Բրիտանիան ակտիվացնում է պայքարը ռուս լրտեսների դեմ. Ռուսալեզու աշխատակիցներ են հավաքագրվում

Բրիտանիան ակտիվացնում է պայքարը ռուս լրտեսների դեմ. Ռուսալեզու աշխատակիցներ են հավաքագրվում

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը կարգադրել է ակտիվացնել Միացյալ Թագավորությունում աշխատող Ռուսաստանի հատուկ ծառայությունների լրտեսների որոնումն ու հայտնաբերումը:

Այդ մասին գրում է Lenta.ru-ն The Sunday Times-ի վրա հղումով: Պարբերականն իր հերթին հղում է կատարում բրիտանական հակահետախուզական աղբյուրների վրա:

MI5 հակահետախուզության ծառայության գործակալներին, ըստ պարբերականի, հրամայվել է ուժեղացնել Լոնդոնում ռուս լրտեսների հսկողությունը: Բրիտանիայի կառավարությանը նաև հանձնարարվել է խստացնել անվտանգության միջոցները, այդ թվում նաև ռուսական կործանիչներին հակազդելու գործում, որոնք «խախտում են» Բրիտանիայի օդային տարածքը:

ՌԴ հատուկ ծառայություններին հակազդելու գործում միջոցների ուժեղացման մասին է վկայում նաև այն, որ MI5, MI6 հետախուզությունը և Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ին կից կառավարական կապերի վարչությունը սկսել են ռուսալեզու աշխատակիցներ հավաքագրել, գրում է ՌԻԱ Նովոստին: Նրանց առաջադրանքներից մեկը լինելու է ռուսալեզու զրուցակիցների հեռախոսազրույցների գաղտնալսումը:

Ռուսական հետախուզությանը հակազդելու ոլորտում քաղաքականության փոփոխման մասին Քեմերոնը պաշտոնապես կհայտարարի փետրվարի 23-ին Համայնքների պալատում ելույթի ժամանակ, պնդում է The Sunday Times-ը:

Ավելի վաղ MI5 անվտանգության ծառայությունը հայտարարեց ռուսալեզու գործակալների հավաքագրման մասին: Ըստ հաղորդագրության, նոր աշխատակիցները պետք է տիրապետեն ռուսերենին, Բրիտանիայի քաղաքացիություն ունենան, բավարար չափով «զգուշավոր լինեն, սեփական հաջողությունների մասին Twitter-ում չգրելու համար»: Աշխատանքը խոստանում է լինել «հետաքրքիր և լավ վարձատրվող»:

Գերատեսչության գործակալները պետք է ժամերով հեռախոսազրույցների ձայնագրություններ լսեն ու ընթերցեն ձեռք բերված փաստաթղթերը, ինչպես նաև նոր տարրեր գտնեն, որոնք կօգնեն հասկանալ ՌԴ իշխանություններին: Այդ տեղեկատվությունն, անշուշտ, պետք է «ազդի կառավարության քաղաքականության վրա Մոսկվայի հետ հարաբերություններում»: Նրանք գործ են ունենալու «ահաբեկչության», »լրտեսության» և «ազգային անվտանգության պոտենցիալ սպառնալիքների հետ»: Այսինքն, աշխատանքը լինելու է «հետաքրքիր ու լավ վարձատրվող», փետրվարի սկզբին գրել է The Daily Telegrap-ը: Ըստ հոդվածի հեղինակի, 30 հազար եվրո աշխատավարձով պաշտոնի համար թեկնածուների պակաս չի լինի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---