31  11.09.15 - «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ցույցը ընդդեմ էլերկտրաէներգիայի թանկացման

«Ոչ թալանին»-ը նորից փակել է Բաղրամյանը․ Ոստիկանները մինչև 05։00-ն ժամանակ են տվել

«Ոչ թալանին»-ը նորից փակել է Բաղրամյանը․ Ոստիկանները մինչև 05։00-ն ժամանակ են տվել

PanARMENIAN.Net - Հայաստանում էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքը շարունակող «Ոչ թալանին» քաղնախաձեռնությունը սեպտեմբերի 11-ին բողոք-հավաք էր կազմակերպել Ազատության հրապարակում, որը արդյունքում ևս մեկ ինքնաբուխ նստացույցի մեկնարկի վերածվեց։

Մինչև բողոքի ցույցի մեկնարկը ակցիայի կազմակերպիչներին էր մոտեցել Երևանի քաղաքապետարանից ներկայացուցիչը, ով զգուշացրեց, որ հավաքն ի գիտություն են ընդունել, բայց երթը՝ ոչ: Իր հերթին Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշել էր, թե հստակ տեղեկություններ ունի, որ ժողովրդի մեջ սադրիչներ կան, որոնք կփորձեն փակել Բաղրամյան պողոտան, իսկ կազմակերպիչներն այդ ամենը կբարդեն ժողովրդի վրա, գրում է Tert.am-ը:

Օսիպյանը կոչ արեց զերծ մնալ նման գործելաոճից՝ նշելով․ «Ոստիկանությունը հանդուրժողականություն այլևս չի ցուցաբերելու: Օրենքից դուրս շեղում թույլ չենք տա»:

Ցույցի մեկնարկին «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանն իր ելույթումհայտարարեց, թե հաշվի առնելով հարցով վերջին զարգացումները՝ որոշել են փողոցային պայքար սկսել:

«Կփորձենք փողոցային պայքարով դեմն առնել, և միայն չեղարկման ենք գնում, մինչև վերջ ենք գնալու, մինչև հստակ չեղարկում»,- ասաց նա:

Նա հիշեցրեց, որ դեռևս հունիսի 27-ին հայտարարվեց, թե Կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի ամբողջ բեռը․

«Բայց տեսանք Կառավարությունն իրեն բնորոշ «կռուտիտի» տարբերակով մարդկանց բաժանեց տարբեր խմբերի, որ մեծ բիզնեսին չեն սուբսիդավորի, փոքրին նույնպես, հետո էլ հայտարարեցին, որ եռաֆազ օգտագործող ՓՄՁ-ներին, այն էլ սահմանափակ չափով, կսուբսիդավորեն»։

Շուտով «Մենք ենք տերը մեր երկրի», «Ազատ, անկախ Հայաստան», «Հայաստանը մերն է» և այլ վանկարկումներով սկսվեց երթը Երևանի փոքր կենտրոնով, որի ընթացքում մասնակիցներն անցորդներին ու տանից իրենց հետևող քաղաքացիներին կոչ էին անում դուրս գալ փողոց, միանալ իրենց:

Ոստիկանությունն զգուշացրել էր, որ թույլ չի տա դեպի Բաղրամյան պողոտա երթը: Ցուցարարներն իրենց հերթին չէին հրապարակել՝ ինչ երթուղով են շարժվելու։

Երբ ցուցարարները հասան Բաղրամյանի սկզբնամաս, ոստիկանական ուժերը փորձեցին կանգնեցնել երթի մասնակիցների շարժը, սակայն չհաջողվեց: Այն հատվածում, որտեղ մոտ երկու ամիս առաջ Բաղրամյանը փակվել էր, ցուցարարներին դիմավորեց ավելի խիտ ոստիկանական պատ՝ թույլ չտալով առաջ շարժվել:

Երթի մասնակիցները նստեցին Բաղրամյանում՝ վանկարկելով «Նստացույց»: Ոստիկանությունը կոչ էր անում ազատել փողոցը, հակառակ դեպքում ստիպված կլինեն հարկադրաբար դուրս բերել ցուցարարներին․ իրավապահները նաև զգուշացրին՝ օրինախախտները պատասխանատվության կենթարկվեն, գրում է Panorama.am-ը։

Ավելի ուշ Մաքսիմ Սարգսյանը շտապ հայտարարություն արեց՝ կոչ անելով քաղաքական ու արվեստի գործիչներին, մտավորականներին գալ ու նախորդ անգամվա պես կանգնել ժողովրդի կողքին:

«Նախորդ անգամ եթե իրենց արածը չէր կրում ձևական բնույթ, ապա այս անգամ էլ նրանք պետք է լինեն ժողովրդի կողքին»,- ասաց նա և հավելեց, թե կգան որպես կենդանի պատ, թե ուղղակի ժողովրդի կողքին, թող իրենք որոշեն:

Բաղրամյանում նորից վերսկսվեց երգն ու պարը, բայց շուտով ոստիկանությունը հայտարարեց, որժամը 23:00-ից լռության ժամ է սկսվում և ցուցարարները պետք է դադարեցնեն աղմուկն ու բարձարախոսնելով հայտարարությունները:

Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարություն տարածեց, որում նշվում էր, թե չնայած իրականացված գործողությունների անօրինական բնույթին, կարևորում են, որ հավաքի կազմակերպիչներն ու մասնակիցները պետք է բավարար ժամանակ ունենան իրենց պահանջները բարձրաձայնելու, ինչպես նաև հանրությանը, իրավասու մարմիններին ու պաշտոնատար անձանց դրանք ներկայացնելու համար: Հետևաբար, անօրինական հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին տրամադրում է 6 (վեց) ժամ ժամանակ՝ մինչև առավոտյան ժամը 05:00-ն՝ իրենց պահանջն արտահայտելու և Բաղրամյան պողոտայի անօրինական արգելափակումն ինքնակամ վերացնելու համար՝ պայմանով, որ այդ ընթացքում հավաքը կշարունակի կրել խաղաղ բնույթ:

#ElectricYerevan

«Հայաստանի էլէկտրական ցանցեր» ընկերությունը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ՀՀ-ում էլէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու հայտով: Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ն մասնակի բավարարեց հայտը՝ որոշելով օգոստոսի 1-ից սակագինը բարձրացնել 6,93 դրամով, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց հասարակության շրջանում:

«Ոչ թալանին» քաղնախաձեռնության անդամները հունիսի 19-ից նստացույց սկսեցին Ազատության հրապարակում: Արդեն ամսի 22-ին նրանք երթով շարժվեցին դեպի ՀՀ նախագահի նստավայր՝ իրենց բողոքն արտահայտելու, բայց ոստիկանությունը փակել էր դեպի նախագահական տանող Բաղրամյան պողոտայի սկզբնամասը: Ցուցարարները որոշեցին նստացույցը շարունակել հենց ոստիկանական պատնեշի մոտ: 10 ժամ տևած նստացույցից հետո ոստիկանությունը բազմաթիվ կոչերից հետո գործողությունների դիմեծ՝ ջրցան մեքենայի միջոցով փորձելով ցրել նստացույցը: Դրանից բացի, ցուցարարների, ինչպես նաև ցույցը լուսաբանող մի շարք լրագրողների հանդեպ իրավապահները ֆիզիկական ուժ կիրառեցին, կոտրելով նաև տեսա- ու ֆոտոխցիկները: ավելի ուշ մոտ 25 մարդ բուժօգնության դիմեց՝ ստացված վնասվածքների պատճառով:

Ցույցի վայրից 237 քաղաքացի բերման ենթարկվեց ոստիկանության տարբեր բաժանմունքներ, որոնք ավելի ուշ բաց թողնվեցին:

Ցուցարարների հանդեպ ոստիկանների կողմից ուժի կիրառումը զայրացրեց հասարակությանն ու հաջորդ երեկոյան Բաղրամյանում արդեն հազարավոր մարդիկ հավաքվեցին նույն պահանջով՝ չեղարկել սակագնի բարձրացման մասին ՀԾԿՀ որոշումը: Բազմաթիվ ցուցարարներ գիշերներ էին լուսացնում Բաղրամյան պողոտայում: Արդեն հունիսի 27-ին ՀՀ նախագահը հայտարարություն տարածեց, որում ասվում էր, թե ՀԷՑ-ում աուդիտ կանցկացվի, ու մինչև դրա եզրակացության արդյունքների հրապարակումը Կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ամբողջ բեռը:

Նա ցուցարարներին կոչ արեց ազատել Բաղրամյան պողոտան, բայց վերջիններս հայտարարեցին, թե շարունակելու են բողոքի ակցիան, քանի որ իրենց պահանջը որոշման չեղարկումն էր: Արդեն հաջորդ օրը «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները ցուցարարների հետ քննարկման արդյունքում որոշեցին՝ պետք է նստացույցը շարունակել Ազատության հրապարակում ու քննարկել հաջորդ քայլը, բայց ցուցարարներից շատերը համաձայն չէին: Այդպիսով, հավաքվածների մի մասը տեղափոխվեց Ազատության հրապարակ, մեծամասնությունը՝ մնաց Բաղրամյանում, նշելով, որ պահանջը չի փոխվել ու այնքան են մնալու, մինչև որոշումը չչեղարկվի, ոչ թե կասեցվի:

Հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից նստացույցի մասնակիցների նկատմամբ ուժի կիրառումից տուժած 16 քաղաքացի հայց ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Արդեն հուլիսի 3-ին ՀՀ ՀՔԾ-ն քրգործ հարուցվեց հունիսի 23-ի ցույցը ցրելու ընթացքում ոստիկանների կողմից լրագրողների հանդեպ գործադրված ֆիզիկական ուժի դեպքերի առթիվ: Գործը հարուցվեց ՀՀ ՔՕ 309-րդ և 164-րդ հոդվածների 2-րդ մասերով և 185-րդ հոդվածի 1-ին մասով` բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքերի առթիվ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---