Հակոբ Ինջիղուլյանը վերադարձել է ՀՀ ու պատրաստվում է շարունակել ծառայությունը (թարմացված)

Հակոբ Ինջիղուլյանը վերադարձել է ՀՀ ու պատրաստվում է շարունակել ծառայությունը (թարմացված)

PanARMENIAN.Net - Արդեն նախկին ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը վերադարձել է Հայաստան: Հոկտեմբերի լույս 2-ի գիշերը նրան դիմավորել են «Զվարթնոց» օդանավակայանում:Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ինջիղուլյանը ՄԱԿ-ի փախստականների համակենտրոնացման ճամբարում է:

Ինչպես օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասել է Ինջիղուլյանը, իր համար շատ մեծ ուրախություն է Հայաստանում գտնվելը, հայրենիք վերադառնալը:

«Շնորհակալ եմ միջազգային այն կազմակերպություններին, որոնք օգնեցին ինձ ազատվել ադրբեջանական գերությունից, այնուհետև Հայաստան վերադառնալ: Ինքնակամ եմ որոշել վերադառնալ հայրենիք, բայց նրանք ինձ օգնել են այդ հարցում»,- ասել է նա՝ հավելելով, որ ցանկանում է գնալ ու շարունակել 9 ամսվա ծառայությունը:

Ինջիղուլյանի խոսքով, նրան բուժզննում է անհրաժեշտ: Նա պատմել է նաև, որ ադրբեջանական գերությունում նրան բռնության են ենթարկել, ծեծել, ծաղրել, հայհոյել:

«Հարցազրույցները, որոնք իրենց հեռուստատեսությամբ ցույց են տվել, ճնշումների ներքո են արվել: Ասում էին՝ եթե մեր ասածով չանես, էն չոբանի օրը կընկնես (խոսքը գերության մեջ սպանված հովիվ Մանվել Սարիբեկյանի մասին է,- խմբ.), գնդակահարությամբ էին սպառնում: Կարմիր խաչի ներկայացուցիչների այցերից առաջ կանչում ու նախապես ասում էին, թե ինչ պետք է նրանց ասեմ, երբ գան, ընտանիքիս ուղղված նամակներն էին ընթերցում, ասում, թե ինչ պետք է գրեմ»,- նշել է նա՝ հավելելով, որ երրորդ երկիր տեղափոխվելու կամքն ադրբեջանցիներն են թելադրել՝ սպառնալով հակառակ դեպքում սպանել:

Ինջիղուլյանի խոսքով, իրեն Ադրբեջանում պահում էին ռազմագաղութում, փակի տակ, որտեղ բացի իրենից այլ հայեր էլ կային: Հարցին՝ արդյոք այդ ընթացքում նրան բուժօգնություն ցուցաբերել են, Հակոբը պատասխանեց, որ մեկ անգամ, այն բանից հետո, երբ ծեծի են ենթարկել:

Այն մասին, որ Ինջիղուլյանի գործն անցել է ՄԱԿ-ի լիազորությունների տիրույթ, հայտնի էր դարձել դեռևս մարտին։ Ադրբեջանում 2013-ի օգոստոսից գերեվարված զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին Բաքվից երրորդ երկիր էին տեղափոխել օգոստոսի 26-ին, ինչի մասին ընտանիքը, ըստ նրա եղբոր, իմացել էր միայն օգոստոսի 28-ին: Ավելի ուշ ԿԽՄԿ պաշտպանության երևանյան բաժնի պատվիրակ Վալերի Յարմակը հաստատել էր Ինջիղուլյանին՝ երրորդ երկիր տեղափոխելու մասին լուրը:

«Երրորդ երկիր տեղափոխվելը Հակոբի ցանկությունը չի եղել: Նա կամ պետք է տեղափոխվեր 3-րդ երկիր, կամ ողջ չմնար»,- ավելի վաղ նշել էր նրա եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը:

Տեղանքում չկողմնորոշվելու պատճառով ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծը հատած ու մոլորված Ինջիղուլյանը գերության մեջ էր հայտնվել 2013-ի օգոստոսի 8-ից: Մի քանի օրից ադրբեջանական ռեսուրսներում հայտնվեց հայ զինծառայողի Ադրբեջանի ANS ալիքին «հարցազրույցի» տեսագրությունը, որտեղ նա իբր պատմում էր, թե ինչպես է «անցել ադրբեջանական կողմ»: Ավելի ուշ հայտնվեց երկրորդ «հարցազրույցը», որտեղ հայ գերեվարված զինվորը հայտարարել էր, իբր չի ցանկանում վերադառնալ Հայաստան ու երրորդ երկիր մեկնելու ցանկություն հայտնել:

Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ Ինջիղուլյանի «հարցազրույցները» տրված են ճնշման ներքո և կոչ արել ԿԽՄԿ-ին բոլոր ջանքերը գործադրել նրան շուտափույթ հայրենիք վերադարձնելու համար, որտեղ ռազմագերու հանդեպ քրեական հետապնդում չի իրականացվի՝ իր գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով: Ի դեպ, նախկինում ևս ադրբեջանական գերությունից վերադարձած Հայաստանի ոչ մի քաղաքացի քրեական հետապնդման չի ենթարկվել:

2013-ի սեպտեմբերի 18-ին ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Ինջիղուլյանը «դիմում է գրել, որտեղ խնդրում է իրեն երրորդ երկիր տեղափոխել»: «Դիմումն արդեն նախարարների կաբինետում է: Ինչքան գիտեմ, այդ դիմումը Ինջիղուլյանի մյուս փաստաթղթերի հետ միասին պետք է ուղարկվի ՄԱԿ-ի գլխավոր Գերագույն հանձնակատարի Բաքվի ներկայացուցչություն: Նրանք պետք է դիմեն եվրոպական կամ այլ պետությունների: Որ երկիրը նրան ընդունելու համաձայնություն տա, այնտեղ էլ նրան կուղարկեն: Մինչ այդ գերին կմնա Ադրբեջանում»,- ասել էր Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետհանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---