21  01.04.15 - «ՀԲԸՄ զրույցներ» խորագրով քննարկումներ ՀԲԸՄ 88-րդ Ընդհանուր ժողովի շրջանակում. Օր 1

«ՀԲԸՄ զրույցներ». Եռօրյա քննարկումներ՝ հեղինակավոր բանախոսների մասնակցությամբ

«ՀԲԸՄ զրույցներ». Եռօրյա քննարկումներ՝ հեղինակավոր բանախոսների մասնակցությամբ

PanARMENIAN.Net - Ապրիլի 1-ին Երևանում ընթացող ՀԲԸՄ 88-րդ Ընդհանուր ժողովի շրջանակում մեկնարկել են «ՀԲԸՄ զրույցներ» խորագրով եռօրյա քննարկումները՝ հեղինակավոր բանախոսների մասնակցությամբ:

#AGBUtalks՝ «ՀԲԸՄ զրույցներ»-ի նպատակն է ստեղծել ընդհանուր քննարկման հարթակ, որը մասնակիցներին կոգեշնչի և կներգրավի ազգի զարգացման շուրջ գաղափարներ և ծրագրեր առաջարկելու ու դրանց իրագործման ուղիներ մշակելու մեջ: «ՀԲԸՄ զրույցներ»-ի ընթացքում ելույթ կունենան Հայաստանի և արտասահմանի խոշոր կրթական հաստատությունների, հիմնադրամների, պետական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՀԲԸՄ 88-րդ Ընդհանուր ժողովի ծրագիրը մեկնարկել է մարտի 27-ին և կշարունակվի մինչև ապրիլի 6-ը` ներառելով մի շարք միջոցառումներ: Ծրագրի շրջանակում պատվիրակները կայցելեն Լեռնային Ղարաբաղ, որտեղ ՀԲԸՄ-ի ծրագրերը մեծապես նպաստել են կրթության ոլորտի և ենթակառուցվածքների զարգացմանը: Պատվիրակները կայցելեն նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Հայաստանի ամերիկյան համալսարան, «Այբ» դպրոց, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն և Դիլիջանի միջազգային դպրոց:

«ՀԲԸՄ զրույցներ»-ի բազմաբովանդակ և ինտերակտիվ քննարկումներին կարող են միանալ ՀԲԸՄ Ընդհանուր ժողովի մասնակիցներն ու նախապես գրանցված հայաստանաբնակ հետաքրքրված ու շահագրգիռ անձինք:

Քննարկումների թեմաներն են՝ «Մարդկային ներուժը Հայաստանում և Սփյուռքում», «Հայկական պետականության կերտման մարտահրավերները» և «Հայության միջազգային դիրքերի ամրապնդում»: «ՀԲԸՄ զրույցներ»-ը կոչված են խթանելու մասնակիցների ներգրավվածությունը երկրի կարևորագույն մարտահրավերների հաղթահարման գործում և ստեղծելու ակտիվ երիտասարդների ու փորձագետների առավել միասնական ցանց:

«Մարդկային ներուժը Հայաստանում և Սփյուռքում» թեմայով առաջին քննարկման ընթացքում մասնակիցներն ու բանախոսները կանդրադառնան առկա խնդիրներին ու համահայկական ներուժի զարգացման հեռանկարներին: Որպես գիտելիքի և փորձի փոխանակման հարթակ՝ քննարկումը նոր հնարավորություններ կստեղծի տեղացի ու սփյուռքահայ մասնակիցների համար՝ ամրապնդելով կապը հայրենիքի հետ: Այս միջոցառումով ՀԲԸՄ-ն կարևորում է կրթության դերը ու Միության կողմից իրականացված բազմաթիվ կրթական ծրագրերը՝ ավելի հզոր ու մրցունակ մարդկային ներուժ ձևավորելու գործում:

Առաջին քննարկման բանախոսներն են «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հայր Մեսրոպ քհն. Արամյանը, ՀԲԸՄ փոխնախագահ, «Սիմոնյան» կրթական հիմնադրամի և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր Սեմ Սիմոնյանը, ՀԱՀ նախագահ Արմեն Տեր Կյուրեղյանը, Հայաստանում «Նեյշնլ ինսթրումենթս»-ի գլխավոր տնօրեն Արամ Սալաթյանը և Հայաստանում Microsoft-ին երկայացուցչության տնօրեն Եվա Հյուսյանը: «ՀԲԸՄ զրույցներ»-ն անցկացվում են «Այբ» դպրոցում, Դիլիջանի միջազգային դպրոցում, Հայաստանի ամերիկյան համալսարանում ու Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) սփյուռքի հնագույն, համաժողովրդական և համահայկական կազմակերպությունն է: ՀԲԸՄ-ն իր կրթական, մշակութային ու մարդասիրական գործունեությամբ նպաստում է հայկական ինքնության ու ժառանգության պահպանմանն ու զարգացմանը: Այդ գործունեության շնորհիվ տարեկան մոտ 500 հազար հայ առնչվում է միության ծրագրերին:

ՀԲԸՄ-ն շարունակաբար փորձագիտական և ֆինանսական աջակցություն է ցուցաբերում կրթության զարգացմանը Հայաստանում՝ նպաստելով ժամանակակից ու արդիական կրթական հաստատությունների և այլընտրանքային ուսումնական միջավայրերի ստեղծմանը: Իր գործունեության ընթացքում ՀԲԸՄ-ն օժանդակել է բազմաթիվ կրթական ծրագրերի իրականացմանը՝ երիտասարդ սերնդին տրամադրելով գիտելիք ու հմտություններ և հզորացնելով աշխատուժը Հայաստանում ու Արցախում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---