«Հավերժական զինվորը». Լեոնիդ Ազգալդյանի 72 ամյակի առթիվ գալա համերգին նոր երգ կհնչի ու 2 ֆիլմ կցուցադրվի

«Հավերժական զինվորը». Լեոնիդ Ազգալդյանի 72 ամյակի առթիվ գալա համերգին նոր երգ կհնչի ու 2 ֆիլմ կցուցադրվի

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 22-ին՝ ժամը 19:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի 72 ամյակին նվիրված գալա համերգ է լինելու: Դրա ընթացքում Ազգալդյանի մասին պատմող երկու կարճամետրաժ դոկումենտալ ֆիլմ կցուցադրվի, որոնց ռեժիսորը Դավիթ Հարությունյանն է: Առաջինը կպատմի ազատամարտիկի կյանքի մասին մինչև պատերազմը, երկրորդը՝ պատերազմի ընթացքի:

Ինչպես PanARMENIAN.Net ին պատմեց համերգի կազմակերպիչ TM Production ընկերության տնօրեն Թովմաս Մարտիրոսյանը, Ազգալդյանի մասնակցությամբ վիդեոկադրերը շատ քիչ են, բայց նրանք, որոնք կան, մշակվել են, լուսանկարները, որոնք կարողացել են գտնել, նույնպես: Նրա խոսքով, համերգի գլխավոր նպատակն Ազգալդյանի կերպարը որպես հերոսի Հայաստանում ավելի ճանաչելի դարձնելն է, հաշվի առնելով, որ նա Արցախյան ազատամարտի ամենահայտնի գործիչներից էր, որի պատմությունն այսօր քչերին է ծանոթ: Դրա համար համերգին հրավիրվել են մայրաքաղաքի տարբեր դպրոցների լավագույն աշակերտներն ու ուսանողները, ինչպես նաև մոտ 50 դպրոցական Մարտակերտից, որոնք այդ օրը համերգին ներկա գտնվելու համար Երևան կժամանեն: Բացի այդ, ներկա կլինեն նաև Ազգալդյանի հետ կռված ազատամարտիկները, հրավիրվածների թվում նաև Լեոնիդի քույրն է ու զարմուհին իր ընտանիքով:

Լեոնիդ Ազգալդյանը (1942-1992) մասնագիտությամբ ֆիզիկոս էր։ 1960-ին ընդունվել էր Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել էր Երևանի պետհամալսարան։ Ղարաբաղյան շարժման սկզբնավորման օրից մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին։ 1990-ի փետրվարից եղել է «Անկախության բանակ»-ի հրամանատարը, կազմակերպել մի շարք շրջանների ինքնապաշտպանությունը, մասնակցել ազատագրական մարտերին, այդ թվում՝ Նյուվադիի առաջին գրոհին։ Արցախի ազատամարտում գործել է նախ Շահումյանի, այնուհետև՝ Մարտակերտի շրջաններում։ 1991-ի հունիսին Հովսեփ Հովսեփյանի հետ միասին ստեղծել է «Ազատագրական բանակ»-ը, որի գլխավոր հրամանատարն է եղել մինչև կյանքի վերջ։ Ազգալդյանը զոհվել է 1992-ի հունիսի 21-ին՝ Մարտակերտի Տոնաշեն գյուղի մոտակայքում:

Ինչպես պատմեց Թովմաս Մարտիրոսյանը, համերգին Ազգալդյանին նվիրված նոր երգ է հնչելու՝ «Հավերժական զինվորը», որի երաժշտությունը գրել է Ստեփան Շաքարյանը, իսկ խոսքերը՝ Սուրեն Գրիգորը: Ի դեպ, թե կոմպոզիտորը, թե խոսքերի հեղինակն անձամբ ծանոթ են եղել Ազգալդյանին, ինչի մասին համատեղ աշխատանքը սկսելուց հետո է պարզվել: Երգը կկատարի Օպերային թատրոնի երգչախումբը՝ սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ: Համերգի դիրիժորը Հարութ Ֆազլյանն է:

Կազմակերպչի խոսքով, կատարողների տարիքային շեմը 25-ից 85 տարեկան է՝ երիտասարդներից մինչև Ջիվան Գասպարյան: Մասնակիցներն են Հասմիկ Պապյանը, Գևորգ Հակոբյանը, Ջիվան Գասպարյանը, Արմեն Բաբախանյանը, Հայկ Կազազյանը, Նորայր Քարտաշյանը, Վահան Արծրունին, Դավիթ Ամալյանը, Երվանդ Մարգարյանը, Վարդուհի Վարդերեսյանը, Նունե Ավետիսյանը, Արսեն Ղազարյանը, Սյուզաննա Մելքոնյանը, «Կարին» երգի պարի համույթն ու պարի պետական անսամբլը:

Տոմսերն արդեն վաճառքում են:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---