Տավուշում հակառակորդը կրկին ականանետեր է կիրառել. Կրակոցների պարբերականությունը նվազել է

Տավուշում հակառակորդը կրկին ականանետեր է կիրառել. Կրակոցների պարբերականությունը նվազել է

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի լույս 5-ի գիշերը և առավոտյան ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներ ու ականանետեր: Անկանոն բնույթի կրակահերթեր են արձակվել ՀՀ Տավուշի մարզի սահմանային դիրքերի ու սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ:

Նախորդ օրերի համեմատությամբ` հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների պարբերականությունը նվազել է, տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ը:

ՀՀ զինված ուժերի առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` հակառակորդի ակտիվությունը ճնշելու և կրակակետերը լռեցնելու նպատակով:

ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են իրենց պահպանության ներքո գտնվող դիրքերը և սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով:

Վերջին շրջանում իրավիճակը սահմանին ու շփման գծում լարված է: Սեպտեմբերի առաջին օրերից հակառակորդը կրակի տակ է պահում Տավուշի մարզը: Սեպտեմբերի 2-ի երեկոյան մինչև ուշ գիշեր հակառակորդը կրակել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, այդ թվում՝ ականանետերից, նախևառաջ դիրքերի, ինչպես նաև որոշ սահմանամերձ գյուղերի ուղղությամբ: Տավուշի 20 գյուղն էլ այս կամ այն չափով ընկել են կրակի տակ։ Հակառակորդին լռեցնել հնարավոր է եղել միայն պատասխան կրակից հետո։ Կրակոցներից Կոթիի 2 բնակիչ է վիրավորվել, որոնց վիճակը կայուն է, կյանքի էլ վտանգ չի սպառնում:

Սեպտեմբերի 2-ին հակառակորդի գնդակից Տավուշում պայմանագրային զինծառայող է զոհվել՝ 1975-ին ծնված Հայկ Կառլենի Դևոյանը:ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետերով:

Վերջին շրջանում հակառակորդը սկսել է հաճախակի կիրառել խոշոր տրամաչափի հրաձգային և հրթիռահրետանային զինատեսակներ, ինչը ադրբեջանական քարոզչությունը անհաջողությամբ փորձում է հերքել:

Հայաստանում սեպտեմբերի 3-ից 6-ը անցկացվում է «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն: Զորավարժությունը ղեկավարում է ՀՀ նախագահը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---