Արցախյան ազատամարտի մոտ 400 վետերան պատրաստ է մեկնել սահման

Արցախյան ազատամարտի մոտ 400 վետերան պատրաստ է մեկնել սահման

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազատամարտի վետերանների միությունը պատրաստ է կամավորական խմբերով մեկնել սահման՝ հերթապահություն իրականացնելու:

Այդ մասին ասվում է միության տարածած հայտարարությունում, որտեղ նշվում է․ «Նկատի ունենալով վերջին շրջանում ՀՀ սահմանին ու ԼՂՀ շփման գոտում հակառակորդի կողմից իրականացվող ոտնձգությունների ակտիվացումը, ՀՀ և ԼՂՀ սահմանամերձ շրջաների անվտանգության ապահովման նպատակով ԱՎՄ իր պատրաստակամությունն է հայտնում կամավորական հիմունքներով` 350-400 ազատամարտիկով, ՀՀ Տավուշի մարզում երթ կազմակերպել ու հերթապահություն իրականացնել»:

Թույլտվություն ստանալու համար միությունը դիմել է Հայաստանի պաշտպանության նախարարություն:

Օգոստոսի 3-ին Բերձորից ավելի քան 100-հոգանոց կամավորների խումբ արդեն մեկնել է Արցախի դիրքեր: Խմբի ղեկավարը տեղեկացրել է, որ անհրաժեշտության դեպքում կմասնակցեն մարտական գործողություններին: Մեկնելուց առաջ նրանք ապահովվել են զինվորական համազգեստով և սնունդով:

Նույն օրն Արցախյան պատերազմի նախկին հրամանատարներ, ազատամարտիկներ էին հավաքվել նաև Մարտակերտի շրջվարչակազմի շենքի դիմաց։ Բաժանվելով խմբերի, նրանք նույնպես մեկնել են դիրքեր՝ առաջնագծում իրենց փորձով ու խորհուրդներով օգտակար կիսվելու դիրքապահների հետ:

Հուլիսի 28-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում դիվերսիայի 5-ից ավելի փորձ է ձեռնարկել, որոնցից յուրաքանչյուրում ստանալով հակահարված` բազմաթիվ կորուստներով հետ է շպրտվել իր ելման դիրքերը: Ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, հուլիսի 28-ին Մարտակերտի ուղղությամբ Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատայինները տվել են 2 զոհ և վիրավորներ, նույն օրը` Մարտունու ուղղությամբ, դիվերսիայի անհաջող փորձն ավարտվել է հակառակորդի 1 զոհով ու վիրավորներով, հուլիսի 31-ին` Գյուլիստանի ուղղությամբ գործող հայկական ուժերը շարքից հանել են 2 ադրբեջանցու, օգոստոսի լույս 2-ի գիշերը կանխարգելիչ գործողության արդյունքում հակառակորդը տվել է 9 զոհ և 7 վիրավոր: Ինքնուրույն փախուստի են դիմել 10-ից 3-ը։

Օգոստոսի լույս 2-ի գիշերն արդեն Մարտակերտի ուղղությամբ դիվերսիայի փորձ կատարող մոտ 50 հոգանոց հատուկ նշանակության ստորաբաժանումը հետ է շպրտվել իր ելման դիրքերը` տալով 6 զոհ և 7 վիրավոր․ նույն օրը` Մարտունու ուղղությամբ կլանխարգելիչ գործողության արդյունքում ՊԲ անձնակազմը շարքից հանել է 3 ադրբեջանցի զինծառայող, 4-ին` վիրավորել։ Օգոստոսի 2-ին Ասկերանի ուղղությամբ ձեռնարկած դիվերսիոն գործողության արդյունքում Ադրբեջանը տվել է 1 զոհ և վիրավորներ ու հետ շպրտվել:

Ընդհանուր առմամբ ադրբեջանական բանակը հուլիսի 28-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում տվել է առնվազն 25 զոհ և 30-ից ավելի վիրավորներ:

Նույն ժամանակահատվածում Արցախի պաշտպանության բանակի կորուստների թիվը կազմել է 5 զոհ ու 7 վիրավոր:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---