Աղետի գոտում բնակարանային խնդիրը կլուծվի մինչև 2016-ի ավարտը

Աղետի գոտում բնակարանային խնդիրը կլուծվի մինչև 2016-ի ավարտը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը Գյումրի քաղաքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրները լուծելու նպատակով Շիրակի մարզպետարանին է հատկացրել 1,5 մլրդ դրամ: Սա ծրագրի առաջին փուլն է, որով բնակարանի գնման վկայագիր կհանձնվի 215 ընտանիքի: Եվս 252 ընտանիք բնակարանի գնման վկայագիր կստանա ծրագրի իրականացման երկրորդ փուլում` հաջորդ տարի:

Հոկտեմբերի 2-ին Կառավարության նիստից հետո քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հայտնել է նաև, որ 2016 թվականի ընթացքում ամբողջությամբ կլուծվի գյուղական տեղանքում ապրող ընտանիքների բնակարանային հարցը:

«Այսպիսով, մինչև 2016 թվականի ավարտն ամբողջովին կլուծվի Աղետի գոտում բնակարանի հարցը»,- ասել է նա, հաղորդում է Առկա գործակալությունը:

Օգոստոսի 22-ին Նարեկ Սարգսյանը հայտարարել էր, որ Աղետի գոտում լուրջ ուսումնասիրություններ են կատարվել, կա հստակ մոտեցում՝ Գյումրիում դեռևս անօթևան մնացած 430 ընտանիքի համար ոչ թե նոր շենք կառուցել, այլ պետությունը նրանց տա բնակարանների գնման վկայագրեր:

«Որոշեցինք, որ ճիշտ կլինի պետությունը բնակարանների գնման վկայագրերով աշխատի բնակիչների հետ, քան նորից շենքեր կառուցի: Քաղաքում կան վաճառքի ենթակա բազմաթիվ շենքեր: Ավելի ճիշտ է գնել այդ բնակարնները՝ միաժամանակ աշխուժացնելով նաև քաղաքի շուկան»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ բնակիչների աջակցության ծրագրի պարամետրերը պատրաստ են, շուտով կսկսվի այդ գործընթացը:

Նախարարը բնակարանի գնման հավաստագրերի տրամադրման գաղափարը համարում է խնդրի արագ լուծման ամենաարդյունավետ մեթոդ: Նա միաժամանակ տեղեկացրել է, որ շահառուները կանխիկ գումար չեն ստանա, փողը կփոխանցվի բնակարանի տիրոջը գնման պահին: Իսկ բուն գումարը հաշվարկված է պետկադաստրի տրամադրած տվյալների հիման վրա` 109.000 դրամ մեկ քառակուսի մետրի դիմաց:

2008 թվականից աղետի գոտում պետական աջակցությամբ իրականացվող սոցիալական ուղղվածության ծրագրի շահառուներ է դարձել 5313 ընտանիք: Մասնավորապես, 61 ընտանիքի 2008-2009 թվականներին տրվել են բնակարանի գնման հավաստագրեր, 321 ընտանիքի տրվել է 3-ական մլն դրամի ֆինանսական աջակցություն, իսկ 3693 ընտանիքի 2009-2013 թվականներին բնակարան է տրամադրվել: 2008 թվականից Գյումրիում բնակարանաշինության մեջ ներդրվել է 81,5 մլրդ դրամ:

1988-ի երկրաշարժից գրեթե 16 տարի անց Գյումրու 95 մեծ ու փոքր տնակային թաղամասերը շարունակում են գոյատևել քաղաքի տարբեր հատվածներում: Տնակները, որոնք ժամանակին տեղադրվեցին 2-3 տարվա համար, արդեն 2.5 տասնամյակ որպես կացարան են ծառայում անօթևան գյումրեցիների համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---