Դպրոցների սեյսմիկ անվտանգության ծրագիրը հաստատվել է. $617 մլն կպահանջվի

Դպրոցների սեյսմիկ անվտանգության ծրագիրը հաստատվել է. $617 մլն կպահանջվի

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հուլիսի 23-ի նիստում հաստատել է ՀՀ պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030-ի ծրագիրը: Այն ուղղված է ՀՀ տարածքի և Երևանի սեյսմիկ ռիսկի նվազեցմանը` բարելավելով 377 գերակա դպրոցի սեյսմիկ անվտանգությունը, որպեսզի նվազեցվեն դպրոցներում հնարավոր զոհերը և վնասները երկրաշարժերի ժամանակ: Կիրականացվեն ՀՀ տարածքի սեյսմիկ շրջանացման նոր քարտեզի կազմման, երկրի շինարարական նորմերի վերանայման և թարմացման, մասնագիտական վերապատրաստման և բնակչության իրազեկման աշխատանքներ:

Ըստ նախագծի հիմնավորման՝ ծրագիրը հնարավորություն կտա բարձրացնել ինչպես բնակչության, այնպես էլ պատասխանատու մարմինների՝ երկրաշարժերինդիմակայելու պատրաստվածության մակարդակը, զգալիորեն ցածրացնել տարածաշրջանի սեյսմիկ ռիսկը, ինտեգրել տարածաշրջանի սեյսմիկ վտանգի մոնիթորինգը միջազգային համակարգերում և համապատասխանեցնել ժամանակակից ձևաչափին:

ՀՀ տարածքում գոյություն ունեցող հանրակրթական դպրոցների գերակշռող մեծամասնությունը նախագծվել և կառուցվել են մինչև 1988-ը, և նրանց նախագծման հիմքում ընդունված սեյսմիկ ուժերը անհամեմատ ցածր են սպասվելիք ուժերից: Մոտ 284 դպրոցի հիմնական մասը կառուցվել է Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո, իսկ մյուս մասը` վերանորոգվել կամ ուժեղացվել են: Քանի որ Հայաստանի տարածքում մինչև 1988-ը կառուցված դպրոցական շենքերի ու շինությունների նախագծային սեյսմակայունությունը ընդունված է եղել 7-8 բալ ըստ երկրաշարժերի ուժգնության MSK-64 սանդղակի, իսկ Հայաստանի տարածքը գտնվում է առաջինից-երրորդ սեյսմիկ գոտում, ապա ակնհայտ է դառնում, որ տարածաշրջանի հնարավոր ուժեղ երկրաշարժի դեպքում (5.5 և ավելի մագնիտուդով) տեղի կունենան բազմաթիվ դպրոցական շենքերի և շինությունների կամ նրանց առանձին մասերի փլուզում, որը կբերի մեծ թվով հնարավոր զոհերի և նյութական մեծ կորուստների:

Գերակա համարվող 377 դպրոցի ուժեղացման կամ նորի կառուցման համար, նախնական գնահատականներով, պահանջվում է $617 մլն` ընդհանուր գնահատված արժեքով: Ներկայումս կան ՀՀ կառավարության և գործընկեր կազմակերպությունների կողմից պատրաստված տարբեր ներդրումային ծրագրեր, որոնք կենտրոնացված են դպրոցների տարբեր տեսակների վրա (տարրական, միջնակարգ կամ ավագ դպրոցներ) կամ ըստ նրանց տեղակայության (Երևան կամ այլ մարզեր)՝ գերակայության սահմանման տարբեր չափանիշներով:

Ծրագրի առաջնային շահառուները կլինեն մոտ 147.870 աշակերտ, ուսուցիչ և դպրոցի այլ աշխատակից:

Ներկայումս Հայաստանի համար սեյսմիկ ռիսկը հասել է իր առավելագույն մակարդակին ամբողջ պատմության ընթացքում, ինչը պայմանավորված է սեյսմիկ ակտիվության նոր փուլով, շենքերի և շինությունների ցածր սեյսմակայունությամբ, ուրբանիզացման բարձր մակարդակով, հատուկ և կարևոր նշանակության շինություններին (քիմիական գործարաններ, հիդրոէլեկտրակայաններ, ջերմաէլեկրակայաններ, բազմաբնակարան բնակելի շենքեր, դպրոցներ, ջրամբարներ, կենսապահովման գծեր, առողջապահական հիմնարկներ և այլն) հատկացված ոչ բավարար ուշադրությամբ, բնակչության վատ տեղեկացմամբ, սոցիալ-տնտեսական վիճակով և այլ գործոններով:

1999-ին Կառավարությունն ընդունվել է 2 որոշում` ուղղված ՀՀ տարածքի և Երևանի սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական համալիր ծրագրերի կատարմանը: Կատարվել է շենքերի և շինությունների դասակարգում ըստ վնասվածության աստիճանի, ապմոնտաժվել են վթարային շենքերն ու շինությունները, իսկ չափավոր և զգալի վնասվածքներ ունեցողները` վերականգնվել և ուժեղացվել են: Միաժամանակ Երևանն ու ՀՀ մնացած մարզերը, որոնք նույնպես բարձր սեյսմիկ ռիսկի գոտիներում են, բավական անտեսվել են:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---