Գործադիրը տեղահանված եզդիներին 100.000 դոլարի օգնություն կտրամադրի. Մոտ 200 ընտանիք կվերաբնակեցվի Արցախում

Գործադիրը տեղահանված եզդիներին 100.000 դոլարի օգնություն կտրամադրի. Մոտ 200 ընտանիք կվերաբնակեցվի Արցախում

PanARMENIAN.Net - Իրաքի ներքաղաքական բախումների հետևանքով տուժած և իրենց բնակավայրերից տեղահանված եզդիներին օգնություն տրամադրելու համար օգոստոսի 21-ի նիստում գործադիրը հատկացրել է 100.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Օգնության տրամադրումն իրականացվելու է ՄԱԿ-ի փախստականների հարցերի բարձրագույն հանձնակատարի գրասենյակի միջոցով:

Ինչպես նշել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ՀՀ նախագահը հանձնարարել է ավելի վաղ նախատեսված 50.000 դոլարի օգնությունը կրկնապատկել:

«Հայաստանի իշխանություններն այս դժվարին պահին բարեկամ եզդի ժողովրդին սատարելու համար քայլեր է իրականացնում երկու ուղղությամբ»,- ասել է Քոչարյանը:

Բացի դրամական աջակցությունից, նախագահի կողմից հանձնարարականներ են տրվել արտգործնախարարությանը և դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին՝ կրկնապատկել միջազգային ասպարեզում խնդրին պատշաճ մակարդակով հետամուտ լինելու ջանքերը, գրում է Panorama.am-ը:

Օգոստոսի 18-ին ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը հայտարարություն է տարածել` նշելով, որ որևէ ազգային և կրոնական փոքրամասնության և, մասնավորապես, Իրաքի եզդիների հանդեպ բռնության կիրառումը բացարձակապես անընդունելի է, և միջազգային հանրությունը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի դրանք ժամ առաջ դադարեցնելու, տուժածներին աջակցություն ցուցաբե¬րելու, մարդասիրական օգնություն տրամադրելու համար:

Նա նշել է, որ նախագահի կողմից հանձնարարականներ են տրվել արտգործնախարարությանը և դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին՝ միջազգային ասպարեզում խնդրին պատշաճ մակարդակով հետամուտ լինելու իրենց ջանքերը կրկնապատկելու համար: Նախագահ Սարգսյանը օգոստոսի 18-ին վարչապետի հետ քննարկել է նաև Հայաստանի կողմից տրամադրվող մարդասիրական օգնության՝ նախապես ծրագրված ծավալներն ավելացնելու հարցը, ինչին ՀՀ կառավարությունը լուծում կտա առաջիկա օրերի ընթացքում:

«Խնդիրը շարունակելու է մնալ պաշտոնական Երևանի ուշադրության կենտրոնում, և Հայաստանի Հանրապետությունն իր ուժերի չափով հետևողականորեն սատարելու է փորձության մեջ հայտնված բարեկամ եզդի ժողովրդին»,- նշված է հայտարարության մեջ:

Միաժամանակ Աշխարհի և Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը հայտարարել է, որ պատրաստվում են Իրաքի հյուսիսային հատվածում բնակվող եզդիների մոտ200 ընտանիքի վերաբնակեցնել Արցախում:

«Ղարաբաղի ղեկավարությունը համաձայնությունը տվել է, ասել են, որ կաջակցեն այդ ընտանիքներին»,-ասել է նա:

Նա հավելել է, որ Հայաստանի եզդիաբնակ տարբեր գյուղերում դրամահավաք է անցկացվում, գումարները կփոխանցվեն հատուկ հաշվեհամարի, որով էլ կկազմակերպեն այդ ընտանիքների տեղափոխումը, գրում է Tert.am-ը:

«Իսլամական պետություն» խմբավորումը, որը մինչև վերջերս կոչվում էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS), իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են: Կազմակերպության ստեղծմանը մասնակցել է «Ալ Քայիդան» և նրա հետ կապված «Շուրա մոջահեդների խորհուրդը»: Գլխավոր նպատական է օկուպանտների և նրանց դաշնակիցների արտաքսումը և իսլամական շարիաթական պետության ստեղծումը Իրաքի սունիների գավառներում: 2010 թվականի մարտին ավիահարվածի արդյունքում ոչնչացվեցին խմբավորման երկու առաջնորդները՝ Աբու Օմար ալ Բաղդադին և եգիպտացի Աբու Այուբ ալ Մասրին: Նոր առաջնորդ դարձավ մարոկացի Ան Նասեր Լիդինիլ Աբու Սուլեյմանը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---