ԵՏՄ-ն և Չինաստանը քննարկում են ազատ առևտրի գոտու ստեղծման հնարավորությունը

ԵՏՄ-ն և Չինաստանը քննարկում են ազատ առևտրի գոտու ստեղծման հնարավորությունը

PanARMENIAN.Net - Չինաստանի և Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) միջև ազատ առևտրի գոտու ստեղծումը եղել է քննարկումների հիմնական առարկան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ձինպինի նախորդ շաբաթ կայացած բանակցություններում: Այդ մասին ասվում է ԵՏՄ և «Մետաքսի ճանապարհի» համագործակցության մասին նրանց համատեղ հայտարարության մեջ, հայտնում է «Վեդոմոստի» թերթը:

Խոսքը գնում է Չինաստանի հետ գործընկերության և համագործակցության համապարփակ համաձայնագրի նախապատրաստման, ինչպես նաև առևտրի ազատ գոտու ստեղծման հնարավորությունների ուսումնասիրության մասին, նշել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Ալեքսեյ Լիխաչովը:

Սակայն, դա շուտ չի լինի, միակարծիք են պաշտոնյաները: Մոտ 10 տարի` այս ժամկետն է նշում կառավարության ֆինանսատնտեսական բլոկի պաշտոնյան: Սա մասշտաբային նախագիծ է, բանակցությունները կարող են 20-30 տարի ձգվել, ավելի զգուշավոր են մյուսները: Դեռևս ամենավաղ փուլն է` ուսումնասիրվում են միայն հնարավոր մոտեցումները, շարունակում է նա. «Դիվանագիտական լեզվով դա կոչվում է «մշակման ենթակա թեմաներում ընդգրկել»: Ուսումնասիրվում է կանոնակարգման բազան, թե ինչպես են աշխատում ենթակառուցվածքային նախագծերը, ըստ ժամկետների` 2020-ականներից ոչ շուտ, գտնում է դաշնային պաշտոնյան:

«Մեր նպատակն էր, որքան հնարավոր է շատ փաստաթուղթ ստորագրել, որոնք ձևակերպում են Չինաստանի և Ռուսաստանի հարաբերությունները»,-պատմում է պաշտոնյան, որը մասնակցել է չինացիների հետ բանակցություններին: Նույնիսկ համագործակցության մասին շրջանակային համաձայնությունը, որը ստորագրվեց բարձր մակարդակում, շատ կարևոր է չինական բիզնեսի համար, բացատրում է նա. Դա նշանակում է, որ իրենց գործողությունները ստացել են պետության հավանությունը` «առանց դրա նրանք մի քայլ անգամ չեն անի»: Չինական բիզնեսի համար կարևոր է այս փաստաթղթերին հղում անելու հնարավորությունը, ասել է նա:

Առաջին քայլը ԵՏՄ և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրն էր: Նախագիծը կարող է հայտնվել մինչև տարեվերջ, հայտարարել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը: Այն չի նախատեսում մաքսատուրքերի նվազում: ԵՏՄ համար դա առաջին հերթին փոխադարձ ապրանքահոսքն առավել թափանցիկ դարձնելու հնարավորությունն է, տրանսպորտային միջանցքի պոտենցիալի ավելացումը, պարզաբանում է նա, սակայն դեռևս վաղ է գնահատել տնտեսական օգուտները:

Հազիվ թե համաձայնագիր կնքվի բոլոր փոխադարձ տուրքերի մարման մասին, կասկածում է Ալեքսանդր Կնոբելը Գայդարի ինստիտուտից, դա թույլ չեն տա ոչ ռուս, ոչ էլ չինացի գործարարները: Հավանաբար, դրանք մի փոքր կնվազեցվեն, սակայն ոչ բոլոր ապրանքների համար, կարծում է նա: Սակայն այժմ նույնիսկ տուրքերի զգալի նվազման դեպքում ռիսկերը ռուս արտադրողների համար մեծ չեն լինի, համարում է Կնոբելը` արժեզրկումն ավելացրել է նրանց մրցունակությունը:

2014-ին, ըստ Չինաստանի առևտրի նախարարության տվյալների, ապրանքաշրջանառությունը ՌԴ և ՉԺՀ միջև կազմել է 95,9 մլրդ դոլար: Ռուսաստանի համար Չինաստանը թիվ մեկ առևտրային գործընկերն է, Ռուսաստանը Չինաստանի ապրանքաշրջանառության մեջ 9-րդն է: Չինաստանի և Ղազախստանի ապրանքաշրջանառությունը վերջին տարում աճել է 11,3 տոկոսով` հասնելով 28,6 մլրդ դոլարի: Բելառուսի և Չինաստանի ապրանքաշրջանառությունը կազմել է 3,7 մլրդ դոլար, Հայաստանինն ու Չինաստանինը` 455 մլն դոլար:

Գոլաբալացումն ԱՀԿ միջոցով դժվարությունների է բախվում, ուստի ակտիվորեն քննարկվում են և ստեղծվում են նոր տարածաշրջանային հարթակներ, նշել է պրոֆեսոր Նատալյա Վոլչկովան: ԵՏՄ գործակցությունը մյուս երկրների հետ ինտեգրման բնական զարգացում է և Չինաստանի հետ գործակցության արդյունքը մեծ կլինի, սակայն Չինաստանն ավանդաբար միտված է մեծ շուկաների` ԱՄՆ-ի և Եվրոպայի, ուստի դա հեշտ չի լինի, ասել է նա: Նախագիծն իրագործելի է, սակայն տնտեսապես ավելի շահավետ կլիներ ԵՄ հետ առևտրի ազատ գոտու ստեղծումը, կարծում է Կնոբելը: Թեև, Ռուսաստանին դեռ չի հաջողվել ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր կնքել, եզրափակում է նա:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) մայիսի 29-ին ազատ առևտրի մասին առաջին համաձայնագիրը կկնքի` Վիետնամի հետ, հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

«Մայիսի 29-ին միջկառավարական խորհրդի նիստում նախատեսվում է ստորագրել ազատ առևտրի մասին ԵՏՄ առաջին համաձայնագիրը` Վիետնամի հետ: Կցանկանայի նշել, որ բազմակողմ բանակցությունների արդյունքում փոխշահավետ պայմաններ սահմանվեցին ապրանքային շուկա դուրս գալու վերաբերյալ, որոշվեցին փոխգործակցության պարամետրերն առևտրային ծառայությունների մասով»,-հայտարարել է Նազարբաևը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---