Ռաուլ Հաջիմբան հաղթել է Աբխազիայի նախագահական ընտրություններում. Նրա մրցակիցներն ընդունել են պարտությունը

Ռաուլ Հաջիմբան հաղթել է Աբխազիայի նախագահական ընտրություններում. Նրա մրցակիցներն ընդունել են պարտությունը

PanARMENIAN.Net - Ընդդիմության առաջնորդ Ռաուլ Հաջիմբան հայտարարել է ինքնահռչակ հանրապետության արտահերթ նախագահական ընտրություններում տարած իր հաղթանակի մասին: Նրա գլխավոր մրցակից Ասլան Բժանիի նախընտրական շտաբում հաստատել են այս արդյունքը:

Ինչպես հայտարարել է Աբխազիայի ԿԸՀ ղեկավար Բատալ Տաբագուան, «օգոստոսի 24-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ձայների առավելագույն քանակ է ապահովել Ռաուլ Հաջիմբան` 50.494 ձայն, ինչը կազմում է ընդհանուր ձայների 50,57%-ը»,- հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Աբխազիայի օրենսդրության համաձայն, ընտրությունների առաջին փուլում հաղթող է ճանաչվում այն թեկնածուն, ով հավաքել է ձայների 50%+ 1 ձայն: Այսպիսով Հաջիմբան դարձավ Վրաստանից առանձնացած պետության ղեկավար:

Հաջիմբայի գլխավոր մրցակից` Աբխազիայի անվտանգության ծառայության ղեկավար Ասլան Բժանիյան հավաքել է ձայների 35,91%-ը:Մյուս երկու թեկնածուները` պաշտպանության նախարարի պաշտոնակատար Միրաբ Քիշմարիյան և ՆԳՆ նախկին ղեկավար Լեոնիդ Դզապշբան հավաքել են ընտրողների ձայների համապատասխանաբար 6,4% և 3,4%-ը:

Արտահերթ նախագահական ընտրություններին հետևել է 24 երկրից մոտ 100 միջազգային դիտորդ, այդ թվում` Ռուսաստանից, Իտալիայից, Բելգիայից, Լյուքսեմբուրգից, Մեծ Բրիտանիայից, Սան Մարինոյից, Ուկրաինայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Ֆինլանդիայից, Հնդկաստանից, Բրազիլիայից, Չեխիայից, Բուլղարիայից, Լիտվայից, Հայաստանից, Ճապոնիայից, Նաուրույից, Հարավային Օսեթիայից, Լեռնային Ղարաբաղից, ինքնահռչակ «Դոնեցկի ժողովրդական հանրապետությունից»:

Ընտրություններում քվորումը կազմել է 70%:

Interfax-ի փոխանցմամբ, ԵՄ-ն ու Վրաստանը նախօրոք հայտարարել էին, որ չեն ճանաչում ընտրության արդյունքները:

Աբխազիան Վրաստանից անկախության մասին հայտարարել է 2008-ի ռուս-վրացական պատերազմից հետո: Անկախ Աբխազիան չի ճանաչվել աշխարհի պետությունների մեծ մասի կողմից: Անցած 6 տարում Աբխազիայի պետականությունն ընդունել են միայն Ռուսաստանը, Նիկարագուան և Վենեսուելան:

Աբխազիայում արտահերթ նախագահական ընտրություն նշանակվեց խորհրդարանի կողմից մայիսի վերջին հանրապետությունում ծագած քաղաքական ճգնաժամի արդյունքում, ինչի հետևանքով 2011-ին նախագահ ընտրված երկրի ՆԳՆ նախկին ղեկավար Ալքեսանդր Անկվաբը ստիպված էր հրաժարական տալ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---