Նախագահը նոր մամուլի խոսնակ ունի. Արման Սաղաթելյանը պաշտոնից ազատվելու մասին դիմում է գրել (թարմացված)

Նախագահը նոր մամուլի խոսնակ ունի. Արման Սաղաթելյանը պաշտոնից ազատվելու մասին դիմում է գրել (թարմացված)

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը պաշտոնից իրեն ազատելու խնդրանքով դիմում է ներկայացրել Սերժ Սարգսյանին: Նրա խոսքով՝ աշխատանքի հրավեր է ստացել և մասնավոր հատված տեղափոխվելու ցանկություն ունի՝ զբաղվելու գործարար նախագծերով:

«Շնորհակալ եմ բոլորիդ այս տարիների համատեղ աշխատանքի համար: Շնորհակալ եմ սրտացավության, փոխըմբռնման և գործակցության համար:

Մինչ նոր հանդիպում: Իսկ մինչ այդ՝ վաղվանից արձակուրդ, առագաստներ, սարեր, քամի, երկինք և բազում այլ տարերքներ...»,- ֆեյսբուքյան իր էջում գրառումը եզրափակել է Սաղաթելյանը:

Արման Սաղաթելյանն ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան: Մասնագիտական գործունեությունը սկսել է 1991-ին Հայաստանի ազգային հեռուստաընկերությունում` որպես «Գործ» հաղորդման համահեղինակ ու հաղորդավար: 1997-99-ը ժամկետային ծառայություն է անցել ՀՀ ՊՆ լրատվության և քարոզչության վարչությունում` որպես թղթակից և կիրակնօրյա «Զինուժ» հեռուստահաղորդման հաղորդավար` ծրագրի առաջին եթերից: 2000-10-ը ՊՆ-ում աշխատել է` որպես քարոզչության և հասարակայնության հետ կապերի քաղաքացիական մասնագետ, «Զինուժ» հաղորդաշարի հաղորդավար: 2001-ից դասավանդել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում: 2003-2004-ն աշխատել է «Հայաստան» համահայկական հիմնադրամում, նախ` որպես հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական, ապա` հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար: 2003-ից Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի փոխնախագահն է:

2010-2011-ին աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնում` որպես խորհրդական:

Արցախյան ազատամարտին նվիրված «Կյանքի նյարդը» գրքի հեղինակն է, գրականության ոլորտում միջազգային մրցանակների դափնեկիր: 2011-ին նշանակվել է «ԱրմՌադիո FM 107» ռադիոկայանի տնօրեն, 2012-ից՝ «Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ:

2013-ին նշանակվել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար:

Նախագահի մեկ այլ հրամանագրով նրա մամուլի քարտուղար է նշանակվել Վլադիմիր Հակոբյանը:

Վերջինս ավարտել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի ռադիոլրագրության բաժնում: 2003-2005թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ որպես համակարգչային կապի կենտրոնի տեխնիկ-օպերատոր: 2006-ի դեկտեմբերի 11-ից մինչև 2015-ի հուլիսի 17-ն աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում: Վերջին զբաղեցրած պաշտոնը՝ գլխավոր վարչության բաժանմունքի պետ, զինվորական կոչումը՝ մայոր:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---