Զաքարյան. «Եվրանեսթ»-ից դուրս գալու որոշումը Բաքվի հերթական շանտաժն է

Զաքարյան. «Եվրանեսթ»-ից դուրս գալու որոշումը Բաքվի հերթական շանտաժն է

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Եվրանեսթ»-ում (Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողով) Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանն Եվրոպական խորհրդարանի նկատմամբ շանտաժ է համարում Ադրբեջանի Միլլի մեջլիսի որոշումը` չմասնակցել «Եվրանեսթի» նիստերին:

«Դա Ադրբեջանի արդեն երրորդ նման շանտաժն է, որ արվում է ԵԽ-ի նկատմամբ: Դա ես համարում եմ շանտաժ, որովհետև ի՞նչ է նշանակում այդ քայլը եթե ոչ շանտաժ. ԵԽ-ն ընդունում է բանաձև մարդու իրավունքների վերաբերյալ, փոխարենն Ադրբեջանը շնորհակալություն հայտնի, որ կառույցը փորձում է մատնանշել և ժողովրդավարական երկխոսության կոչ անել Ադրբեջանին վերջինն իր բռնապետական քայլերով ի պատասխան, վերջինն ոչ ադեկվատ շանտաժի լեզու է կիրառում ԵԽ-ի նկատմամբ և հրապարակային փորձում է նեղացածի կեցվածք ընդունել», - ասել է Զաքարյանը:

Նա նաև նկատել է, որ Ադրբեջանն այս քայլով փորձում է «եվրոպացիների սիրտը շահել ու ավելի մեղմ վերաբերմունք ստանալ նրանց կողմից», գրում է Panorama.am-ը:

«Մտածում են, որ եվրոպացիները, հանուն Արևելյան գործընկերության աչք կփակեն Ադրբեջանում հակաժողովրդավարական զարգացումների վրա», - ասել է Զաքարյանը:

Եվրախորհրդարանը սեպտեմբերի 10-ի նիստում Ադրբեջանում լրագրողների ու ակտիվիստների հիմնարար ազատությունների ու իրավունքների խախտումները դատապարտող բանաձև է ընդունել: Բանաձևի տեքստում հիշատակվում է մարդու իրավունքների աղետալի վիճակն Ադրբեջանում, նշվում է քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ գործադրվող ճնշումների մասին։

Եվրախորհրդարանի փաստաթուղթը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին կատարել Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի առաջ ստանձնած պարտավորությունները մարդու իրավունքների ոլորտում, կատարել այդ կազմակերպությունների խորհուրդները՝ իրավիճակի բարելավման համար, ավելի ժողովրդավար նախընտրական միջավայր ստեղծել։

Սեպտեմբերի 15 –ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարել է, որ երկիրը կասեցնում է Եվրամիության հետ միջխորհրդարանական գործակցությունը՝ Ադրբեջանում մարդու իրավունքների մասին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևից հետո:«Եվրանեսթն» արդեն վերածվել է ամորֆ մի ուժի, ինչի պատճառով էլ Ադրբեջանի խորհրդարանը բնականաբար դադարեցնում է գործակցությունն այդ կառույցի հետ։ Դա Ադրբեջանի խորհրդարանի իրավունքն է: Դուք, հավանաբար, գիտեք, որ Ադրբեջանի խորհրդարանի և Եվրախորհրդարանի միջև գործակցությունն ևս կասեցվել է»,- հայտարարել է Ալիևը՝ նշելով, որ Բաքուն ադեկվատ պատասխան է տվել Ադրբեջանի դեմ ձեռնարկվող քայլերին:

Հոկտեմբերի 7-ին կկայանա «Եվրանեսթի» բյուրոյի նիստ, որտեղ Ադրբեջանի վեհաժողովից դուրս գալու որոշումը քննարկման առարկա կդառնա:

Կարդացեք նաև՝ «Եվրանեսթ»-ի համանախագահներն արձագանքել են Բաքվի՝ կառույցից դուրս գալու որոշմանը

Politico. Բաքվի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պետք է պատժամիջոցներ կիրառել

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---