Կառավարությունը կողմ է «Նաիրիտի» բաժնետոմսերի մի մասը «Որոտանին» հանձնելուն

Կառավարությունը կողմ է «Նաիրիտի» բաժնետոմսերի մի մասը «Որոտանին» հանձնելուն

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության հուլիսի 24-ի նիստում էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Լևոն Շահվերդյանը ներկայացրել է «Հայգազարդ» ՓԲԸ-ի սեփականությունը հանդիսացող «Նաիրիտ գործարանի» և «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի բաժնետոմսերի մի մասի պարտքի դիմաց «Որոտանի» ՀԷԿ-ին հանձնելու վերաբերյալ օրենքի նախագիծը:

Կառավարությունը հավանություն է տվել նախագծին, իսկ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է «երկու-երեք օր քննարկել այն»,- գրում է Panorama.am-ը:

«Հայգազարդ» ՓԲԸ-ի սեփականությունը հանդիսացող՝ 7320,8 մլն դրամ հաշվեկշռային արժեք ունեցող «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի 53,27 տոկոս և 983,4 մլն դրամ արժողությամբ «Նաիրիտ գործարան»-ի 3,5967 տոկոս՝ 8304,2 մլն դրամ ընդհանուր արժեքով բաժնետոմսերը ՀՀ կառավարության որոշմամբ կարող է օտարվել «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ին: Որոշման նախագիծն ընդգրկված էր գործադիրի հուլիսի 24-ի նիստի օրակարգում:

Թեև Կառավարության որոշումը դեռ չի ընդունվել, դրա հասցեին արդեն իսկ քննադատական ելույթներ են հնչում:

Կառավարության հիմնավորման համաձայն` «Որոտանը» դրա դիմաց մարված է համարելու «Հայգազարդ» ընկերության առկա պարտավորությունները՝ ձեռք բերվող ակտիվների պայմանագրային գնի գումարի չափով:

Նույն որոշմամբ, ՀՀ ֆինանսների նախարարության հանդեպ «Հայգազարդ»-ի բյուջետային վարկերը և այլ պարտավորությունները կմարվեն ընկերության մի շարք ակտիվներ` ՊՆ-ի հանդեպ դեբիտորական պարտքի պահանջի իրավունքը, Տեղ-Ստեփանակերտ գազատարը և «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի 46,73 տոկոս բաժնեմասը ՀՀ կառավարությանը փոխանցելու եղանակով:

Այսպիսով, «Նաիրիտ 2»-ի 46,73 տոկոս բաժնեմասը և Տեղ-Ստեփանակերտ գազատարն այս որոշմամբ նախատեսվում է հանձնման-ընդունման ակտով հանձնել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը և որպես ՀՀ սեփականություն գրանցելուց հետո` ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել էներգետիկայի և բնական պաշարների նախարարին:

«Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի արտադրության մենաշնորհ ուներ: 2006-ին ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը 40 մլն դոլարով վաճառվել էր Rhinoville Property Limited բրիտանական կոնսորցիումին, բաժնետոմսերի մնացած 10 տոկոսը Հայաստանի կառավարությանն է: 2010-ի ապրիլից արտադրությունը գործարանում դադարեցվել է:

Հայաստանի կառավարությունը, «Որոտան hիդրոէլեկտրակայանների hամալիր» ՓԲԸ-ն ու ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ hոլդինգ քամփնի» ընկերությունները հունվարի 29-ին գույքի 180 մլն դոլար արժողությամբ առուվաճառքի պայմանագիր էին ստորագրել: Ըստ գործարքի, առաջիկա 6 տարվա ընթացքում Որոտանի երեք ՀԷԿ-երն արդիականացնելու ու վերանորոգելու համար պետք է ներդրվի մոտ 70 մլն դոլար: Կապիտալ ներդրումների և ծախսերի ծրագիրը պետք է ներկայացվի, քննարկվի և համաձայնեցվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---