Զեկույց. ԵՄ-ն այլևս չի կարող ՌԴ-ին որպես ռազմավարական գործընկեր ընկալել

Զեկույց. ԵՄ-ն այլևս չի կարող ՌԴ-ին որպես ռազմավարական գործընկեր ընկալել

PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդարանի պատգամավորները հունիսի 10-ին ձայների մեծամասնությամբ հավանություն տվեցին Ռուսաստանի և ԵՄ հարաբերություններին նվիրված զեկույցին, որ պատրաստել էր լիտվացի քաղաքական գործիչ Գաբրիելյուս Լանդսբերգիսը:

Ռուսաստանի քաղաքականությունը քննադատող բանաձևի օգտին քվեարկեց 494 խորհրդարանական, դեմ եղավ` 135 պատգամավոր, ևս 69 ձեռնպահ մնաց: Փաստաթղթով նաև հավանություն տրվեց ՌԴ դեմ եվրոպական պատժամիջոցների ռեժիմին:

«Այս պահի դրությամբ Ռուսաստանը Ղրիմում և Արևելյան Ուկրաինայում իր գործողությունների պատճառով այլևս չի կարող ընկալվել որպես ռազմավարական գործընկեր»,-ասվում է փաստաթղթում:

«Ռազմավարական գործընկերությունը պետք է հիմնված լինի փոխադարձ վստահության և միջազգային իրավունքը հարգելու վրա, որը հիմնված է ժողովրդավարության, պետական ինքնիշխանության, ներքին պետական կարգի և արտաքին քաղաքական ուղղությունների ազատ ընտրության վրա»,-ասվում է բանաձևում:

Փաստաթղթում ասվում է նաև, որ ՌԴ և ԵՄ միջև գործակցության վերսկսումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե «Ռուսաստանը հարգի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ներառյալ Ղրիմը, ամբողջապես կատարի Մինսկի համաձայնությունները»:

Բացի այդ եվրախորհրդարանականները պահանջում են ՌԴ-ից «կասեցնել ապակայունացնող գործողությունները ԵՄ սահմանների մոտ, ինչպես նաև մտահոգություն են հայտնում ՌԴ կողմից ԵՄ անդամ պետություններում ծայրահեղական կուսակցություններին աջակցելու և ֆինանսավորելու առնչությամբ»:

«Բանաձևը կոչ է անում Եվրահանձնաժողովին օրենսդրություն մշակել, որով արգելվում է քաղաքական կուսակցությունների ֆինանսավորումը ԵՄ-ում և քաղաքական ու տնտեսական սուբյեկտներին ԵՄ սահմաններից դուրս»,-ասվում է փաստաթղթում:

Եվրախորհրդարանականները նաև կոչ են անում Եվրահանձնաժողովին «անհապաղ բավարար ֆինանսավորում հատկացնել կոնկրետ նախագծերի համար, որոնք ուղղված են ռուսական քարոզչությանը հակազդելուն և ԵՄ ներսում ապատեղեկատվությանը»:

Լանդսբերգիսի զեկույցը ներկայացվեց հունիսի 9-ին: Զեկույցում քննադատության են արժանացել նաև Եվրախորհրդարանի 19 անդամների դեմ այսպես կոչված ստոպ-թերթի կիրառումը: «Դա հակակառուցողական քայլ է, որը հարված է հասցնում առանց այդ էլ թուլացած շփումներին Եվրամիության և Ռուսաստանի միջև»,-հայտարարել է Լանդսբերգիսը:

Նա նաև կողմ է եղել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցնեի երկարացմանը: «Իրավիճակն Ուկրաինայում չի բարելավվում, Մինսկի համաձայնությունները խախտվում են, ուստի պատժամիջոցները պետք է երկարացվեն»,-ասել է Լանդսբերգիսը:

Բանաձևում նշվում է նաև, որ «Ռուսաստանը բացահայտ ներկայանում է ոչ թե որպես գործընկեր, այլ որպես համաշխարհային ժողովրդավարական հանրության հակառակորդ, որը ձգտում է մարտահրավեր նետել գործող կարգերին», հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը:

Սակայն Լանդսեբերգիսի ոչ բոլոր փաստարկները հավանություն ստացան: Էստոնացի Յան Տոոմը ասաց, որ զեկույցը «օբյեկտիվ չէ և կանխակալ է» բացահայտ հակառուսական ուղղվածության պատճառով: «Հավանաբար, դա բացատրվում է զեկուցողի քաղաքական հայացքներով, սակայն ԵՄ և ՌԴ հարաբերությունները շատ ավելի կարևոր են, քան անձնական քաղաքական նկարտումները»,-ասել է նա:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ «Ռուսաստանի վրա պատժամիջոցների օգնությամբ ճնշում գործադրելու փորձերը փակուղի են տանում»: Մայիսի 13-ին Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովն իր հերթին, մեկնաբանելով Սոչիում ՌԴ նախագահ Պուտինի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Քերիի հետ, հայտարարեց. «Չեմ կարծում, որ ԱՄՆ-ն վերանայել է իր դիրքորոշումը Ղրիմի հարցում, ես ուղղակի հնարավոր եմ համարում, որ իրենք հասկանում են, որ Ղրիմը ՌԴ մաս է և միանգամայն անհեռանկար է այդ ուղղությամբ ՌԴ հանդեպ ճնշում գործադրելու փորձերը: Բայց դա չի նշանակում, որ նրանք վերանայել են իրենց մոտեցումն ու պատրաստ են հրաժարվել պատժամիջոցներից»:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---