Այգեպարում հակառակորդի կրակոցից հրդեհված տների բնակիչները բնակարան են ստացել

Այգեպարում հակառակորդի կրակոցից հրդեհված տների բնակիչները բնակարան են ստացել

PanARMENIAN.Net - Տավուշի Այգեպար գյուղի երկու ընտանիք, որոնց տներն օգոստոսի լույս 10-ի գիշերն ամբողջությամբ այրվել էին հակառակորդի գնդակոծության հետևանքով, արդեն իրենց բնակարանն ունեն, ասել է գյուղապետ Անդրանիկ Այդինյանը: «Նրանց երեք սենյականոց բնակարան է հատկացվել Այգեպարի բազմաբնակարան շենքում: Դա նրանց սեփականությունն է լինելու»,- նշել է գյուղապետը, գրում է Panorama.am-ը:

Ավելի վաղ Կառավարությունից տեղեկացրել էին, որ Տավուշի մարզպետարանն ուսումնասիրում է Այգեպարի բնակիչների կրած վնասի չափը, որը պարզելուց հետո անտուն մնացած բնակիչների խնդիրը կլուծվի:

Օգոստոսի լույս 10-ի դիշերն արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգել էին, որ հրդեհ է բռնկվել Այգեպարի տներից մեկում: Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ, որը ճանապարհի վտանգավոր լինելու պատճառով դեպքի վայրից մոտ 600 մ հեռավորությամբ դադարեցրել էր ընթացքն ու հերթապահություն իրականացրել:

Ավելի ուշ պարզվել էր, որ այրվում են 130 քմ մակերեսով Ա. Վ.-ին և 120 քմ մակերեսով Ա. Գ.-ին պատկանող տները: Հրդեհն ինքնամարվել էր, տներն ամբողջությամբ այրվել են:

Գյուղապետի խոսքով, տները հրդեհվել էին հակառակորդի կրակոցից, ամբողջ գյուղով փորձել էին մարել կրակը, բայց չէր ստացվել։

Օգոստոսի 7-8-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել էր Տավուշի սահմանամերձ գյուղեր, ինչով պայմանավորված, ըստ Այգեպարի բնակիչների, ադրբեջանական կողմը սաստկացրել էր գնդակոծությունը:

Երեկոյան ադրբեջանցիները թիրախավորել էին դիրքերից մեկի մոտ կայանված մեքենան։ Տերը չէր տուժել, բայց կրակոցներից հրդեհվել էր տարածքի խոտն ու ի վերջո հրդեհը հասել մեքենային, որը պայթել էր։

Օգոստոսի 7-ին նախարար Օհանյանն այցելել էր առաջնագիծ, ապա եղել մի շարք գյուղերում։ Սեյրան Օհանյանը հանդիպել էր գյուղացիներին, լսել վերջիններիս հոգսերն ու խնդիրները: Հրամանատարները պաշտպանական գերատեսչության ղեկավարին զեկուցել էին սահմանին տիրող վիճակի, լարվածության, ինչպես նաև՝ հակառակորդի պահվածքի մասին: Նախարարի այցն ավարտվել է օգոստոսի 8-ի երեկոյան։

Հուլիսի վերջից հակառակորդի բոլոր գործողություններն աննախադեպ են 90-ականներից այս կողմ։ Կառավարության օգոստոսի 7-ի նիստին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցել է, որ վերջին օրերին հայկական ստորաբաժանումները կանխել են 20-ից ավելի դիվերսիա։ Նրա խոսքով, այս ամենի նպատակն է ազդել բանակցային գործընթացի վրա, ինչպես նաև ներքին լսարանի մոտ վերացնել պարտվածի հոգեբանությունը։ 2014-ի ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 18․000 անգամ, այնինչ 2013-ի ընթացքում այդ թիվը կազմել է 13․000:

Այս տարվա ընթացքում հակառակորդը 26 դիվերսիոն հետախուզական գործողության փորձ է ձեռնարկել, որից միայն 15-ը՝ հուլիսից 25-ից՝ օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում: Հակառակորդը ռազմական բնույթի աննախադեպ գործողությունների է դիմում, այդ թվում՝ հրադադարի ինտենսիվ խախտումների և խաղաղ բնակավայրերի ռմբակոծությունների, դիվերսիոն հետախուզական ակտիվ գործողությունների, ինչպես նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ու թիկունքում զորքերի տեղաշարժերի, տեղեկատվական և քարոզչական ակտիվ աշխատանքներ տանում։

Հակառակորդն օգտագործում է այնպիսի մեծ զինատեսակներ, ինչպիսիք են ձեռքի հակատանկային և հաստոցային ավտոմատ նռնականետեր, 23 միլիմետրանոց զենիթային կայանքներ, 82 միլիմետրանոց ականանետեր:

Ադրբեջանական կողմն այլ գործողությունների էլ է դիմում` մտցվել են զորանոցային վիճակներ, արձանագրվել է զինտեխնիկայի տեղաշարժ, իրականացվում է ավիացիայի և ուղաթիռների ակտիվություն, ակտիվացել են հակառակորդի անօդաչու սարքերը, տարվում է ակտիվ տեղեկատվական քարոզչություն:

Օգոստոսի 10-ին Սոչիում կայացել էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը։ Նախագահները հաստատել են ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությունը: Իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել է, որ հիմնախնդիրը պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները:

Օգոստոսի լույս 12-ի գիշերն ու առավոտյան վերջին օրերի համեմատ թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, թե հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի անկում է նկատվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---