ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կայցելեն տարածաշրջան, ինչպես խոստացել էին

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կայցելեն տարածաշրջան, ինչպես խոստացել էին

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) մայիսի 16-ին կժամանեն Երևան: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Միջնորդներն այցի շրջանակում կլինեն նաև Բաքվում, և, որոշ տվյալներով, նաև Ստեփանակերտում:

Առաջիկայում տարածաշրջան այցելելու մտադրության մասին համանախագահները հայտնել էին մայիսի 11-ին հրադադարի ռեժիմի մասին Բիշքեկում համաձայնագրի ստորագրման 20-ամյակի կապակցությամբ արված հայտարարությունում: Հայտարարությունում մասնավորապես ասվում է.

«Համաձայնությունը վերջ դրեց պատերազմին, դադարեցրեց նախորդ տարիների բռնությունն ու հիմք ստեղծեց բանակցությունների համար, որոնք կողմերի համար ճանապարհ բացեցին դեպի խաղաղություն: Հրադադարի շնորհիվ մեծացավ հայերի ու ադրբեջանցիների նոր սերունդ, որը պատերազմ չի տեսել: Կողմերը պետք է անեն հնարավորը ապագա սերունդներին նման դառը փորձից պաշտպանելու համար»:

Միջնորդները նշում են, որ հրադադարը չհանգուցալուծեծ հակամարտությունն ու ի վիճակի չեղավ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում առաջընթաց ապահովել: Ըստ նրանց, վերջնական կարգավորման բացակայությունը շփման գծում բռնության աճի մշտական սպառնալիք է, որը նաև մոլորեցրել է որոշ մարդկանց, ում թվում է, թե ստատուս քվոն կարող է կայուն լինել ու անորոշ ժամկետ ունենալ:

Ըստ ԵԱՀԿ ՄԽ-ի, կողմերի ցանկությունը մեծ չէ օգտվելու հնարավորություններից, որոնք առկա են համանախագահ երկրների ջանքերի շնորհիվ, չկա նաև քաղաքական որոշումներ կայացնելու ցանկություն, որոնք անհրաժեշտ են խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթացի համար:

«Այդ հակամարտության հարցում մենք միասնական դիրքորոշման կողմնակիցներ ենք և նախկինի պես հավատարիմ ենք ՄԱԿ Կանոնադրության ու Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների հիման վրա սեղմ ժամկետում խաղաղ կարգավորման հասնելու նպատակով կողմերին աջակցելուն, մասնավորապես, այն հարցերում, որոնք վերաբերում են ուժի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդների հավասարությանն ու ինքնորոշմանը: Կարգավորումը պետք է ներառի այն տարրերը, որոնք համանախագահ երկրների նախագահները շարադրել են 2009-2013-ին հայտարարություններում, որոնք ներառում են Լեռնային Ղարաբաղի մերձակա տարածքների վերադարձը, միջանկյալ կարգավիճակը Լեռնային Ղարաբաղի համար, անվտանգության ու ինքնավարության երաշխիքներ, Հայաստանը Ղարաբաղի հետ կապող միջանցք, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշում ապագայում բնակչության պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեի միջոցով, վերադարձի իրավունք բոլոր փախստականների ու ներքին տեղահանված անձանց համար, անվտանգության միջազգային երաշխիքներ, այդ թվում նաև խաղաղապահ ուժեր:

Նոյեմբերին տեսանք ամենաբարձ մակարդակով երկխոսությունը վերսկսելու հեռանկարը: Կողմերին կոչ ենք անում կառուցողական, բարեխիղճ բանակցություններ անցկացնել, որոնք կավարտվեն խաղաղ համաձայնագրով այդ տարրերի հիման վրա տևական կարգավորման նպատակով: Նման կարգավորումը հնարավոր չի լինի առանց Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիների միջև վստահության ու փոխըմբնռման: Կոչ ենք անումակտիվացնել քաղաքացիների միջև երկխոսության ծրագրերը, ինչպես նաև վստահության հաստատմանն ուղղված գործողություններն ամրապնդելու համար խաղաղարար գործընթացը: Տարածաշրջանի բնակչությունն արժանի է ապրել խաղաղ ու անվտանգ, պատրաստ ենք օգնել այդ հարցում: Կողմերը պետք է խաղաղության հաստատման համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն: Երբ դա կարվի, նրանք կստանան ԵԱՀԿ ու միջազգային հանրության լիակատար աջակցությունը»,- ասվում է ԵԱՀԿ ՄԽ հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Հովիկ Աբրահամյանը նաև անդրադարձել է վերջին օրերին սահմանի լարված իրավիճակին
Հունիսի 28-ից հուլիսի 2-ը Բաքվում տեղի է ունենալու ԵԱՀԿ ԽՎ տարեկան նստաշրջանը
Օլանդի հայտարարությունը՝ ԵՄ ասոցացման շրջանակում Հայաստանին բացառիկ մոտեցում ցուցաբերելու մասին պատշաճ կերպով կլսվի ամենուր, ասել է Հրիստեան