6  23.09.14 - Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչի մամուլի ասուլիսը

Լուծումներն ու մոտեցումները տարբեր են. Դեսպանը` շոտլանդացիների ու արցախցիների ինքնորոշման իրավունքի մասին

Լուծումներն ու մոտեցումները տարբեր են. Դեսպանը` շոտլանդացիների ու արցախցիների ինքնորոշման իրավունքի մասին

PanARMENIAN.Net - Շուտլանդիայի անկախության հանրաքվեից ընդհանուր դասեր քաղելը, յուրաքանչյուր դեպքի պարագայում տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքները համատեղելը բարդ է: Այս մասին սեպտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով հարցին` ինչ արձագանք կունենա Շոտլանդիայի հանրաքվեն որպես քաղաքակիրթ լուծում թե՛ եվրոպական, թե՛ հետսովետական տարածաշրջանի այն երկրների համար, որտեղ ազգերի ինքնորոշման խնդիր կա, այդ թվում՝ նաև ԼՂ-ի համար, հայտարարել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին Ջեյն Լիչը` նշելով, որ սկզբունքները, այսպես թե այնպես, հակասության մեջ են, բայց յուրաքանչյուր դեպքի համար պետք է լուծում գտնել։

«Որոշ դեպքերում այն շատ պարզ է ընկալվում, բայց որոշ տեղերում, որտեղ կրոնական ու էթնիկական հարցեր կան, արդեն ավելի բարդ է»,-նշել է նա։

Պատասխանելով հարցին, թե ԼՂ հարցի առնչությամբ կոնկրետ դեսպանն ինչ դիրքորոշում ունի Ադրբեջանի նման հակառակորդ ունեցող երկրի համար, դեսպանը մեջբերել է.

«Չգիտեմ Չերչիլն է ասել, թե ոչ, բայց նման արտահայտություն կա, որ խաղաղություն են փնտրում ոչ թե ընկերների, այլ՝ թշնամիների հետ։ Իմ կարծիքով՝ շատ կարևոր է ժողովուրդներին պատրաստել այդ խաղաղությանը, ինչը, այո, ներառում է խոսակցություն շատ ցավոտ փոխզիջումների մասին, բայց դրանից խուսափել հնարավոր չէ»:

Ըստ դեսպանի՝առանցքային է, որ քաղաքական համաձայնություն լինի արդյունքներն ընդունելու համար, ինչպիսին Շոտլանդիայի դեպքում էր.

«Ես մեր փորձից օրինակ բերեմ, թե ինչպես ենք աշխատել Շոտլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի պարագայում։ Շոտլանդիայի դեպքում մեզ մոտ ստացվեց, որովհետև ներգրավված կողմերից բոլորն էլ հետևում էին խաղաղության սկզբունքին, և արդյունքն ընդունելու համաձայնություն կար։ Այս պահին Հյուսիսային Իռլանդիայի հանրաքվեի մասին խոսք չկա, բայց կա «Բարի ուրբաթի» համաձայնագիրը, որ եթե մի օր ժողովուրդը որոշի հանրաքվե անցկացնել, դա կընդունվի»,-ասել է նա և ընդգծել, որ այս պահին Հյուսիսային Իռլանդիայում երկու համայնքներ հակասական մոտեցումներ ունեն իրենց ապագան որոշելու հարցում։

«Երկու կողմերն էլ հավասարաչափ հասկանում են, որ ժամանակ է պետք՝ միմյանց հասկանալու համար, որին արդեն կհաջորդի հանրաքվե։ Ինչո՞ւ եմ սա ասում, որ յուրաքանչյուր դեպքում լուծումներն ու մոտեցումները տարբեր են»,-մանրամասնել է Լիչը, գրում է Tert.am-ը:

Սեպտեմբերի 18-ին անկախության մասին հանրաքվե տեղի ունեցավ Շոտլանդիայում: Բրիտանացիները համաձայն էին ընդունել արդյունքները և կենտրոնացել էին պետության միասնության պահպանման օգտին քարոզչության վրա: Հանրաքվեն ավարտվեց անկախության հակառակորդների հաղթանակով՝ կողմ քվեարկեց 45 տոկոսը, դեմ՝ 55 տոկոսը: Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սալմոնդը, որը հանրաքվեի գլխավոր նախաձեռնողն էր ու առաջ տանողը, ընդունեց ժողովրդի ընտրությունն ու հրաժարական տվեց: Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն, իր հերթին, խոստացավ անկախության կողմնակիցներին ընդլայնել իրավունքներն ու առաջարկեց Անգլիային, Ուելսին ու Հյուսիսային Իռլանդիային ևս մտածել ներքին քաղաքականության ոլորտում ինքնուրույնությունն ավելացնելու շուրջ:

Դեսպանն անդրադարձել է նաև Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցմանը. «Ողբերգական փաստ է և նման դրսևորումներ տեսնում ենք Սիրիայի ամբողջ տարածքով մեկ: Լրջագույն մտահոգություններից մեկն այն է, որ հայ համայնքի գոյությունը վտանգված է այնտեղ»: Ըստ նրա, պետք է հնարավոր ռազմավարություն գտնել՝ իրավիճակից դուրս գալու համար, գրում է Panorama.am-ը:

«Իսլամական պետություն» խմբավորումն ականապատել և պայթեցրել է Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարություն է տարածել` խստորեն դատապարտելով Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Մեծ Եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքներն ամփոփող եկեղեցու պայթեցումը ահաբեկիչների կողմից:

Ամփոփելով խոսքը` դեսպանն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի դեսպանատունը շարունակելու է Հայաստանում զարգացնել գործակցությունը կրթության ոլորտում. «Կավելացվի Չիվնինգ կրթաթոշակները, ինչպես նաև մասնակցելով Հայաստանի բրիտանական բիզնես դպրոցի բացմանը սեպտեմբերի 24-ին ու Դիլիջանի միջազգային դպրոցի բացմանը հոկտեմբերի վերջին: Առաջին անգամ ուսանողների կտրվի բրիտանական որակավորում»:

Չիվնինգ կրթաթոշակները Միացյալ Թագավորության կառավարության ընդհանուր կրթաթոշակային ծրագիր է, որը ֆինանսավորվում է Արտաքին և համագործակցության երկրների նախարարության և գործընկեր կազմակերպության կողմից: Կրթաթոշակները տրվում են արդեն կայացած կամ երևան եկող առաջնորդներին՝ իրականացնելու մագիստրոսական աստիճանի մեկամյա ուսումնառություն ցանկացած առարկայից Միացյալ Թագավորության առաջատար համալսարաններում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---