Տեսախցիկը ֆիքսել է Արամ Մանուկյանի վրա հարձակումը. ՀԱԿ-ում ասում են՝ պատճառը քաղաքական է

Տեսախցիկը ֆիքսել է Արամ Մանուկյանի վրա հարձակումը. ՀԱԿ-ում ասում են՝ պատճառը քաղաքական է

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 12-ի երեկոյան ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին ծեծելու դեպքի մասին որոշ մանրամասներ են պարզվել: Ինչպես լրագրողներին տեղեկացրել է ՀԱԿ կուսակցության մամուլի խոսնակ Արման Մուսինյանը , միջադեպը տեղի է ունեցել շենքի մուտքում: Գլխարկով անհայտ անձն առանց որևէ խոսքի հարվածել է պատգամավորի դեմքին, ինչի արդյունքում դեմքի մի մասը կապտել է, աչքը՝ այտուցվել, գրում է «Ազատություն» ռադիոկայանը:

ՀԱԿ խոսնակը միջադեպը կապել է Մանուկյանի քաղաքական գործունեության հետ` միաժամանակ նշելով, որ վերջին օրերին որևէ ահազանգ կամ սպառնալիքներ պատգամավորը չի ստացել:

Շենքի մուտքում տեսախցիկ է տեղադրված, և, հնարավոր է, այն տեսագրել է դեպքը: Պատգամավորը բացատրություն է տվել ոստիկանության քննիչներին, ինչից հետո ուղևորվել բուժզննման:

Խորհրդարանական ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն իր հերթին հիշեցրել է վերջին օրերին բռնության ենթարկված ազատամարտիկներին ծեծելու դեպքը:

Արձագանքելով միջադեպի մասին լուրերին, ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում դատապարտել է այն:

«Վստահ եմ, որ իրավապահ մարմիններն անում են ամեն հնարավորը, որպեսզի բացահայտվի արարքը կատարողի անձը»,- նշել է նա՝ շուտափույթ առողջացում մաղթելով:

Արամ Մանուկյանը հայտնի է ՀՀ իշխանության հանդեպ իր սուր քննադատությամբ, որը նա հիմնականում արտահայտում է թե բողոքի ցույցերին, որոնց մասնակցում է, թե խորհրդարանում։

2012-ի մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքից:

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը խստորեն դատապարտել է քաղաքական գործիչների նկատմամբ ոտնձգությունները: Այդ մասին ասվում է Օմբուդսմենի գրասենյակի տարածած հայտարարությունում։

«Խորապես մտահոգված եմ վերջին օրերին քաղաքացիների ավտոմեքենաների հրկիզման, առավել ևս՝ մարդկանց ծեծի, բռնության ենթարկելու դեպքերի մասին տեղեկություններով:

Իմ ներկայացուցիչները երեկ այցելել են Արամ Մանուկյանի բնակության վայր: Թեև այս պահի դրությամբ նա դիմում-բողոք չի ներկայացրել ընդդեմ պետական մարմինների, պատրաստ ենք հարուցել վարույթներ տուժածներից բողոքներ ստանալուն պես: Անկախ այդ հանգամանքից՝ գործերի քննությունն առաջիկայում ևս կլինի մեր ուշադրության կենտրոնում:

Ակնկալում եմ, որ բոլոր իրավապահ մարմինները կգործեն օպերատիվ և անաչառ, որպեսզի մեղավորները հնարավորինս արագ բացահայտվեն և պատժվեն օրենքի ողջ խստությամբ:

Հանրությունը պետք է համոզվի, որ մեղավորներն անպատիժ չեն մնում, իսկ քաղաքացիների ապահովության սպառնալիքները վերացված են:

Հանցագործությունների բացահայտմանը զուգընթաց, կոչ եմ անում բոլորին, հատկապես պետական և քաղաքական գործիչներին, իրենց հրապարակային ելույթներում պահպանել քաղաքական զսպվածության և իրավական էթիկայի նորմերը: Վերջին օրերին առանձին ագրեսիվ արտահայտություններ արդարացիորեն վրդովեցրել են հանրությանը:

Հետագա անհարկի լարումից խուսափելու համար հուսով եմ՝ բոլոր կողմերը կպահպանեն մասնագիտական և մարդկային վարքագծի անհրաժեշտ ստանդարտները:

Խստորեն դատապարտում եմ ցանկացած ոտնձգություն որևէ քաղաքացու և հատկապես քաղաքացիական ու քաղաքական գործիչների գույքի կամ անձի նկատմամբ»:

Դեպքի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել` ՔՕ 117-րդ հոդվածով` դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը։

Կարդացեք նաև՝Ծեծել են ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին (թարմացված)

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---