400 մլն դոլար մերժողականության համար կամ ինչո՞ւ են թուրքերն ատում հայերին

400 մլն դոլար մերժողականության համար կամ ինչո՞ւ են թուրքերն ատում հայերին

PanARMENIAN.Net - Թուրքական կառավարությունը 2015 թվականին 400 մլն դոլար կհատկացնի Հայոց ցեղասպանության ժխտման համար, որից 150 միլիոնը կվճարվի ամերիկյան լոբբիստական կազմակերպություններին: Այդ մասին այսօր` ապրիլի 23-ին, «Իրավիճակը Հայաստանում և Թուրքիայում 99 տարի անց» թեմայով Երևանում կայացած քննարկումների ժամանակ հայտարարել է լրագրող, թուրքական IMC հեռուստաալիքի լրատվական ծրագրերի ղեկավար Արիս Նալչին:

Ըստ նրա, Թուրքիայի հասարակության շրջանում որոշակի փոփոխություններ են նկատվում, գնալով ավելի շատ մարդիկ են պատրաստակամություն հայտնում քննարկելու ու վերանայելու սեփական պատմության մութ էջերը: Թուրքիայում սկսել են ամեն ապրիլի 24-ին ակցիաներ կազմակերպել, որոնց մասնակիցների քանակը ևս աճում է: Ավելանում է նաև այն քաղաքների քանակը, որտեղ կազմակերպվում են ակցիաները: Այս տարի ապրիլի 24-ին միջոցառումներ կկազմակերպվեն Ստամբուլում, Դիարբեքիրում, Անկարայում, Անթալիայում, Մարաշում և այլուր: Ընդ որում, որոշ քաղաքներում հարցը բարձրացվում է նաև հայերի գույքն ու եկեղեցական ունեցվածքը վերադարձնելու առումով: Ավելին, վերջերս մասնավոր մի անձի հաջողվել է Թուրքիայի հայ համայնքի անունով ձեռք բերել նախկինում Չարենցին ու Կոմիտասին պատկանող տները, առաջիկայում այնտեղ նախատեսվում է թանգարաններ հիմնել: Հայկական հարցը սկսել են արծարծել նաև քաղաքական գործիչները, մասնավորապես, քրդական կուսակցության առաջնորդը խորհրդարանում իր ելույթից 10 րոպեն հատկացրել է այդ թեմային: Երկրի համալսարաններում խորհրդաժողովներ են անցկացվում այդ թեմայով, ընդ որում, եթե նախկինում ուսանողները մասնակցում էին դասախոսների հորդորով, ապա հիմա հաճախ իրենք են նախաձեռնող լինում ու հետաքրքրություն դրսևորում այդ հարցում, ասել է Նալչին:

Այդ դրական միտումների հետ մեկտեղ, երկրի ղեկավարության դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է մնում, նշել է լրագրողը: Այդպես, Արիս Նալչին նշել է, որ եթե ընթացիկ տարում Ցեղասպանության մերժողականության համար հատկացվել է 300 մլն դոլար, ապա հաջորդ տարի այդ գումարը կհասնի 400 միլիոն դոլարի, որից, ըստ առկա տվյալների, 150 միլիոնը կփոխանցվի ամերիկյան լոբբիստական կազմակերպություններին: Բացի այդ, 2015 թվականին թուրքերը կավարտեն այդ թեմային նվիրված միանգամից երեք ֆիլմերի նկարահանումները, որոնք շատ մեծ բյուջե ունեն: Նախատեսվում են նաև խոշոր միջոցառումներ նվիրված Խոջալուի իրադարձություններին, ինչպես նաև Կարսի գործողությանը, որտեղ անցյալ դարասկզբին, ըստ թուրքական կողմի, «հայերը սպանել են թուրքերին», հայտնում է Armenia Today-ը:

Մինչդեռ, ինչպես հայտնում է «Նովոստի Արմենիան», ԵՊՀ սոցիալական հոգեբանության ամբիոնի դոցենտ, Հոգեբանների ամերիկյան ասոցիացիայի (APA) անդամ, «Անիմա» հոգեբանական ծառայությունների հայկական կենտրոնի հիմնադիր տնօրեն Վլադիմիր Միքայելյանը հայտարարել է, որ թուրքական այլատյացությունը հայերի հանդեպ պայմանավորված է ատելությամբ հայերի կրոնի, մշակույթի ու ընդհանուր առմամբ ազգի հանդեպ և ըստ էթնոհոգեբանության կապված է ցածր էթնիկ ինքնագնահատման մեխանիզմի հետ: Այդպես, եթե ազգը չի ընդունում ինքն իրեն, չի ընդունում նաև մյուս ազգերին: Ըստ Միքայելյանի, քանի որ թուրք ժողովրդի ինքնագնահատումը ցածր է, նրա մոտ ատելություն է ձևավորվում պատմամշակութային առումով ավելի բարձր կանգնած ազգերի հանդեպ:

Մասնավորապես, թուրքերի կողքին ապրող հայերը մշտապես հիշեցնում են նրանց սեփական թերարժեքության մասին, իսկ ագրեսիան այդ դեպքում դառնում է այդ թերարժեքության դուրս մղման մեխանիզմ: «Բացի այդ, ցեղասպանության կազմակերպումը պահանջում է, որ զանգվածները պատրաստ լինեն այլազգիներին ոչնչացնել: Չէ որ սպանելը դժվար է, նորմալ մարդը ունակ չէ սպանելու իր նմանին: Իսկ այստեղ մենք տեսնում ենք զանգվածային սպանություններ կատարելու պատրաստակամություն: Զանգվածային ոչնչացման ցանկացած օրինակի դեպքում պարզ երևում է հոգեբանական պաթոլոգիայով տառապող առաջնորդի անձը, քանի որ առողջ հոգեբանությամբ նորմալ մարդը չի կարող ցեղասպանություն ծրագրել: Այստեղ անմիջապես հիշում ես Գերմանիայի օրինակը, որը ճանաչեց Հոլոքոսթն ու ներողություն խնդրեց հրեաների զանգվածային ոչնչացման համար: Զուգահեռներ անցկացնելով Գերմանիայի ու Թուրքիայի միջև՝ ակնհայտ է դառնում, թե որքան բարձր է գերմանացի ժողովրդի ազգային ինքնագնահատականը: Չէ որ միայն իրեն հարգող ժողովուրդը կարող է ճանաչել իր հանցագործություններն ու պատասխան տալ դրանց համար: Իսկ Թուրքիան մինչ օրս չի կարողանում դա անել», -ասել է նա: Երևանում կայացած մամլո ասուլիսում թուրք քաղաքական և հասարակական գործիչ Մեհմեդ Ուֆուկ Ուրասն իր հերթին ասել է, որ, ժխտելով Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան ոչնչի չի հասնի: «Մենք սարսափելի հանցագործություն ենք գործել հայերի դեմ, դա փաստ է: Թուրքիան պետք է ճանաչի պատմության այդ ողբերգական էջը: Մենք պետք է պատմությունն ընդունենք այնպես, ինչպես կա և փորձենք հարաբերություններ հաստատել ու զարգացնել Հայաստանի հետ, ինչպես նաև հատուցել նրանց նախնիների կորցրած ունեցվածքը», -ասել էԹուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Մեհմեդ Ուֆուկ Ուրասը:

Ուրասը նշել է նաև, որ ապրիլի 24-ն իր համար ուղղակի ամսաթիվ չէ, դա այն օրն է, երբ պետք է որոշակի հարաբերություններ հաստատել թուրքերի ու հայերի միջև: Հրանտ Դինքի սպանությունից և Անկարայում «Հայեր՝ ներեք մեզ» ակցիայից հետո, թուրք երիտասարդությունը և նոր սերունդը փոխեցին իրենց հայացքներն ու պատկերացումները Հայոց ցեղասպանության մասին:

Լրագրողների այն հարցին, թե տեղյակ են արդյոք Թուրքիայի իշխանությունները Հայաստան նրանց այցի ու հայտարարությունների մասին, որով նրանք պահանջում են, որ Անկարան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, քաղաքական գործիչը պատասխանել է. «Մենք չենք վախենում նման հայտարարություններ անել և մտադիր չենք աչք փակել դաժան իրականության վրա, ավելին, Հայաստանում կլոր սեղանից հետո մենք մեկնելու ենք Անկարա՝ ներկայացնելու համար մեր քննարկումների արդյունքները», հայտնում է Armenia Today-ը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---