«Սպորտը կյանքի համար». Ամերիան ավելի քան 61 մլն դրամ կուղղի երեխաների բուժմանը

«Սպորտը կյանքի համար». Ամերիան ավելի քան 61 մլն դրամ կուղղի երեխաների բուժմանը

PanARMENIAN.Net - «Ամերիա» ընկերությունների խումբը դեկտեմբերի 12-ին կազմակերպել էր ավանդական` արդեն հինգերորդ բարեգործական աճուրդը: «Սպորտը կյանքի համար» խորհրդանշական անվանումը կրող աճուրդն այս տարի իր շուրջն էր համախմբել ինչպես հայազգի, այնպես էլ այլազգի միջազգային ճանաչում ունեցող մարզիկների, ովքեր նվիրաբերել են իրենց իսկ ստորագրությամբ սպորտային իրեր:

«Նախորդ չորս տարվա ընթացքում հավաքագրել ենք 300 մլն դրամ և օգնություն ցուցաբերել ավելի քան 100 երեխայի` փրկելով նրանց կյանքը: Այս անգամ թեման սպորտն ենք ընտրել, քանի որ տարին բացվեց ձմեռային օլիմպիադայով, ուզում ենք այն նույն թեմայով եզրափակել: Նաև սպորտը առողջ ապրելակերպ է, իսկ մենք դրա կողմնակիցն ենք»,- լրագրողների հետ զրույցում նշեց Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը` հավելելով, որ հավաքագրված ամբողջ գումարն Ամերաբանկի կողմից կկրկնապատկվի:

Նա նշեց, որ իրենց որդեգրած սոցիալական քաղաքականության շրջանակներում աջակցում են ծանր հիվանդություններով տառապող երեխաներին: Նմանօրինակ միջոցառումների շնորհիվ, ըստ Հանեսյանի, այդ երեխաներն ապրելու հույս են ստանում, և «Ամերիա» ընկերությունների խումբն իր պարտքն է համարում աջակցել նրանց:

Ինքը Հանեսյանը աճուրդին մասնակցում էր բոքսի ձեռնոց կամ ֆորմուլա 1-ի գլխարկ ձեռք բերելու նպատակով:

Մեգա Սպորտ ընկերության և Project Hope հիմնադրամի աջակցությամբ աճուրդի էր հանվել մարզիկների ստորագրությամբ ավելի քան 20 լոտ սպորտային իր, մասնավորապես` Արթուր Աբրահամի, Վիկ Դարչինյանի, Ռոնդա Ռուզիի, Օսկար Դե Լա Հոյայի, Ալեքսանդր Միսկիրտչյանի բռնցքամարտի ձեռնոցներ, Յուրի Ջորկայեֆի, Հենրիխ Մխիթարյանի, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ստորագրությամբ ֆուտբոլի գնդակներ, սպորտային շապիկներ` Մանչեստր Սիթի ֆուտբոլային ակումբի, Մարկոս Պիզելիի, Անդրես Ինյեստայի, Արթուր Սարկիսովի, Լևոն և Արսեն Ջուլֆալակյանների, Ռոման Բերեզովսկու ստորագրությամբ, Զինեդին Զիդանի, Պելեի, Մարադոնայի, Ուսեին Բոլտի, Կրիշտիանու Ռոնալդուի բացառիկ լուսանկարներ` արված խաղի ընթացքում:

Աճուրդի արդյունքում հավաքագրվեց 30.600.000 դրամ, որը, խոստացածի համաձայն, «Ամերիա» ընկերությունների խմբի կողմից կկրկնապատկի` երեխաների բուժմանն ուղղելով 61.200.000 դրամ: Գումարը մասնավորապես կծառայի քաղցկեղային, հեմատոլոգիական, իդեոպաթիկ արթրիտ և հրատապ օգնություն պահանջող այլ հիվանդություններ ունեցող երեխաների բուժմանը:

«Ամերիա» ընկերությունների խումբը նախատեսել է նաև առցանց աճուրդ, որը կմեկնարկի դեկտեմբերի 15-ին: Աճուրդից բացի հանգանակումները շարունակվում են նաև ամբողջ տարվա ընթացքում «Ամերիա» ընկերությունների խմբի աշխատակիցների, գործընկերների, առանձին անհատների և կառույցների կողմից:

«Ամերիա» ընկերությունների խումբը հայաստանյան շուկայում ամենաարագ զարգացող ֆինանսական խմբերից մեկն է բանկային և խորհրդատվական ծառայությունների ոլորտում: «Ամերիա» ընկերությունների խումբն իր կողմից առաջարկվող խորհրդատվական և ֆինանսական ծառայությունների փաթեթի միջոցով համալիր աջակցություն է ցուցաբերում Հայաստանի և տարածաշրջանի սոցիալ-տնտեսական և բիզնես ոլորտներում գործող կազմակերպություններին և անհատներին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---