Ոստիկանությունը հեռացրել է ջրցանն ու Բաղրամյանի բացումը թողել ցուցարարների ողջամտությանը

Ոստիկանությունը հեռացրել է ջրցանն ու Բաղրամյանի բացումը թողել ցուցարարների ողջամտությանը

PanARMENIAN.Net - Երևանի Բաղրամյան պողոտայում տասնմեկերորդ օրը շարունակվող էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցը համակարգող նոր խումբը չի պատրաստվում ոստիկանության հետ բանակցել ակցիան այլ վայր տեղափոխելու հարցով։ Այդ մասին հուլիսի 1-ին ասել է համակարգող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը, գրում է «Ազատություն» ռադիոկայանը։

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն իր հերթին հայտարարել է, որ Բաղրամյան պողոտայի բացումը ոստիկանները թողնում է ցուցարաների ողջամտության վրա:

«Ապօրինի փակվել է Բաղրամյան պողոտան, ոստիկանությունը պարբերաբար զգուշացնելու է, որ վերականգնվի հասարակական կարգը, անհամաչափ սահմանափակվել է այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը», - ասել է Օսիպյանը, մեջբերում է Panorama.am-ը:

Հավաքն այլ վայր տեղափոխելու հարցով բանակցությունների հորդորով ոստիկանությունը ցուցարարներին է դիմել հուլիսի 1-ին հրապարակած հայտարարությունում՝ զգուշացնելով, որ Բաղրամյան պողոտայում մնալու դեպքում «ստիպված կլինի ամբողջ ծավալով գործադրել ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները»։

Միևնույն ժամանակ, կառույցից հույս են հայտնել, որ «վերջին օրերին խաթարված հասարակական կարգը, հանրային կառույցների բնականոն գործունեությունը, ինչպես նաև անձանց խախտված իրավունքները հնարավոր է վերականգնել բարի կամքի դրսևորման և փոխըմբռնման մթնոլորտում` առանց հարկադրանքի կամ ուժային գործողությունների»։

Հայտարարությունից ելնելով՝ ոստիկանությունը հուլիսի 2-ին Բաղրամյանից հեռացրել է ջրցան ու զրահապատ մեքենաները: Այժմ այնտեղ կանգնած է ոստիկանական 3 մեքենա:

«Այսօր այսպես է նպատակահարմար»,- բացատրել է Օսիպյանը՝ հավելելով, որ վաղվա օրվա առանձնահատկությունից ելնելով չեն բացառվում այլ քայլեր ոստիկանության կողմից:

Հունիսի 30-ի երեկոյան Բաղրամյանում իրավիճակի որոշակի սրում էր եղել, որի պատճառը ցուցարարների պահանջն էր՝ բարձրախոսներ տեղադրել աղբամաններից պատրաստված բարիկադների վրա։ Ոստիկաններն արգելել են դա անել՝ նշելով, որ մոտակա շենքերի բնակիչները բողոքել են ցուցարարների աղմուկից: Ավելի ուշ իրավապահ մարմինների ներկայացուցիչները հեռացել են ակտիվիստների շարքերից, վերջիններս անջատել են երաժշտությունը։ Իրավիճակը հանդարտվել էր։

Ոստիկանությունն ավելի ուշ պողոտայից բերման էր ենթարկել ալկոհոլ օգտագործած 3 անձի, որոնց ներկայության մասին տեղեկացրել էին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ նստացույցի մասնակիցները:

Ավելի վաղ՝ հունիսի 30-ի երեկոյան, պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը չեղարկելու պահանջով երկու երիտասարդ՝ Հայկը և Հարությունը, հացադուլ էին հայտարարել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---