Մարզահամերգային համալիրը պարտքի դիմաց հանձնվեց պաշտպանության նախարարությանը

Մարզահամերգային համալիրը պարտքի դիմաց հանձնվեց պաշտպանության նախարարությանը

PanARMENIAN.Net - Կառավարության որոշմամբ` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կհանձնվի պաշտպանության նախարարությանը՝ գույք պարտքի դիմաց Կառավարության միջոցառումների շրջանակում: Որոշման նախագիծը օգոստոսի 21-ին Կառավարության նիստին ներկայացրել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: Վերջինս նշել է, որ այս առաջարկը եղել է ԴԱՀԿ-ի կողմից:

«Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի կառավարության նկատմամբ վարկային պարտքի, ինչպես նաև` մի շարք այլ պարտքերի դիմաց ԴԱՀԿ-ի կողմից առաջարկվել է, որպեսզի այդ պարտքի դիմաց ֆինանսների նախարարության կողմից գույքն ընդունվի, գրանցվի սեփականության իրավունքը և փոխանցվի պաշտպանության նախարարության հաշվեկշռին»,- ասել է նա, գրում է Tert.am-ը:

Պավել Սաֆարյանը տեղեկացրել է, որ որոշման նախագծով վարկային պարտքը կազմում է 10 մլրդ 207 մլն, սակայն դրանից բացի առկա են նաև այլ պարտքեր՝ 204 մլն դրամ պետական տուրք: Այսինքն ընդհանուր առմամբ պարտքը կազմում է ավելի քան 10 մլրդ 400 մլն դրամ:Որոշման համաձայն մարզահամերգային համալիրն օգտագործվելու է նպատակային նշանակությամբ:

Հուլիսի 29-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մամուլի պատասխանատու Լիլիա Ադունցն ահազանգել էր, թե ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն (ԴԱՀԿ) ապօրինի գործողություններ է իրականացվում համալիրում: «ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները ներխուժել են Մարզահամերգային համալիր և, առանց հիմնավորումների, աշխատակիցներին շենքից դուրս են հրավիրում»,- նշել էր նա:

Արդեն հուլիսի 30-ին, ԴԱՀԿ-ն դեպքի ահազանգի վերաբերյալ պարզաբանում է տարածել, որում նշում է, թե ԴԱՀԿ ապահովող ծառայությունը որոշում է կայացվել վտարելու ՓԲԸ-ն, ինչպես նաև այն անձանց, որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով՝ մարզահամալիրից։

Որոշման հիմք է հանդիսացել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 64.1 հոդվածը (այն է՝ «Վտարման վերաբերյալ կատարողական թերթի կատարման մասին» հոդվածը, որի առաջին կետով սահմանվում է «վտարումը կատարողական թերթում նշված շենքը վտարվողից (վտարվողներից) և նրա (նրանց) գույքից ազատել ու ազատված շենքից օգտվելն արգելել»):

Մայիսի 19-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հանվել էր աճուրդի: Ըստ ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, համալիրը գրավի առարկա է։ Ներկայումս պարտքը կազմում է 10 մլրդ 200 մլն դրամ:

Աճուրդի հայտարարման առաջին իսկ օրվանից ընկերությունը հայտարարում էր դրա անօրինական լինելու մասին, սակայն այն չէր դադարեցվում։ Չկայացած յուրաքանչյուր աճուրդից հետո Համալիրի գինը նվազում է 10%-ով։

Մարզահամերգային համալիրի տնօրինությունը սկզբից էլ վստահ էր, որ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը մամուլի միջոցով փորձում է իր անօրինական գործողությունները հասարակությանը ներկայացնել որպես իրավաչափ` ցանկանալով իրավական հարթությունից հարցը տեղափոխել այլ հարթություն: Ըստ մարզահամալիրի տնօրինության, այս փուլում նման գործելաոճն անընդունելի է, քանի որ «սպառված չենք համարում իրավական ճանապարհով պայքարելու դատարանի և ԴԱՀԿ-ի անօրինական որոշումների դեմ: Փաստացի բյուջետային վարկ որպես այդպիսին Մարզահամերգային համալիրը չի ստացել, բայց համաձայնել է այլ պարտավորությունները վերաձևակերպելու պայմանին և պատասխանատվությամբ է վերաբերվում ներկայացված պահանջին»:

Կարեն Դեմիրճյանի անվան համալիրը Երևանի ամենամեծ մարզահամերգային համալիրն է։ Գտնվում է Ծիծեռնակաբերդի բլրի վրա՝ մայրաքաղաքի արևմտյան մասում՝ Հրազդան գետի մոտ։ Այն բաղկացած է 2 մեծ սրահից՝ սպորտային և համերգային։ Մարզահամերգային առաջին դահլիճը՝ մարզադահլիճը, շահագործման է հանձնվել դեռևս 1983-ին, իսկ երկրորդը՝ 1984-ի հոկտեմբերի 13-ին։ Համալիրը 2005-ի օգոստոսին 5.700.000 դոլարով մասնավորեցվել է ԲԱՄՕ ընկերությանը: ՀՀ կառավարության 2009-ի հոկտեմբերի 26-ի որոշմամբ` 2005-ի սեպտեմբերից մինչև 2008-ի սեպտեմբեր ԲԱՄՕ-ն Համալիրում ներդրել է 4 միլիարդ 275 միլիոն դրամ, որն այն ժամանակվա փոխարժեքով կազմել է մոտ 14 միլիոն դոլար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---