Դիվերսիայի փորձեր ՀՀ ու ԼՂՀ ուղղությամբ. Հայկական կողմը զոհեր և վիրավորներ ունի

Դիվերսիայի փորձեր ՀՀ ու ԼՂՀ ուղղությամբ. Հայկական կողմը զոհեր և վիրավորներ ունի

PanARMENIAN.Net - Հակառակարոդը, շարունակելով սահմանային իրավիճակի ապակայունացնող գործողությունները, ՀՀ ամբողջ սահմանի և ԼՂՀ հետ շփման գծի տարբեր հատվածներում շարունակում է դիվերսիաների և հարձակումների մարտավարությունը: Այս մասին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում` նշելով, որ ադրբեջանական զինված ուժերը, հաշվի չնստելով իրենց մեծաթիվ կորուստների հետ, որոնք ուղղակի կոպտորեն թաքցնում են, շարունակում են մարտավարապես անիմաստ դիվերսիաներ իրականացնել:

«Գիշերվա ընթացքում խախտումների ընդհանուր թիվը անցնում է 300-ից: Այսօր առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականցրել նաև Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ: Հայկական բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից ժամանակին հայտնաբերվելով մարտի է սկսվել, որը տևել է շուրջ կես ժամ: Հակառակորդը կորուստներ կրելով և մարտական խնդիրը չկատարելով հետ է շպրտվել, սակայն ցավոք հայկական կողմը ունի երկու զոհ և վիրավորներ: Զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը»:

Հովհաննիսյանը շեշտել է, որ լարվածության ամբողջ պատասխանատվությունն ու հետևանքները մնում են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճին:

Միևնույն ժամանակ ԼՂՀ ՊՆ-ից հայտնում են, որ հունվարի 22-ին և լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձեր:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատայինների առաջխաղացումը և հետ շպրտել ելման դիրքեր:Հակառակորդին դիմագրավելու ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել: Նախնական տվյալներով ադրբեջանական կողմն ունի 3 զոհ:

Նույն ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 320 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82մմ ականանետերից և տարբեր տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4000 կրակոց:ՊԲ առաջապահ զորամասերը օպերատիվ մարտավարական իրադրությունը շարունակում են պահել վերահսկողության տակ՝ անհրաժեշտության դեպքում դիմելով պատասխան գործողությունների:

Հակառակորդը տարեսկզբից շարունակում է լարված պահել իրադրությունն առաջնագծում։Հունվարի լույս 22-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդը հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել, բայց հետ մղվել: Կորուստներ ու վիրավորներ հայկական կողմը չուներ:Հակառակորդը գիշերն արձակվել է մոտ 200 կրակոց: Ադրբեջանական կողմը դադարեցրել է գնդակոծությունը միայն ՀՀ ԶՈւ հակահարվածը ստանալով:

Հունվարի 21-ին, Բերդի տարածաշրջանի սահմանագոտում ադրբեջանական դիպուկահարի գնդակից պայմանագրային զինծառայող է զոհվել, որը Չորաթան գյուղի բնակիչ 34-ամյա Արման Ռաշիդի Ուդումյանն է: Հունվարի 17-ին Տավուշի սահմանամերձ Ոսկեվան գյուղում հակառակորդի կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող Արման Ալիկի Հարությունյանը: Զինծառայողը զոհվել է Ոսկեվանի սահմանագոտում:

Հունվարի 11-ին մարզի Բաղանիս գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները դիվերսիոն փորձ էին ձեռնարկել: Հակառակորդի ստորաբաժանումների առաջխաղացումը ժամանակին հայտնաբերվել և կասեցվել էր: Հայկական բանակի արագ արձագանքման համապատասխան ստորաբաժանումը ՀՀ պետական սահմանը խախտած դիվերսիոն խմբի գործողությունները չեզոքացրել էին: Հակառակորդի դիվերսիոն խմբի մեկ անդամի դիակը մնացել էր միջդիրքային տարածքում, բայց ավելի ուշ հայկական կողմը թույլատրել էր տարհանել այն: Փոխհրաձգության ընթացքում զոհվել էր նաև տարածքում գտնվող 80-ամյա հովիվ Սերյոժա Սարգսյանը:

Հունվարի 1-ից ի վեր հակառակորդը պարբերաբար կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ, հունվարի 7-ի կեսօրին ԴՇԿ տեսակի զենքով՝ Բարեկամավան գյուղի ուղղությամբ, նույնը տեղի է ունեցել նաև հունվարի 6-ին: Գնդակները կպել են գյուղի եկեղեցուն և այլ շինությունների:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---