ԵԱՀԿ-ն Ադրբեջանի մեջլիսի ընտրություններին դիտորդներ չի ուղարկի

ԵԱՀԿ-ն Ադրբեջանի մեջլիսի ընտրություններին դիտորդներ չի ուղարկի

PanARMENIAN.Net - Ադրբեջանի կողմից դիտորդների թվի սահմանափակումների պատճառով ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ստիպված է հրաժարվել նոյեմբերի 1-ին երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն ուղարկելուց: Այս մասին հայտնել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի տնօրեն Մայքլ Լինքը։

«Դիտորդների թվի սահմանափակումն անհնարին կդարձնի ընտրությունների ընթացքին արդյունավետ հետևելու գործընթացը: Ցավոք, մենք ստիպված ենք չեղարկել Ադրբեջան դիտորդական առաքելություն ուղարկելը», - ասել է գրասենյակի ղեկավարը, Contact.az-ին հղումով մեջբերում է Tert.am-ը:

Նրա խոսքով՝ դիտորդների թվի սահմանափակումը չի համապատասխանում ԵԱՀԿ-ի շրջանակում երկրի ստանձնած պարտավորություններին։

Ադրբեջանը, ինչպես ԵԱՀԿ անդամ մյուս պետությունները, պարտավորվել է ընտրություններին միջազգային դիտորդներ հրավիրել, ինչպես նաև ապահովել ԺՀՄԻԳ-ի անկախ ու անկողմնակալ աշխատանքը։

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրավեր ստանալուց հետո հայտնել էր, որ պատրաստվում է 30 երկարաժամկետ և 350 կարճաժամկետ դիտորդ ուղարկել Ադրբեջան։ Սակայն օգոստոսի 31-ին ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունը հայտնել էր, որ իշխանությունները պատրաստ են ընդունել միայն 6 երկարաժամկետ և մինչև 125 կարճաժամկետ դիտորդ։

Եվրախորհրդարանը սեպտեմբերի 10-ի նիստում Ադրբեջանում լրագրողների ու ակտիվիստների հիմնարար ազատությունների ու իրավունքների խախտումները դատապարտող բանաձև է ընդունել: Բանաձևի տեքստում հիշատակվում է մարդու իրավունքների աղետալի վիճակն Ադրբեջանում, նշվում է քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ գործադրվող ճնշումների մասին։ Փաստաթուղթը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին կատարել Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի առաջ ստանձնած պարտավորությունները մարդու իրավունքների ոլորտում, կատարել այդ կազմակերպությունների խորհուրդները՝ իրավիճակի բարելավման համար, ավելի ժողովրդավար նախընտրական միջավայր ստեղծել։

Հակառակ դեպքում՝ Եվրախորհրդարանը սպառնում է դիտորդներ չուղարկել Ադրբեջանում առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---