Ո՞վ է օպերայի նորանշանակ տնօրենը. Կարծիքներ ու կենսագրական

Ո՞վ է օպերայի նորանշանակ տնօրենը. Կարծիքներ ու կենսագրական

PanARMENIAN.Net - Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանով ապրիլի 7-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն է նշանակվել հայ հասարակությանն անհայտ Անդրանիկ Արզումանյանը:

Ապրիլի 4-ին դեռևս տնօրենի թափուր պաշտոնի համար մրցող Արզումանյանը հայտարարել էր, թե «Ճիշտ է, ես Հայաստանում չեմ ապրում, բայց դա չի նշանակում, որ Հայաստանի հետ կապս խզել եմ` ամեն տարի 1-2 ամսով Երևան եմ եկել: Ճիշտ է, ոչ Հայաստանում, սակայն մշակութային ոլորտում ղեկավարման փորձ ունեմ: Ես տեղյակ եմ նաև Օպերայի խնդիրների մասին, գիտեմ, որ խմորումներ կան, հեշտ չի լինելու, սակայն կարևորը համախմբվելն է, ընտանիք դառնալը»,- գրում է «Երկիրը»: Անդրադառնալով հարցին, թե օպերայի թատրոնի տնօրեն կարող է դառնալ այն անձը, ով ՀՀ քաղաքացիություն ունի, Արզումանյանը հավաստիացրել է, որ ինքը երկքաղաքացի է, հետևաբար, ունի ՀՀ քաղաքացիություն:

Մրցույթի երկրորդ` հարցազրույցի փուլ անցել էր երեք թեկնածու` կոմիտասագետ, կոմպոզիտոր Արթուր Շահնազարյանը, Հայպետֆիլհարմոնիայի և «Առնո Բաբաջանյան» համերգասրահի տնօրեն Գագիկ Մանասյանը և Անդրանիկ Արզումանյանը: Արթուր Շահնազարյանը չհաղթահարեց հարցազրույցի փուլը, և մնացած երկու թեկնածուներից նախարար Հասմիկ Պողոսյանի ընտրությունը կանգ առավ Անդրանիկ Արզումանյանի վրա:

Գագիկ Մանասյանի համոզմամբ` ամեն բան նախօրոք էր մտահղացված ու կազմակերպված. «Քսան օր առաջ գիտեի, որ ինքն արդեն նշանակված է: Ես խնդիր ունեի ապացուցելու, որ այդ բոլորից կարող եմ հաղթող հանդիսանալ»,- գրում է «Ազատությունը»: Այս ընտրությունը, Մանասյանի ձևակերպմամբ` «ամենաանարդար ընտրություններից մեկն էր»: Նա հավելել է, որ Անդրանիկ Արզումանյանին ոչ ճանաչել է, ոչ էլ անունն է երբևէ լսել. «Չեմ էլ պատկերացնում, որ Հայաստանում գտնվի որևէ մտավորական, որին այդ անունը ծանոթ լինի»,-գրում է «Առավոտը»:

Կոմպոզիտոր Արթուր Շահնազարյանին էլ չի գոհացրել հանձնաժողովի կազմը: Նրա խոսքով` եթե դիտարկենք հանձնաժողովը մեր հասարակության մի մասնիկ, ապա ինքը «թևաթափ է լինում». - «Գուցե սա՞ է եղել պատճառը մեր ամբողջ դարավոր դժբախտությունների: Մեր մտավորականության իննսուն տոկոսը ծախված մարդիկ են: Բայց սարսափելին սա չէ: Եվրոպայում էլ են եղել ծախված մտավորականներ` շահից ելնելով… Բայց մեր մտավորականությունը տարբերվում է նրանցից, որ ծախվում է միայն հաճոյանալու համար: Այսինքն` մարդ է ման գալիս, որ ստրուկ դառնա` առանց շահի նույնիսկ: Սա է ամենասարսափելին: Այդ տեսակ ստրուկից նողկանք են ապրում նույնիսկ նրանց տերերը»:

Մրցութային հանձնաժողովի նախագահը Կոմիտասի անվան կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի դեկան Դավիթ Ղազարյանն էր, քարտուղարը՝ նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արտակ Գևորգյանը։ Դրա կազմում էին Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Չեքիջյանը, օպերային թատրոնի ռեժիսոր Գեղամ Գրիգորյանը, թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը, կոնսերվատորիայի ստեղծագործական ամբիոնի վարիչ Վարդան Աճեմյանը, դրա ռեկտոր Շահեն Շահինյանը, Թատերական ինստիտուտի արվեստի կառավարման և մշակութային քաղաքականության ամբիոնի վարիչ Արթուր Ղուկասյանը, Կառավարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ Էդգար Գևորգյանը, «Գեղամա» երիտասարդական տարածքային ասոցիացիայի նախագահ Վահան Դավթյանը, մշակույթի նախարարի խորհրդական Վահան Եղիազարյանն ու նախարարության աշխատակազմի մշակութային ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Արմինե Խաչատրյանը:

Նշանակման լուրը զարմացրել է նաև երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանին: Իմանալով մրցույթի արդյունքները`նա զարմանքն է հայտնել ֆեյսբուքյան իր էջում. «Ո՞վ է Անդրանիկ Ռոբերտի Արզումանյանը»: Թատերագետ Լևոն Մութաֆյանն էլ, տեղեկանալով մրցույթի արդյունքների մասին, ֆեյսբուքում գրել է. «Օպերայի և բալետի ազգային ակադեմիական տոնավաճառ...»:

Ապրիլի 3-ին «Հրապարակը» գրել էր, որ «Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնի համար մշակույթի նախարարության կողմից գաղտնի պահվող թեկնածուներից մեկը 1985թ.-ին ՀԿԿ Կենտկոմի քարտուղար, պետական և կուսակցական գործիչ Ռոբերտ Արզումանյանի որդին է, ում էլ հովանավորում են մշակույթի նախարարն ու Արմեն Սմբատյանը։ «Վերջինս, ասում են, աշխատել է Եգիպտոսում գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնում, ՌԴ քաղաքացի է, բնակվում է Մոսկվայում և երբեք չի ապրել Հայաստանում։ Մինչդեռ մրցութային պարտադիր պայմաններից է ՀՀ քաղաքացիությունը, թե այդ հարցը նախարարության կողմից ինչպես է լուծվել կամ, ավելի ճիշտ՝ կոծկվել, դեռ հայտնի չէ։ Ըստ լավատեղյակ աղբյուրների, այս դեպքում Արմեն Սմբատյանի շահն այն է, որ հետագայում իր տղային՝ Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանին սահուն կերպով տանի Օպերա, բայց արդեն որպես օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար»,–գրել էր թերթը։

Անդրանիկ Ռոբերտի Արզումանյանի կենսագրական տվյալները տեղադրված են Ռոսսոտրուդնիչեստվոյի պաշտոնական կայքում: Եվ այսպես`

Անդրանիկ Ռոբերտի Արզումանյանը ծնվել է 1972 թ. նոյեմբերի 30-ին Երևանում:

1995 թ. ավարտել է Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը:

1995-1997 թթ. ծառայել է ՀՀ Ազգային բանակում:

1997-1999 թթ.. աշխատել է ՀՀ Սեփականաշնորհման նախարարության արտաքին կապերի և լրատվության բաժնում որպես առաջատար մասնագետ:

1999-2001թթ. աշխատել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում որպես նախարարի օգնական:

2002 թ. աշխատանքի է անցել Մոսկվայում` Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Ռուսական գիտության և մշակութային միջազգային կենտրոնում որպես առաջատար մասնագետ:

2002 թ. հոկտեմբերից նշանակվել է Ալեքսանդրիայում /Եգիպտոս/՝ Ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի ինֆորմացիայի բաժնի ավագ ռեֆերենտ:

2003 թ. շնորհվել է որակավորման կարգ՝ ՌԴ «Պետական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան»,

2005-2011 թթ. Ալեքսանդրիայում նշանակվել է՝ Ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի ղեկավար և եղել Ռուսաստանի Դաշնության փոխհյուպատոսը Եգիպտոսում,

2007 թ. շնորհվել է ՌԴ «Պետական քաղաքացիական ծառայության 3 դասի խորհրդականի դասային աստիճան»,

2011 թ. աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտից հետո վերադառձել է Մոսկվա և նույն թվականին աշխատանքի անցել «ԷլՊրիբ» գործարանում որպես բիզնեսի զարգացման տնօրեն:

Ապրիլի 7-ին հայտնի դարձավ, որ Անդրանիկ Ռոբերտի Արզումանյանը հաղթել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մշակույթի նախարարության կողմից հայտարարված ու ապրիլի 4-ին կայացած մրցույթի արդյունքում։ Մրույթն անցնում էր մշակույթի նախարարության աշխատակազմում, հանձնաժողովի կազմը ձևավորվել էր նախարարի հրամանով հաստատված կարգով:

Նախկին տնօրեն Կամո Հովհաննիսյանի՝ աշխատանքից ազատվելու որոշման մասին տեղեկացրել էին դեռ փետրվարի 18-ին։ Հաղորդագրությունում նաև նշվում էր, որ Հովհաննիսյանն ազատվել է սեփական դիմումի համաձայն ու նշանակել մշակույթի նախարարի խորհրդական: Վերջինս, իմիջիայլոց, թատրոնը ղեկավարել է մոտ 15 տարի:

Տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի դիմումների ընդունման վերջնաժամկետը մարտի 15-ն էր: Դրան մասնակցելու հայտ էր ներկայացրել 9 թեկնածու: Մրցույթի անցկացման օրը՝ ժամը 10:30-ի դրույթամբ, ներկայացել էր 7 թեկնածու՝ Երվանդ Երկանյանը, Արման Ծատուրյանը, Անդրանիկ Արզումանյանը, Տիգրան Դավթյանը, Բարսեղ Թումանյանը, Արթուր Շահնազարյանն ու Գագիկ Մանասյանը: Մրցույթին չէին ներկայացել Գեղամ Մելիքսեթյանն ու Ռուբեն Տերտերյանը։

ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթն անցել էր երկու փուլով՝թեստավորման և հարցազրույցի: Հարցազրույցի փուլ անցնելու համար անհրաժեշտ էր պատասխանել թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին:7 մասնակցից հարցազրույցի փուլ էին անցել 3-ը` Անդրանիկ Արզումանյանը, Արթուր Շահնազարյանն ու Գագիկ Մանասյանը: Հարցազրույցի փուլը հաղթահարել էին Անդրանիկ Արզումանյանը (9 կողմ և 3 դեմ) ու Գագիկ Մանասյանը (7 կողմ և 5 դեմ ձայների հարաբերակցությամբ), ովքեր էլ մրցույթի արդյունքում հաղթող էին ճանաչվել։ Բողոքի բացակայության դեպքում, համապատասխան հանձնաժողովից ստացված՝ մրցույթի արդյունքում հաղթած մասնակիցների վերաբերյալ եզրակացությունը ներկայացվել էր նախարարին և եռօրյա ժամկետում պաշտոնը զբաղեցնող մասնակցի հետ սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր կնքվել:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---