Մերկել. ԵՄ երկրները պետք է կիսեն պատասխանատվությունը փախստականների հարցում

Մերկել. ԵՄ երկրները պետք է կիսեն պատասխանատվությունը փախստականների հարցում

PanARMENIAN.Net - ԵՄ երկրները պետք է կիսեն պատասխանատվությունը փախստականների հարցում, հայտարարել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում մամուլի ասուլիսի ժամանակ: «Իրավիճակն անբավարար է»,-ասել է նա: «Անդամ երկրները պետք է կիսեն պատասխանատվությունը: Եթե ԵՄ-ն ձախողվի փախստականների հարցում, Եվրոպան այլևս այնպիսին չի լինի, ինչպիսին մենք գիտենք»,-ասել է Մերկելը:

Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում ամենամեծն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից հետո: ՄԱԿ-ի տվյալներով, միայն 2015 թվականին ավելի քան 300 հազար փախստական է ժամանել Եվրոպա՝ պատերազմից և սովից փրկվելու նպատակով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նրանց քանակը մոտ 123,5 հազար էր, իսկ ամբողջ 2014-ին եղել է 280 հազար: Առաջին անգամ վերջին ամիսների ընթացքում հուլիսին ԵՄ ժամանած միգրանտների քանակը հատեց 100 հազարի սահմանն ու կազմեց 107,5 հազար:Նրանցից 2 հազար 500-ը մահացել է Եվրոպա հասնելու ճանապարհին:

Մինչդեռ հարյուրավոր փախստականներ Սիրիայից, որոնք արդեն մի քանի օր է, ինչ ապրում են Բուդապեշտի կայարանում, սկսել են գրոհել հարևան Ավստրիա և Գերմանիա ընթացող գնացքները:

Ըստ տեղական ԶԼՄ-ների, կայարանից օգոստոսի 31-ի առավոտյան անհետացան բոլոր ոստիկանները, որոնք պաշտպանում էին գնացքները:

Այժմ Բուդապեշտում հազարավոր փախստականներ են կուտակվել, նրանց քանակն անընդհատ աճում է: Միայն հանգստյան օրերին Սերբիայի հետ սահմանին մոտ 9 հազար փախստական է ձերբակալվել, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նրանք, ով կարողացել է մուտք գործել Հունգարիա, դեռ չեն կարող օրինական եղանակով շարունակել ճանապարհը ԵՄ մյուս երկրներ, չնայած որ որոշ մասն ունի միջազգային գնացքների ու ավտոբուսների գնված տոմսեր: Ինչպես պարզաբանել է երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Անդրաս Ջիրո Սասը, ԵՄ անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիները կարող են հատել միության երկրների սահմանները միայն գործող անձնագրի և նշանակության երկրի մուտքի արտոնագրի առկայության դեպքում:

Նա նաև քննադատել է Գերմանիայի իշխանություններին միգրացիոն կանոնների հնարավոր թուլացման մասին հայտարարությունների համար: «Նման նորությունները հույս են ներշնչում փախստականներին, բայց իրավիճակը մնում է բարդ»,-ասել է պաշտոնյան:

Փախստականները Բուդապեշտի կայարանում արդեն բողոքի ակցիաներ են կազմակերպում` վանկարկելով. «Գերմանիա, Գերմանիա», և բողոքելով վատ խնամքից և սննդի պակասից:

Եվրամիությունը փախստականների խնդրին նվիրված արտահերթ գագաթնաժողով է հրավիրում: Բեռլինի, Փարիզի և Լոնդոնի նախաձեռնությամբ միգրացիոն ճգնաժամի հարցերի վերաբերյալ արտակարգ խորհրդակցությանը կմասնակցեն ԵՄ անդամ երկրների ներքին գործերի և արդարադատության նախարարները:Արտահաերթ խորհրդակցությունը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին Բրյուսելում: Այդ մասին հաղորդագրություն է զետեղվել Լյուքսեմբուրգի պաշտոնական Twitter-ում, որն այժմ նախագահում է ԵՄ-ում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---