ԱՄՆ-ն սառեցրել է ՌԴ հետ առևտրի և ներդրումների մասին բոլոր բանակցություններն

ԱՄՆ-ն սառեցրել է ՌԴ հետ առևտրի և ներդրումների մասին բոլոր բանակցություններն

PanARMENIAN.Net - Մինչ Ուկրաինայի շուրջ դիմակայության հանգուցալուծումն ԱՄՆ-ն սառեցրել է ՌԴ հետ առևտրի և ներդրումների շուրջ բոլոր բանակցությունները: Այդ մասին ասվում է ԱՄՆ Առևտրի վարչության ներկայացուցչի պաշտոնական կայքում:

Ավելի վաղ Ուկրաինայում իրավիճակի պատճառով ԱՄՆ-ն խզել էր նաև ռազմական շփումները Ռուսաստանի հետ: Ժամանակավորապես դադարեցվում են բոլոր համատեղ զորավարժությունները, բանակցությունները, այցերն ու խորհրդաժողովները, ասվում է ԱՄՆ ռազմական գերատեսչության հայտարարության մեջ, հայտնում է ВВС-ին:

«Ռուսաստանին կոչ ենք անումմեղմացնել Ուկրաինայում ճգնաժամը, իսկ ռուսական զորքերին Ղրիմում՝ վերադառնալ տեղակայման վայրեր, ինչպես պահանջվում է Ղրիմում ՌԴ Սևծովյան նավատորմի կարգավիճակին վերաբերող համաձայնագրով»,- ասել է Պենտագոնի մամուլի քարտուղար, փոխծովակալ Ջոն Քիրբին: Միևնույն ժամանակ Պենտագոնում նշել են, որ ԱՄՆ ԶՈւ ռազմավարությունն Եվրոպայում ու Միջերկրականի ավազանում Ուկրաինայում իրադարձությունների պատճառով չի փոխվել:

Երկուշաբթի ԱՄՆ նախագահ Օբաման հայտարարել է, որ ՈւկրաինայումՌուսաստանի գործողությունները խախտում են միջազգային իրավունքի նորմերը: «Կարծում եմ, որ աշխարհի առավելապես բոլոր երկրները համամիտ են, որ Ռուսաստանի ձեռնարկած քայլերը խախտում են Ուկրաինայի ինքնիշխանությունը և միջազգային իրավունքի նորմերը»,- ասել է նա լրագրողներին Վաշինգտոնում:

Մարտի 3-ին ԱՄՆ նախագահը երկժամյա հանդիպում է անցկացրել ազգային անվտանգության գծով իր խորհրդականների հետ՝ քննարկելով ՌԴ հետագա «մեկուսացման հարցերն» Ուկրաինայում ռազմական միջամտության պատճառով:

Ըստ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցչի, Ռուսաստանը դեռ կարող է անհապաղ միջոցներ ձեռնարկել Ուկրաինայում հետագա սրացումը կասեցնելու համար: «Հակառակ դեպքում Մոսկվան կբախվի քաղաքական ու տնտեսական հետևանքների հետ միջազգային հանրության կողմից»,-հայտարարել է Սպիտակ տան պաշտոնյան:

ԱՄՆ Պետքարտուղարությունը հիշատակել է այն նպատակային միջոցները, ինչպիսիք են ՌԴ պետական հաստատությունների ու մասնավոր ներդրողների ակտիվների սառեցումն ու մուտքի արտոնագրերի տրամադրման արգելքը, սակայն կոնկրետ ժամկետներ չի նշել: Չեղյալ էին հայտարարվել մի քանի հանդիպում առևտրի ոլորտում, իսկ այժմ գործակցությունը տնտեսական ոլորտում ամբողջապես սառեցվում է:

Մինչդեռ Ռուսաստանը նշել է Ուկրաինայի վերաբերյալ Արևմուտքի հետ բանակցելու պայմանները, հայտնում է աղբյուրը ՌԴ ԱԳՆ-ում:

«Ռուսաստանը մոտ օրերս իր միջազգային գործընկերների հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ իրավիճակնու ճգնաժամից դուրս գալու ուղիները: Ռուսական կողմի համար սկզբունքային է երկու պայման՝ փետրվարի 21-ի համաձայնության դրույթների կատարումը, որով նախատեսվում են նաև սահմանադրական բարեփոխումներ, կոալիցիոն կառավարության ստեղծում: Այդ բանակցային գործընթացին պետք է մասնակցեն Ուկրաինայի բոլոր քաղաքական ուժերը»,- գրում է ՌԻԱ Նովոստին:

Վիկտոր Յանուկովիչի և Ուկրաինայի ընդդիմության միջև կնքված համաձայնագրով նախատեսվում էր նախագահի ընտրություններն անցկացնել 2014-ի դեկտեմբերին: Սակայն ավելի ուշ Գերագույն ռադան մայիսի 25-ին արտահերթ ընտրություններ էր նշանակել:

Անցած շաբաթ ՌԴ Դաշնությունների խորհուրդը թույլատրել էր նախագահ Պուտինին զորքեր մտցնել Ղրիմ: Ռուսաստանն իր գործողություններն օրինական է համարում:

Երկուշաբթի ռուսական բանակը վերջնագիր է ներկայացրել Ղրիմում Ուկրաինայի իշխանություններին՝ մինչև մարտի 4-ի առավոտվա ժամը 5-ն անցնել Ղրիմի իշխանությունների կողմը, հայտնել է Ուկրաինայի ՊՆ-ն, սպառնալով հակառակ դեպքում գրոհ սկսել: Ռուսաստանի Սևծովյան նավատորմը ավելի ուշ հերքել էր վերջնագրի մասին տեղեկությունը, դրա ժամկետը սպառվելու հետ կապված միջադեպեր չեն գրանցվել:

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստում, որը գումարվել էր ՌԴ նախաձեռնությամբ, հայտարարել է, որ իշխանությունից հեռացված Ուկրաինայի նախագահ Յանուկովիչը խնդրել է ՌԴ նախագահ Պուտինին օգտագործել ռուսական զորքերն Ուկրաինայի բնակչությանն ու երկրում կայությունը պաշտպանելու համար:

Դիվանագետն ընթերցել է Յանուկովիչի մարտի 1-ի գրավոր դիմումը Պուտինին, իսկ հետո ցուցադրել ֆոտոպատճենը: Նամակում իշխանությունից հեռացված նախագահը պնդում է, որ Կիևում իշխանության ապօրինի զավթում է եղել, «քաոս ու անարխիա» է տիրում, Ուկրաինան գտնվում է «քաղաքացիական պատերազմի շեմին»:

«Մարդկանց կյանքն ու անվտանգությունը, հատկապես Ղրիմի հարավ-արևելքում, սպառնալիքի տակ են: Արևմտյան երկրների ազդեցության տակ իրականացվում է բացահայտ ահաբեկչություն ու բռնություն: Մարդկանց հետապնդում են քաղաքական ու լեզվական հատկանիշներով»,- ասվում է նամակում:

Յանուկովիչը խնդրում է օգտագործել ՌԴ զինված ուժերն օրինականության, խաղաղության, կայունության վերականգնման ու Ուկրաինայի բնակչության պաշտպանության համար:

Մարտի 3-ի երեկոյան Ուկրաինայի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ երրորդ հանդիպումն էր: Առաջին նիստն արտահերթ գումարվել էր մարտի 1-ին Մեծ Բրիտանիայում, երբ Դաշնության խորհուրդը թույլատրել էր Պուտինին Ուկրաինայում ռազմական ուժ կիրառել: Հանդիպման ժամանակ Ուկրաինայի ներկայացուցիչները մեղադրել է Ռուսաստանին ապօրինի զինված ներխուժման մեջ: ԱԽ անդամ երկրների մեծ մասը մտահոգություն է հայտնել ՌԴ գործողությունների վերաբերյալ, սակայն կոնկրետ լուծումներ չեն առաջարկվել։

Ըստ ԱՄՆ սահմանադրության, այլ պետությունների հանդեպ տնտեսական պատժամիջոցներ կարող է սահմանել ԱՄՆ նախագահը: Մինչ այդ նա պետք է հրամանագիր ստորագրի: Հրամանագրի համար հիմք է ծառայում Արտակարգ տնտեսական միջազգային լիազորությունների մասին ակտը, ինչպես նաև առանձին երկրների դեպքում գործող օրենքները: Այդ օրենքներն ընդունում է Կոնգրեսը, որը կարող է նաև սեփական պատժամիջոցներն առաջարկել: Նախագահի հրամանագիրը կարող է շատ օպերատիվ ընդունվել:

1979-ին Թեհրանում ԱՄՆ դեսպանատան զավթման ժամանակ ԱՄՆ նախագահ Քարթերին ընդամենը 10 օր պահանջվեց 12 մլրդ դոլարի իրանական ակտիվները սառեցնելու համար: ԱՄՆ սահմանած պատժամիջոցների իրագործմանը հետևում է ԱՄՆ ֆինանսների նախարարության արտերկրյա ակտիվների հսկողության վարչությունն ու Պետքարտուղարությունը: Բարաք Օբամայի վարչակազմը կարող է արգելել ռուսաստանցի պաշտոնյաների ու խոշոր ընկերությունների մենեջերների մուտքն ԱՄՆ:

Եվրամիությունում երկրների համար կոնկրետ պատժամիջոցները սահմանում է ԵՄ խորհուրդը, որի անդամ են Եվրամիության երկրների ԱԳ նախարարները: Առաջարկությունները ներկայացնում է ԵՄ արտաքին քաղաքականության գծով ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:

Այս պահի դրությամբ ԵՄ-ում պատժամիջոցներ են գործում Իրանի դեմ, Սիրիայի, Բելառուսի: Դրանք կարող են կիրառվել նաև Յանուկովիչի ու նրա մերձավոր շրջապատի դեմ:

Արևմուտքը 3 պատասխան կարող է տալ գործողությանը Ղրիմում՝ սառեցնել ՌԴ պաշտոնյաների ակտիվները, արգելել նրանց մուտքն արևմտյան երկրներ ու չեղյալ հայտարարել հունիսին Սոչիում կայանլիք G8 գագաթաժողովը, ընդ որում Ֆրանսիան արդեն հրաժարվել է մասնակցությունից:

Առաջինը պատժամիջոցները կարող են կիրառվել խոշոր ռուսական ընկերությունների՝ «Գազպրոմի» ու «Ռոսնեֆտի» դեմ, որոնք ակտիվորեն աշխատում են արտաքին շուկայում:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---