ՌԴ մուտքն արգելված է

PanARMENIAN.Net - 2014-ի փետրվարի 10-ի դրությամբ Հայաստանի 31,5 հազար քաղաքացու համար մուտքը Ռուսաստան արգելված է: Այս մասին ճեպազրույցում տեղեկացրեց միգրացիոն հարցերով Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աշխատակից Սվետլանա Ստեպանովան՝ հավելելով, որ վերջին 1,5 ամսվա ընթացքում ևս 8100 մարդու մուտք է արգելվել: Կան նաև «ռիսկային խմբեր», որտեղ 170 հազար քաղաքացի է ներառված:

«Դրանք այն քաղաքացիներն են, որոնք Ռուսաստան են մտել, ինչից հետո երկրում մնացել են թույլատրված ժամկետից ավելի: Երկրից դուրս չեն եկել, աշխատանքի թույլտվություն չեն ձևակերպել, բայց շարունակում են մնալ այնտեղ: Կան մարդիկ, որ անօրինական են աշխատում, կան, որ ուղղակի ապրում են, բայց բոլորի տվյալները բազայում են, ու սահմանը հատելուց նրանց մուտքը Ռուսաստան կարգելվի», - նշել է Ստեպանովան: Նրա խոսքով, ընդհանուր առմամբ 2013-ին ՌԴ մուտքն արգելվել է 464 հազար մարդու համար, որոնցից 422 հազարը՝ ԱՊՀ երկրների քաղաքացացիներ էին:

«2014-ի փետրվարի դրությամբ Ռուսաստան մուտքը փակ է 573 հազար մարդու համար»,- ասաց միգրացիոն ծառայության ներկայացուցիչը:

Նախորդ տարի Հայաստանի 670 հազար քաղաքացի է մտել Ռուսաստան: Դա 20%-ով ավելի է 2012-ի ցուցանիշից՝ 540 հազարից: 2013-ի տվյալներով, ՌԴ-ում պաշտոնապես աշխատել է մոտ 130 հազար Հայաստանի քաղաքացի, ինչը 4%-ով ավելի է 2012-ի թվերից: 2013-ին ՌԴ-ում աշխատելու համար հայաստանցիները 37,2 հազար աշխատանքի թույլտվություն ու 92,5 հազար պատենտ են ձևակերպել:

Տարեսկզբից Ռուսաստանում ուժի մեջ էին մտել «ՌԴ մուտքի ու ելքի մասին» ինչպես նաև «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավունքի մասին» օրենքներում կատարված փոփոխությունները, համաձայն որոնց, 2014-ի հունվարի 1-ից այն երկրների քաղաքացիները, որոնք Ռուսաստանի հետ մուտքի արտոնագրի ռեժիմ չունեն (այդ թվում նաև Հայաստանը), կարող են երկրում գտնվել 90 օրվա ընթացքում ամեն 180 օրը մեկ: Ստեպանովայի խոսքով, դեսպանատանը կազմակերպված ճեպազրույցը ՌԴ օրենքներում փոփոխությունները Հայաստանի բնակչությանը բացատրելու համար էր:

«Եթե առաջ կարելի էր մի քանի ժամով կամ օրով լքել երկրի սահմանները միայն դա անելու համար, հիմա դա արդեն բավական չէ: 90-180 նոր կանոնների ներդրումից հետո երկիր մուտք գործողը պիտի հաշվառման կանգնի, աշխատանքի թույլտվություն կամ պատենտ ստանա: Այդ պահանջը չի տարածվում ուսանողների ու երկրում բուժում ստացողների վրա: Բազմաթիվ տարբերակներ կան 90 օրվա ընթացքում այդ ամենն օրինականացնել»,- նշեց Սվետլանա Ստեպանովան՝ հավելելով, որ հակառակ դեպքում քաղաքացին ստիպված կլինի լքել երկիրն ու վերադառնալ 180 օրից:

Աշխատանքի թույլտվության պատենտը տրվում է մի քանի օրվա ընթացքում, արժեքը՝ հազար ռուբլի է (մոտ 11,8 հազար դրամ): Քանի դեռ այն գործում է, քաղաքացին կարող է գտնվել ՌԴ տարածքում: Պատենտը ձևակերպվում է 1-ից՝ 3 ամսվա, իսկ աշխատանքի թույլտվությունը՝ մեկ տարվա համար՝ երկարացնելու հնարավորությամբ:

Դեսպանատան ներկայացուցչի խոսքով, միգրացիոն քաղաքականությունը չի խստացվել, պարզապես կարգավորվել է: Իմիջիայլոց, 2014-ի հունվարի 1-ից ուսանողներին թույլատրվում է աշխատել առանց աշխատանքի թույլտվության: Հաջորդ նորամուծությունը՝ իրավաբանական անձանց մոտ աշխատանքի թույլտվությունը ձևակերպելու համար փաստաթղթերը հանձնելիս քաղաքացիները պիտի բժշկական տեղեկանք ներկայացնեն ՄԻԱՎ-ի ու այլ վտանգավոր հիվանդությունների մասին: Առաջ այդ տեղեկանքը ներկայացվում էր դիմումը հանձնելուց հետո:

Ստեպանովան նաև նշել է, որ ՌԴ մուտքը կարող է փակվել 3 կամ 5 տարով: Առաջին կատեգորիային դասվում են այն քաղաքացիները, որոնք խախտել են Ռուսաստանում մնալու ռեժիմը: Այս խմբում են նաև նրանք, ով 3 տարվա ընթացքում երկու և ավելի ադմինիստրատիվ խախտում է արել, այդ թվում՝ երթևեկության կանոնները:5 տարով երկիր մուտքը կարգելվի նրանց, ովքեր վտարվել կամ տեղահանվել են:

Օրերս ՀՀ ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նամակ էր հղել իր ռուսաստանցի գործընկեր Նիկոլայ Պատրուշևին, որտեղ հույս էր հայտնում, թե Ռուսաստանը կվերանայի Հայաստանի համար վիզային ռեժիմը: Այսօրվա դրությամբ Երևանը ոչ մի արգելք չի սահմանել Ռուսաստանի քաղաքացիների համար:

«Հայաստանն ըմբռնումով է մոտենում ՌԴ ձեռնարկած միջոցներին ապօրինի միգրացիայի դեմ պայքարելու համատեքստում, սակայն հաշվի չեն առնված Մոսկվայի ու Երևանի համատեղ ինտեգրացիոն քաղաքականության կարևոր նրբությունները»,- ասվում էր Բաղդասարյանի նամակում:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---