ԵԽԽՎ գլխավոր քարտուղար. ԵԽ-ն չի խուսափում զգուշացնել Բաքվին մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ

ԵԽԽՎ գլխավոր քարտուղար. ԵԽ-ն չի խուսափում զգուշացնել Բաքվին մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ

PanARMENIAN.Net - «Վերջերս շատ են գրում Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի մասին, հրապարակողների թվում է նաև The Economist-ը, ինչպես նաև Բեռլինում գործող «Եվրոպական կայունության նախաձեռնություն» ոչ կառավարական կազմակերպությունը: Ուշադրության կենտրոնում է հայտնվել Ադրբեջանի վեցամսյա նախագահությունը Եվրոպայի խորհրդում, որը նա ստանձնել է Ավստրիայից հետո այբբենական կարգով: Երկիրը, որը արևմտյան մայրաքաղաքներում հայտնի է լրագրողների ճնշումներով ու ընդդիմության ակտիվիստների գործունեության կասեցմամբ, նախագահություն է ստանձնում կազմակերպությունում, որի նպատակը հենց մարդու իրավունքների, ժողովրդավարության ու օրենքի գերակայության պաշտպանությունն է: Միևնույն ժամանակ, ոմանք, հավանաբար, ենթադրում են, որ Եվրոպայի խորհուրդն ինչ-որ առումով կույր է այդ երկրում իրավունքների խախտումների լավ փաստագրված դեպքերի հանդեպ, սակայն, ես կտրականապես հերքում եմ այդ տեսակետը»,-գրել է ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Թորնբյորն Յագլանդը European Voice-ում՝ «Եվրոպայի խորհուրդը կույր չէ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման հարցում» հոդվածում:

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանն անդամակցել է ԵԽ-ին 2001 թվականին, այն հույսով, որ նրա անդամակցությունը կազմակերպությանը Հայաստանի հետ միասին կնպաստի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: «Ցավոք, այդ հույսերը չիրականացան: Ոչ մի պետություն, ոչ էլ ԵՄ-ն հրապարակավ կասկածի տակ չդրեցին Ադրբեջանի նախագահությունը, էլ չենք ասում ԵՄ-ին անդամակցելու հարցը: Դա չարեց նաև ԵԽԽՎ-ն: Այս հանգամանքներում եվրոպական քաղաքական առաջնորդներն ուզում են, որ մենք մեր օգնությունն առաջարկենք Ադրբեջանում փոփոխությունների հասնելու համար, այլ ոչ վերջինիս կազմակերպությունից հեռացնելու նպատակով»,-նշում է Յագլանդը:

Ըստ նրա, ԵԽ-ն ձեռնպահ չի մնում Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ զգուշացումներից: Միայն երեք շաբաթ առաջ ԵՄ մարդու իրավունքների գծով հանձնակատար Նիլ Մույժնիեկսը նորացրեց 2013 թ. իր նախորդ զեկույցը հավաքների ու կարծիքների արտահայտման ազատության մասին՝ խորը մտահոգություն հայտնելով լրագրողների հետապնդումների ու ձերբակալությունների վերաբերյալ: Անցյալ տարի ԵԽ Գերմանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Լեհաստանի, Ռումինիայի և Ուկրաինայի դեսպանների պատվիրակությունն այցելեց Բաքու ու եկավ այն եզրակացության, որ Ադրբեջանը դեռ պետք է զգալի առաջընթաց գրանցի ԵԽ չափանիշների իրագործման առումով: ԽՎ բանաձևում նաև լուրջ մտահոգություն հայտնվեց կալանավորների խոշտանգումների հնարավոր դեպքերի վերաբերյալ:

«Բաքվում Եվրատեսիլի անցկացումից 2 տարի անց Ադրբեջանը կրկին ուշադրության կենտրոնում կլինի առաջիկա վեց ամիսներին: Ես անկեղծորեն հավատում եմ, որ կառավարությունը կօգտվի այս հնարավորությունից ցույց տալու համար իր կամքը երկրում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը շտկելու ուղղությամբ: Ոչ թե հանուն Եվրոպայի խորհրդի, այլ հանուն Ադրբեջանի ժողովրդի»,-ասվում է ԵԽԽՎ գլխավոր քարտուղարի հոդվածում:

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը որոշում է կայացրել առաջիկա երկու տարիների ընթացքում Ադրբեջանում վեհաժողովի ոչ մի հանդիպում չանցկացնել: Պատճառն այն է, որ ադրբեջանական իշխանությունները վերջին պահին չեղյալ էին համարել մայիսի 22-23-ը Բաքվում ԵԽԽՎ Բյուրոյի ու Մշտական խորհրդի նիստներին մասնակցելու նպատակով ԵԽԽՎ փոխնախագահ, Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Ռենե Ռուքեին արդեն իսկ տրամադրված մուտքի վիզան:

Որոշումն ուժի մեջ կմտնի 2014 թվականի հունիսի 1-ին: Այն չի գործի միայն ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություններ իրականացնելու պարագայում:

ԵԽԽՎ-ն ընդգծել է, որ տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի արտոնությունների ու անձեռնմխելիությունների մասին գլխավոր համաձայնագրի և Փարիզի արձանագրությունների խախտում, որոնք ապահովում էին կառույցի անդամների անձեռնմխելիությունն ու ազատ տեղաշարժը: Նման արգելքը ԵԽԽՎ Բյուրոն կարող է հանել այն դեպքում, եթե ադրբեջանական իշխանությունները երաշխավորեն Ադրբեջանում գործարար վեհաժողովի համար ճամփորդություն իրականացնելու ժամանակ դրա անդամների տեղաշարժման ազատությունը:

2011-ի սեպտեմբերի 5-ին որոշում է ընդունվել, համաձայն որի ԵԽԽՎ-ի կոմիտեները 2 տարի հանդիպումներ չեն անցկացնի այն անդամ-երկրներում, որոնք չեն հարգում Վեհաժողովի անդամների` պաշտոնական այցերի ընթացքում ազատ տեղաշարժի մասին համաձայնագիրը:

Ռուքեն Լեռնային Ղարաբաղ այցելած ֆրանսիացի օրենսդիրներից է: Նա նաև ֆրանս-ղարաբաղյան բարեկամության խմբի անդամ է: ԼՂ այցից հետո Ադրբեջանը նրան persona non grata է հայտարարել:

2013-ի օգոստոսի 2-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հրապարակեց այն մարդկանց ցանկը, որոնք այցելել են Լեռնային Ղարաբաղ ու այսուհետ անցանկալի անձ են: Փաստաթղթուն ներառված է 225 ազգանուն, որոնց մեծ մասը Ռուսաստանի քաղաքացիներ են:Նրանց թվում են հայտնի դեմքեր, ինչպես, օրինակ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը, Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամներ Ֆրանսուա Ռոշբլուանը, Ժորժ Կոլոմբիեն, Վալերի Բուայեն, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոկսը, իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն և մի շարք այլ հայտնի մարդիկ:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---