Փորձագետ. ՀՀ-ին ինտերնետ մատակրարող մալուխի գնումն Ադրբեջանին կթույլատրի հետախուզել երկիրը

Փորձագետ. ՀՀ-ին ինտերնետ մատակրարող մալուխի գնումն  Ադրբեջանին կթույլատրի հետախուզել երկիրը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ինտերնետ պրովայդեր «Ազերօնլայն» - ի կողմից Վրաստանի խոշորագույն Caucasus Online ինտերնետ պրովայդերի 1200 կմ օպտիկամանրաթելային մալուխի գնման դեպքում Հայաստանի համար վտանգներ կարող են առաջանալ: Այս մասին PanARMENIAN.Net -ի հետ զրույցում ասել է տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ և բլոգեր Սամվել Մարտիրոսյանը:

«Սա դեռ հաստատված լուր չէ։ Սակայն եթե նման գործարք կատարվի, ապա առաջինը՝ ադրբեջանցիները կկարողանան ներթափանցել չպաշտպանված թրաֆիկի մեջ՝ այսինքն, ամեն կայքի, որ աշխատում է HTTP, այլ ոչ թե HTTPS անվտանգ պրոտոկոլով», - ասել է Մարտիրոսյանը:

Նա նկատել է, որ նման վերահսկողությունը թույլ կտա ադրբեջանական կողմին հետախուզություն իրականացնել ՀՀ-ում:

Բացի այդ, վերահսկողությունը հնարավորություն կտա կազմակերպել ավելի անհատական ու բարդ հաքերային հարձակումներ։

Մարտիրոսյանը նաև շեշտել է, որ հակամարտության սրման դեպքում Ադրբեջանը կարող է պարզապես զրկել մեզ կապից՝ դա պատճառաբանելով «տեխնիկական խնդրով»:

Փորձագետը եզրափակել է, որ Ադրբեջանի կողմից մալուխի գնումը թույլ չտալու հարցով պետք է զբաղվի Կառավարությունը, իսկ հասարակությունը նման գործընթացներին ներազդել չի կարող:

Ադրբեջանի առաջատար ինտերնետ պրովայդեր «Ազերօնլայնը» հետաքրքրված է Վրաստանի խոշորագույն Caucasus Online ինտերնետ պրովայդերի 1200 կմ օպտիկամանրաթելային մալուխի գնմամբ: Այս մասին գրել է վրացական «Կվիրիս պալիտրա» թերթը` սեփական աղբյուրների վրա հղումով:

Ըստ թերթի, Caucasus Online ընկերությունն անցկացրել է կաբելը 2008 թ. Սև ծովի հատակով: Այն ամենակարճ ճանապարհով հասցնում է ինտերնետը Եվրոպայից Անդրկովկասի երկրներ: Այս մալուխն ապահովում է Հայաստանի ինտերնետի 85%-ը, Ադրբեջանի ինտերնետի 50%-ը և Վրաստանի պահանջարկի 55%-ը:

«Այսպիսով, Ադրբեջանի շահագրգռվածությունն այս հարցում զարմանալի չէ` ամբողջական ծանրաբեռնվածության դեպքում կաբելը կարող է բավականին մեծ եկամուտ բերել: Պակաս կարևոր չէ, որ Հայաստանի ինտերնետի 85%-ը կախված կլինի Ադրբեջանից, որը կկարողանա վերահսկել նրա տեղեկատվության այդ ծավալը»,-գրում է Dalma news գործակալությունը:

2013-ի ապրիլին հայկական առաջատար հեռահաղորդակցային Ucom ընկերությունն ու վրացական Caucasus Online-ը պայմանագիր կնքեցին, որի համաձայն վրացական ընկերությունը պարտավորվեց մինչև 40 գիգաբիթ թողունակությամբ ինտերնետ մատակարարել հարևան երկրներին Ucom-ի օպտիկամալուխային ցանցով: «Նման համագործակցությունը հնարավորություն է ստեղծում, որպեսզի Հայաստանի միջոցով ինտերնետ մատակարարվի այլ երկրներ: Այս համատեղ նախագծի իրականացումը հնարավոր է դառնում Ucom ընկերության կառուցած գերհզոր օպտիկամանրաթելային ցանցի շնորհիվ: Այսպիսով մեծանում է Հայաստանի դերը Եվրոպայից դեպի Մերձավոր և Միջին Արևելք ինտերնետի մատակարարման գործընթացում, քանզի Հայաստանը դառնում է կապող օղակ վերջիններիս միջև»,-ասվում է Ucom ընկերության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---