ԳՇ պետի տեղակալ. Ադրբեջանը կրակում է բնակիչների վրա՝ չկարողանալով համարժեք պատասխանել զինվորին

ԳՇ պետի տեղակալ. Ադրբեջանը կրակում է բնակիչների վրա՝ չկարողանալով համարժեք պատասխանել զինվորին

PanARMENIAN.Net - «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը պլանավորված էր 2014 թվականի նոյեմբերից՝ նույն թեմայով ու անձնակազմի ներգրավվածությամբ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը։

Այս օրերին հայ-ադրբեջանական և Արցախի սահմանների ուղղությամբ զորավարժության նախաշեմին ինտենսիվացած լարվածությունը զուգադիպություն է՝ պայմանավորված տարածաշրջանային ընդհանուր զարգացումներով, հավելեց գեներալ-լեյտենանտը. «Սահմանին իրավիճակը իսկապես լարված է, բայց այդ լարվածությունը պայմանավորված չէ այս զորավարժությունով, վերջին երկու տարում է իրավիճակն այսպես»:

Հայաստանում սեպտեմբերի 3-ից 6-ն անցկացվում է «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն: Զորավարժությունը ղեկավարում է ՀՀ նախագահը:

Անդրադառնալով խաղաղ բնակիչների ուղղությամբ հակառակորդի գործողություններին՝ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալը նշեց. «Եթե 23 տարի հետ գնանք ու վերհիշենք անցած պատերազմը, կտեսնենք, որ հակառակորդի գործողությունները կրկնվում են՝ չի կարողանում առաջին գծում զինվորականներին պատվով և համարժեք պատասխան տալ, իր զայրույթը, «մուռ» զինվորներից հանել, կրակում է խաղաղ բնակիչների վրա: Եվ սա այն դեպքում երբ Արցախում հատկապես հայկական զինուժը հնարավորություն ունի նույն կերպ պատասխանել, բայց մեր բանակը ստեղծվել է բնակչությանը պաշտպանելու նպատակով»:

Սեպտեմբերի 3-ի երեկոյան և գիշերը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կրկին լարված է եղել, բայց կրակոցների թիվը նախորդ օրերի համեմատ նվազել է, լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով,հակառակորդը հիմնականում նորից կրակել է Տավուշի ուղղությամբ, ինչից նաև որոշ գյուղեր են տուժել։ «Վազաշենում վիրավորվել է երեք քաղաքացիական անձ, նչպես նաև պայմանագրային մեկ զինծառայող, նրանց կյանքին ևս վտանգ չի սպառնում, համապատասխան բուժհաստատություններում են գտնվում»,- ասաց Հովհաննիսյանը:

«Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը վերադառնալով՝ Հակոբյանը նկատեց՝ բացառիկ և մասշտաբի առումով առաջինն է հանրապետությունում: Բոլոր գերատեսչությունների ներգրավվածությամբ ստուգվում են պետության հնարավորությունները և նախանշվում անելիքները: Իսկ նախնական արդյունքներով, պատրաստվածության գնահատականը դրական է. «Որովհետև այս զորավարժությանը պատրաստվում էինք արդեն երեք ամիս ու նախնական աշխատանք է կատարվել՝ գերատեսչությունների աշխատակիցներին ուսուցանելու, մարզելու ուղղությամբ»:

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալը մինչև այդ Կառավարության պայմանական նիստին էր մասնակցում, որի ժամանակ ներկայացվում էին զեկույցներ, որոնք նրա գնահատականով բավական պատրաստված էին, իսկ զեկուցողները տիրապետում են իրավիճակին:

Պատասխանելով սահմանային լարվածության ֆոնին ԱԳՆ գործողությունների մասին հարցին՝ Հակոբյանը նկատեց, որ զորավարժության ընթացքում խաղարկվում է նաև նման իրավիճակում ԱԳՆ գործողությունների սցենարը: Ավելին առավել լուրջ խնդիրներ են առաջադրվում, օրինակ, ինչ գործողություններ կձեռնարկի արտաքին քաղաքական գերատեսչությունը եթե, ենթադրենք, մեր դաշնակիցը հրաժարվի կատարել իր պարտավորությունները:

Համապետական նշանակության այս զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:

Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակն առավելապես համապատասխանեցված են իրականությանը:

Կարդացեք նաև՝ Նախագահը՝ «Շանթ-2015»-ի նպատակի մասին. Պատրաստ լինել իրականության դեպքում միջոցներ ձեռնարկելուն

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---