ՀՀ-ն ու ՌԴ-ն տիեզերքն ուսումնասիրող ուս․կենտրոն կհիմնեն

ՀՀ-ն ու ՌԴ-ն տիեզերքն ուսումնասիրող ուս․կենտրոն կհիմնեն

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ Ռուսաստանի «Ռոսկոսմոս» տիեզերական գործակալության պատվիրակության և Հայաստանի շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ մարտի 12-ին աշխատանքային խորհրդակցություն է եղել:

Աշխատանքային խումբը, որը այցելություններ է կատարել ՀՀ պետական մարմիններ, Բյուրականի աստղադիտարան, Աշտարակի ռադիոֆիզիկական գիտահետազոտական ինստիտուտ, հանդիպել ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների և մի շարք ձեռնարկությունների ղեկավարների հետ, ամփոփել է արդյունքները:

«Գործակցության լուրջ ներուժ կա Հայաստանի և աշխարհի խոշորագույն գործակալություններից մեկի` «Ռոսկոսմոս» դաշնային գործակալության միջև, որի հետ մեր գործակցության արդյունքում արդեն իսկ վերազինվել է Բյուրականի աստղադիտարանը:

Պայամանավորվածություն ձեռք բերվեց, որ ֆինանսական և տեխնիկական աջակցության աշխատանքները կշարունակվեն, ինչը հնարավորություն կտա առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում Բյուրականը բերել այն տեսքի և այն հնարավորությունների, որը կարող է աշխարհում տիեզերքի ուսումնասիրության ոլորտում լուրջ դերակատարում ունենալ»,- նշել է Արթուր Բաղդասարյանը: Պայմանավորվածության համաձայն` տիեզերքի ուսումնասիրության ոլորտում կստեղծվի հայ-ռուսական ուսումնական ու վերապատրաստման կենտրոն: Որոշ հայկական ձեռնարկություններ կարող են արտադրանք թողարկել «Ռոսկոսմոսի» կարիքների համար:

Արթուր Բաղդասարյանն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնության և ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդների 2012-2013թթ. գործակցության ծրագրի շրջանակում Բյուրականի աստղադիտարանի համալիր արդիականացման ծրագիրն ապացուցեց իր արդյունավետությունը և այդ փորձը կարող է կիրառելի լինել նաև այլ ձեռնարկությունների պարագայում:

Աստղադիտարանի համապարփակ արդիականացման աշխատանքներն իրականացվում են համատեղ համաձայնագրի շրջանակում: Ըստ դրա, նախատեսվում է արդիականացնել ու ամբողջովին գործարկել աստղադիտարանի երկու աստղադիտակ, որոնք նորից որոշ պարամետրերով աշխարհում լավագույնը կդառնան։ Կավելանա ևս 5 ռուսական մոդուլի նոր փոքր աստղադիտակ։

Գործակցության հնարավորությունները երկուստեք հեռանկարային են գնահատվել: «Ռոսկոսմոսի» ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել հայկական ձեռնարկությունների հետ ընդլայնել փոխգործակցության ուղղությունները: Արթուր Բաղդասարյանի հրավերով առաջիկայում նախատեսվում է «Ռոսկոսմոսի» ղեկավար Օլեգ Օստապենկոյի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան:

2013-ի դեկտեմբերին Արթուր Բաղդասարյանի ու «Ռոսկոսմոսի» ղեկավարության հետ հանդիպման արդյունքում պարզվել էր, որ հետազոտության ու տիեզերքի ուսումնասիրության ոլորտում հայ-ռուսական համաձայնագրի նախագիծն արդեն մշակված է ու միջպետական ներքին ընթացակարգերի փուլում է։ Հանդիպմանը պայմանավորվածություն էր ձեռք բերվել մոտ ապագայում հայ-ռուսական աշխատանքային խումբ ձևավորել, որը կզբաղվի երկու երկրների միջև գործակցության բոլոր հարցերով։

Վիկտոր Համբարձումյանը Բյուրականի աստղադիտարանը հիմնել է 1946-ին։ Ակադեմիկոսն աստղադիտարանի առաջին տնօրենն էր։ Ճարտարապետն է Սամվել Սաֆարյանը։

Այժմ այն պատկանում է ՀՀ Գիտությունների Ակադեմիային և տնօրինվում դրա միջոցով։ Համարվում է արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի կարևորագույն աստղադիտարաններից մեկը։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---