2014-ի առաջին եռամսյակում ՀՀ-ից մեկնողների թիվը նվազել է 5,3 հազարով 2013-ի նույն շրջանի համեմատ

2014-ի առաջին եռամսյակում ՀՀ-ից մեկնողների թիվը նվազել է 5,3 հազարով 2013-ի նույն շրջանի համեմատ

PanARMENIAN.Net - 2014 թ. առաջին եռամսյակում բացասական միգրացիոն սալդոն Հայաստանում կազմել է 31,8 հազար մարդ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 37,1 հազարի դիմաց, հայտնել է Պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը: «Բացասական սալդոն նվազել է 5,3 հազարով, սակայն նման կարճ ժամանակահատվածի համար պատճառներ նշելը բարդ կլինի»,-ասել է Եգանյանը «Օրինական միգրացիա» և «Միգրացիան ու զարգացումը» թեմայով աշխատաժողովի ժամանակ:

Ըստ նրա, որոշակի ազդեցություն այդ գործընթացների վրա ունեցավ նաև Ռուսաստանի միգրացիոն քաղաքականության խստացումը:

«Ըստ փորձագիտական գնահատականների, զգալիորեն կրճատվել է հայ աշխատանքային միգրանտների հոսքը Ռուսաստան, քանի որ մենք 40 հազար անձանց ցուցակ ենք ստացել, ում համար մուտքը Ռուսաստան արգելված է: Հնարավոր է, հետագայում այդ ցուցակը ընդլայնվի: Բնականաբար, դա կազդի ՌԴ-ից դրամական փոխանցումների ծավալի վրա»,-ասել է Եգանյանը:

Իր հերթին Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի (ICMPD) ներկայացուցիչ Ալեքսանդր Մալեևը նշեց, որ 2014 թվականին աշխատանքային միգրացիան կաճի հատկապես բալկանյան ու ԱՊՀ երկրներում:

«Միգրացիայի պատճառներն ամբողջ աշխարհում նույնն են. ցածր աշխատավարձ, կարիերային աճի սահմանափակ հնարավորություններ, աղքատություն, աշխատանքի բացակայություն, սոցիալական ապահովության ցածր մակարդակ»,-ասել է նա, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը:

Երկօրյա աշխատանքային կոնֆերանսին մասնակցում են փորձագետներ Հայաստանից, Բելառուսից, Ղրղզստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Հունգարիայից: Խորհրդաժողովի բացմանը ներկա է եղել Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան:

2014 թվականի սկզբին Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը տվյալներ հրապարակեց Հայաստան ժամանած և Հայաստանից մեկնած անձանց մասին: Ըստ ծառայության, 2013 թվականին Հայաստան է ժամանել 1 մլն 452 հազար 85 ՀՀ քաղաքացի, մեկնել է 1 մլն 494 հազար 86 մարդ: Համապատասխանաբար, բացասական սալդոն կազմել է 42 հազար 1 մարդ: Այդ ցուցանիշը 7 հազար 659-ով պակաս է 2012 թվականի նույն ցուցանիշից:

Ըստ ծառայության, 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում մշտապես բնակվող անձանց քանակը կազմել է 3 մլն 17 հազար 400 մարդ՝ 9 հազար 500 պակաս 2013 թ. հունվարի 1-ի ցուցանիշից, երբ Հայաստանում մշտապես բնակվել է 3 մլն 26 հազար 900 մարդ:

2013 թվականին Հայաստանում ծնվել է 41 հազար 770 երեխա, ինչը պակաս է 2012 թվականի ցուցանիշից 1,7 տոկոսով: Մահացել է 27 հազար 165 մարդ, ինչը պակաս է անցյալ տարվա ցուցանիշից 1,6 տոկոսով: Այդպիսով, բնական աճը 2013-ին կազմել է 14 հազար 605:

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2013-ի դեկտմբերի 31-ի դրությամբ Հայաստանը լքած ՀՀ քաղաքացիների թիվը` 42 հազար 1 մարդ:

Առաջին հայացքից ոչ այնքան դրական թվացող այս թիվն իրականում վկայում է, որ անցած տարվա հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստան է վերադարձել 80 հազար 190 Հայաստանի քաղաքացի, քանի որ նույն վիճակագրական ծառայության տվյալներով` 2013-ի հունվար-սեպտեմբերին երկրից դուրս եկած ու չվերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը 122 հազար 191 էր: Կարելի է ենթադրել, որ այդ 80 հազար 190 ՀՀ քաղաքացիները, այն տղամարդիկ (արդեն նաև կանայք) են, որոնք ժամանակավոր աշխատանքի էին մեկնել այլ երկիր` հիմնականում Ռուսաստան, ու վերադարձել են Հայաստան` ընտանիքի հետ նոր տարին դիմավորելու: Նրանք, ըստ ամենայնի, կրկին մեկնելու են:

2013-ին էլ Հայաստանի մշտական բնակչության թիվը կրճատվել է` 3 մլն 26 հազարից դառնալով 3 մլն 17 հազար, մինչդեռ, դեռևս 2011-ի հոկտեմբերին, երբ անցկացվում էր Մարդահամար 2011-ը, երկրի առկա բնակչությունը 2,8 մլն էր: Այսպիսով, 2013-ն էլ համալրում է Միգրացիոն պետական ծառայության` սահմանահատումների բացասական սալդո արձանագրած տարիների ցանկը: Ու, ըստ այդմ` 2007-2013 թվականներին, այսինքն` վերջին 7 տարիներին Հայաստանից մեկնած ու չվերադարձածների թիվը հասել է 270 հազար 300 մարդու:

Վերջին մարդահամարն անցկացվել է 2011 թ. հոկտեմբերին: Նախապատրաստումն ու տվյալների ամփոփումը 5 տարի պահանջեց՝ 2009-2013 թթ.: Մարդահամարի համար ծախսվել է 2,5 մլրդ դրամ, որից կեսը տրամադրել էր ՀՀ կառավարությունը, իսկ երկրորդ կեսը՝ ՄԱԿ-ը, ՀԲ-ն ու մի շարք եվրոպական կազմակերպություններ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---