Politico. Բաքվի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պետք է պատժամիջոցներ կիրառել

Politico. Բաքվի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պետք է պատժամիջոցներ կիրառել

PanARMENIAN.Net - Freedom House իրավապաշտպան կազմակերպության նախկին նախագահ, ԱՄՆ նախկին պետքարտուղարի տեղակալ, այժմ՝ Վաշինգտոնում Ջոն Մաքքեյնի ինստիտուտի աշխատակից Դեվիդ Քրամերը և Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վերաբերյալ ամերիկյան Politico ամսագրում հոդված են հրապարակել, որտեղ սուր քննադատության են ենթարկում նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմին խոսքի ազատության և քաղաքացիների նկատմամբ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված հետապնդումների և բանտարկությունների քաղաքականության հետ կապված:

Ըստ հեղինակների՝ մարդու իրավունքների կոպիտ խախտումների մեջ ներգրավված ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պետք է պատժամիջոցներ կիրառվեն: Ինչպես նաև հետաքննություն պետք է սկսել Ադրբեջանի իշխող ռեժիմի համատարած կոռուպցիոն համակարգի հետ կապված: Իսկ քաղաքական բանտարկյալները պետք է ազատ արձակվեն: Միացյալ Նահանգները և Եվրոմիությունը միասին պետք է խոսքից անցնեն գործի:

«Լուռ դիվանագիտությունը չի աշխատում: Հայտարարությունները այն մասին, որ Միացյալ Նահանգները «խորապես անհանգստացած» է մարդու իրավունքների խախտումներից արդյունք չեն ունենում: Բարձրաստիճան ամերիկյան պաշտոնյաների այցելությունները ընկալվում են, որպես աջակցություն իշխող ռեժիմին, իսկ նրանք, ովքեր քննադատում են մարդու իրավունքների խախտումները, մեղադրվում են հակաադրբեջանականության մեջ», - մասնավորապես գրված է հոդվածում:

Ըստ հեղինակների՝ վերջին շրջանում Ադրբեջանից դուրս եկող գրեթե բոլոր նորությունները վատն են:

«Օգոստոսի 9-ին անկախ լրագրող Ռասիմ Ալիևը դաժան ծեծի էր ենթարկվել և սպանվել: Դրանից մի քանի օր անց քաղաքացիական ակտիվիստներ Լեյլա և Արիֆ Յունուսները դատապարտվեցին երկարամյա բանտարկության՝ քաղաքական ենթատեքստ ունեցող մեղադրանքների հիման վրա: Սեպտեմբերի 1-ին բազում մրցանակների արժանացած հայտնի լրագրող Հատիջա Իսմայիլովան աբսուրդային մեղադրանքներով դատապարտվեց յոթ և կես տարվա ազատազրկման: Անցյալ շաբաթ ԵԱՀԿ-ը հայտարարեց, որ գալիք պառլամենտական ընտրությունների համար դիտորդական առաքելություն չի իրականացնելու, քանի որ Ադրբեջանի իշխանությունները փորձել են կոշտ սահմանափակումներ մտցնել առաքելության կազմի հետ կապված»:

Ըստ հոդվածագիրների՝ 2013-ի կեղծված ընտրություններից հետո Ալիևի ռեժիմը բոլոր՝ ներքին և արտաքին թշնամի ընկալվողների նկատմամբ հալածանքներ է իրականացնում: Ընդդիմադիր գործիչներ, լրագրողներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ՝ բոլորը ենթարկվում են հետապնդումների և խարանվում են, որպես պետության թշնամիներ, գրում է Panorama.am-ը:

Հոդվածում նշվում է, որ ԵԱՀԿ ներկայացուցիչների հաշվարկներով ավելի քան 10 լրագրող այժմ այդ երկրում բանտարկված է կամ գտնվում է նախաքննական կալանքի տակ: Լրագրողներ Էլմար Հուսեյնովի (2005) և Ռաֆիկ Թաղիի (2011) սպանությունները դեռևս բացահայտված չեն:

Եվրախորհրդարանը սեպտեմբերի 10-ի նիստում Ադրբեջանում լրագրողների ու ակտիվիստների հիմնարար ազատությունների ու իրավունքների խախտումները դատապարտող բանաձև է ընդունել: Բանաձևի տեքստում հիշատակվում է մարդու իրավունքների աղետալի վիճակն Ադրբեջանում, նշվում է քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ գործադրվող ճնշումների մասին։

Եվրախորհրդարանի փաստաթուղթը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին կատարել Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի առաջ ստանձնած պարտավորությունները մարդու իրավունքների ոլորտում, կատարել այդ կազմակերպությունների խորհուրդները՝ իրավիճակի բարելավման համար, ավելի ժողովրդավար նախընտրական միջավայր ստեղծել։

Սեպտեմբերի 15 –ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարել է, որ երկիրը կասեցնում է Եվրամիության հետ միջխորհրդարանական գործակցությունը՝ Ադրբեջանում մարդու իրավունքների մասին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևից հետո:«Եվրանեսթն» արդեն վերածվել է ամորֆ մի ուժի, ինչի պատճառով էլ Ադրբեջանի խորհրդարանը բնականաբար դադարեցնում է գործակցությունն այդ կառույցի հետ։ Դա Ադրբեջանի խորհրդարանի իրավունքն է: Դուք, հավանաբար, գիտեք, որ Ադրբեջանի խորհրդարանի և Եվրախորհրդարանի միջև գործակցությունն ևս կասեցվել է»,- հայտարարել է Ալիևը՝ նշելով, որ Բաքուն ադեկվատ պատասխան է տվել Ադրբեջանի դեմ ձեռնարկվող քայլերին:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի տնօրեն Մայքլ Լինքը սեպտեմբերի 12-ին հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից դիտորդների թվի սահմանափակումների պատճառով ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ստիպված է հրաժարվել նոյեմբերի 1-ին երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն ուղարկելուց:

Բազմաթիվ միջազգային կառույցների կողմից Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանը ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---