Ադրբեջանը փորձում է իր հերթական զինվորի մահը բարդել հայերի վրա․ ՀՀ ՊՆ-ն ու ԼՂՀ ՊԲ-ն հերքում են

Ադրբեջանը փորձում է իր հերթական զինվորի մահը բարդել հայերի վրա․ ՀՀ ՊՆ-ն ու ԼՂՀ ՊԲ-ն հերքում են

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ՊՆ-ն մարտի 17-ին հայտնել է հերթական զինծառայողի մահվան մասին։ Ինչպես գրում է ադրբեջանական APA-ն, միջադեպը, իբր, գրանցվել է «Ֆիզուլիի ուղղությամբ հայկական կողմի հրադադարի խախտման արդյունքում․ զոհվածը 20-ամյա Հասանով Էլվին Չինգիզ օղլուն է, ով մահացել է հրազենայի վիրավորումից»։

Ավելի ուշ նա Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանով «Ծառայությունում վաստակի համար» հետմահու 3-րդ աստիճանի մեդալ է ստացել։

Մեկնաբանելով ադրբեջանական կողմի հայտարարությունը, Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ տարածվող տեղեկությունները հերթական ապատեղեկատվությունն են.

«Մեզ ծանոթ են այս մեթոդները, որոնք նպատակ ունեն ապակայունացնել իրավիճակը և հող պատրաստել նոր սադրանքների համար: Հայկական կողմը վճռականորեն դատապարտում է այս գործելաոճը և կոչ անում անմիջապես միջազգային դիտորդների հրավիրել ու քննել միջադեպի մանրամասները, գտնելով մեղավորներին»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Հովհաննիսյանը։

Իր հերթին ԼՂՀ ՊԲ լրատվության ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը ևս հաստատել է, որ տարածվող տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում․

«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները պահպանում են հրադադարի ռեժիմի կանոնները, իսկ Ադրբեջանի տարածած լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը։

2014-ի 2 ամսում Ադրբեջանի ԶՈւ շարքերում 12 զինվոր էր մահացել, 17-ը՝ վիրավորվել: Ըստ «Թուրանի», այդպիսի տվյալներ է բերում «Դոկտրին» լրագրողական ռազմական հետազոտությունների ադրբեջանական կենտրոնը՝ հիմնվելով ԶԼՄ-ներում հրապարակված նյութերին:

12 զոհվածներից 4-ը մահացել էին մարտական պայմաններում, 8-ը՝ ոչ: Ոչ մարտական կորուստներից չորս զինծառայող ինքնասպան էր եղել, երկուսը մահացել հիվանդություններից, ևս երկուսը՝ ՃՏՊ-ից:

Ընդհանուր կորուստներից 11-ն Ադրբեջանի ՊՆ զինծառայողներ էին, մեկը՝ արդարադատության նախարարության: Ինչ վերաբերում է վիրավորներին, ապա 7 ադրբեջանցի զինվորական տուժել էր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով, 5-ը՝ ՃՏՊ հետևանքով, 2-ը ինքնասպանության փորձ էին արել, 1-ը՝ պայթել ականի վրա, 2-ը՝ շփման գծում փոխհրաձգության արդյունքում:

Վիրավորներից 14-ն Ադրբեջանի ՊՆ զինծառայողներ էին, 2-ը՝ սահմանապահ զորքերի, 1-ը՝ պենիցիտար ծառայության:

Հունվարի երկրորդ կեսից թե հայ-ադրբեջանական սահմանի, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հակառակորդն ակտիվ խախտում է հրադադարը: Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով կրտսեր սերժանտը հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով:

Հունվարի 23-ից լույս 24-ի գիշերն ինտենսիվ կրակել էին նաև Տավուշի սահմանամերձ մի շարք գյուղերի՝ Ներքին Կարմիրաղբյուրի, Այգեպարի, Մովսեսի ու Չինարիի ուղղությամբ: Պառավաքարի գումարտակի հրամանատար Դավիթ Անիկյանի 16-ամյա դուստրը` Լիանան, վիրավորվել էր Այգեպարի իրենց տանը նստած ոտքին ստացած հրազենային կրակոցից, աղջկան տեղափոխել էին Բերդի հոսպիտալ։

Հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի գնդակից զոհվել էր զինծառայող Կարեն Գալստյանը: Ավելի ուշ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով զինծառայոդղը հետմահու պարգևատրվել էր «Մարտական ծառայություն» մեդալով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---