Հակառակորդը հերթական դիվերսիան է ձեռնարկել, այս անգամ՝ Տավուշի ուղղությամբ․ Հովիվ է զոհվել

Հակառակորդը հերթական դիվերսիան է ձեռնարկել, այս անգամ՝ Տավուշի ուղղությամբ․ Հովիվ է զոհվել

PanARMENIAN.Net - Հունվարի 11-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական պետական սահմանի՝ Տավուշի մարզի Բաղանիս գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները դիվերսիոն փորձ են ձեռնարկել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Հակառակորդի ստորաբաժանումների առաջխաղացումը ժամանակին հայտնաբերվել է: Հայկական բանակի արագ արձագանքման համապատասխան ստորաբաժանումը դարանակալել և ՀՀ պետական սահմանը խախտած դիվերսիոն խմբի գործողությունները չեզոքացրել է: Հակառակորդի դիվերսիոն խմբի մեկ անդամի դիակը գտնվում է միջդիրքային տարածքում:

Փոխհրաձգության ընթաքցում զոհվել է նաև տարածքում գտնվող 1935 թ․ ծնված հովիվ Սերյոժա Նիկոլայի Սարգսյանը: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները լիովին տիրապետում են իրավիճակին: Կատարվածի ամբողջ պատասխանատվությունը մնում է ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության վրա, նշել է ՊՆ խոսնակը:

Վերջերս իրավիճակը թե հայ-ադրբեջանական սահմանին, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, լարված է։ Հունվարի 1-ից ի վեր հակառակորդը պարբերաբար կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։

Ադրբեջանցիները հունվարի 7-ի կեսօրին ԴՇԿ տեսակի զենքով կրակել են Բարեկամավան գյուղի ուղղությամբ, նույնը տեղի է ունեցել նաև հունվարի 6-ին: Գնդակները կպել են գյուղի եկեղեցուն և այլ շինությունների, գրում է «Սիվիլնեթ»-ը: Բարեկամավանն Ադրբեջանի սահմանին ամենամոտ գտնվող գյուղերից է:

Բացի այդ, հունվարի լույս 3-ի գիշերը ՊԲ սահմանային դիրքերի հարավային և արևելյան ուղղություններով ադրբեջանական զինուժը ձեռնարկել էր դիվերսիոն հետախուզական 2 գործողություն: Հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել էին զինծառայողներ Կարեն Գրիգորյանը և Վարդան Մկրտչյանը, վիրավորվել զինծառայող Վոլոդյա Հարությունյանը: Հակառակորդը՝ կորուստներ կրելով, հետ էր շպրտվել ելման դիրքերը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---