Սաղաթելյան. Հայաստանն ավելի շատ մարդասիրական օգնություն կտրամադրի Իրաքի եզդիներին

Սաղաթելյան. Հայաստանն ավելի շատ մարդասիրական օգնություն կտրամադրի Իրաքի եզդիներին

PanARMENIAN.Net - Հայաստանը խորապես անհանգստացած է Իրաքի հյուսիսում եզդի բնակչության հանդեպ շարունակվող զանգվածային բռնությունների և դրա հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի փաստով: ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը հայտարարություն է տարածել` նշելով, որ որևէ ազգային և կրոնական փոքրամասնության և, մասնավորապես, Իրաքի եզդիների հանդեպ բռնության կիրառումը բացարձակապես անընդունելի է, և միջազգային հանրությունը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի դրանք ժամ առաջ դադարեցնելու, տուժածներին աջակցություն ցուցաբե¬րելու, մարդասիրական օգնություն տրամադրելու համար:

Հայաստանի եզդիներն օգոստոսի 14-ին բողոքի ցույց էին կազմակերպել կառավարության, ՄԱԿ-ի գրասենյակի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանատների առջև: Նրանք բողոքում էին Իրաքում եզդիների կոտորածի դեմ և պահանջում հումանիտար օգնություն ցուցաբերել տուժածներին: Ցուցարարները պարզել էին պաստառներ` «Վերջ եզդիների ցեղասպանությանը» գրությամբ և բացականչում էին «Մենք եզդի ենք», «Կեցցե Շենգալը»:

ՀՀ նախագահի կողմից հանձնարարականներ են տրվել արտգործնախարարությանը և դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին՝ միջազգային ասպարեզում խնդրին պատշաճ մակարդակով հետամուտ լինելու իրենց ջանքերը կրկնապատկելու համար:

Նախագահ Սարգսյանը օգոստոսի 18-ին վարչապետի հետ քննարկել է նաև Հայաստանի կողմից տրամադրվող մարդասիրական օգնության՝ նախապես ծրագրված ծավալներն ավելացնելու հարցը, ինչին ՀՀ կառավարությունը լուծում կտա առաջիկա օրերի ընթացքում:

«Խնդիրը շարունակելու է մնալ պաշտոնական Երևանի ուշադրության կենտրոնում, և Հայաստանի Հանրապետությունն իր ուժերի չափով հետևողականորեն սատարելու է փորձության մեջ հայտնված բարեկամ եզդի ժողովրդին»,- նշված է հայտարարության մեջ:

«Իսլամական պետություն» խմբավորումը, որը մինչև վերջերս կոչվում էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS), իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են: Կազմակերպության ստեղծմանը մասնակցել է «Ալ Քայիդան» և նրա հետ կապված «Շուրա մոջահեդների խորհուրդը»: Գլխավոր նպատական է օկուպանտների և նրանց դաշնակիցների արտաքսումը և իսլամական շարիաթական պետության ստեղծումը Իրաքի սունիների գավառներում: 2010 թվականի մարտին ավիահարվածի արդյունքում ոչնչացվեցին խմբավորման երկու առաջնորդները՝ Աբու Օմար ալ Բաղդադին և եգիպտացի Աբու Այուբ ալ Մասրին: Նոր առաջնորդ դարձավ մարոկացի Ան Նասեր Լիդինիլ Աբու Սուլեյմանը:

Օգոստոսի 8-ին ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունել է եզդիական համայնքային կառույցների ներկայացուցիչներին։ Հայաստանի եզդիների ներկայացուցիչները նախարարի տեղակալին ներկայացրել են իրենց մտահոգությունները` կապված Իրաքում իսլամիստ ծայրահեղականների հետապնդումների արդյունքում տասնյակ հազարավոր եզդիների վիճակի և ստեղծված հումանիտար ճգնաժամի հետ։

Նախարարի տեղակալը, ընդգծելով, որ Հայաստանի իշխանությունները կիսում են եզդիական համայնքի մտահոգությունները, նշել է, որ միջազգային տարբեր ատյաններում Հայաստանը շարունակելու է բարձրաձայնել և Իրաքում, և, ընդհանրապես, Մերձավոր Արևելքում կրոնական և ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացվող բռնությունները վերջ դնելու անհրաժեշտության մասին և այդ նպատակով օգտագործելու է իր բոլոր հնարավորությունները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---