Անկախության կողմնակիցները մեծամասնություն են ստացել Կատալոնիայի խորհրդարանում

Անկախության կողմնակիցները մեծամասնություն են ստացել Կատալոնիայի խորհրդարանում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ին Կատալոնիայում տեղի ունեցան Իսպանիայի այդ ինքնավար տարածաշրջանի խորհրդարանի ընտրությունները, որոնք տեղի իշխանությունները կառավարության նախագահ Արթուր Մասի գլխավորությամբ անվանեցին «առաջին քայլը» անկախության ճանապարհին: Անկախության կողմնակիցները ընտրությունների արդյունքները համարում են իրենց հաղթանակը, իսկ պաշտոնական Մադրիդն անվանել է «անջատման ռազմավարության ձախողում», քանի որ անկախության կողմնակիցների օգտին չի քվեարկել ընտրողների նույնիսկ կեսը:

Մասնակցությունն ընտրություններին Կատալոնիայում շատ բարձր էր` մասնակցել է ընտրողների մոտ 77%-ը, ինչը լավագույն արդյունքն է 1980-ականներից ի վեր:

Երեկոյան Իսպանիայից Կատալոնիայի անկախացման հարյուրավոր կողմնակիցներ են հավաքվել Էլ Բորն մշակութային կենտրոնի մոտ` տոնելու հաղթանակը: Կատալոնիայի կառավարության նախագահ Մասը հայտարարել է. «Մենք հաղթեցինք»: Նա հավելել է, որ այժմ անկախության կողմնակիցները ունեն ժողովրդավարական մանդատ, որն էլ «պատվով կյանքի կկոչեն»:

Անկախության գաղափարն արմատավորված է կատալոնացիների շրջանում, որոնք միլիոնանոց հանրահավաքներ են կազմակերպում հօգուտ անկախության:Կատալոնացիները պայքարում են անկախության համար արդեն 200 տարի՝ փաստացի, 1714 թ. Բարսելոնայի ճակատամարտում պարտվելուց հետո Իսպանիայի կազմի մեջ մտնելու պահից: Այդ ժամանակներից ի վեր արդեն 3 դար է պայքար է գնում անկախության համար: 1979 թ. Կատալոնիան ինքնավարություն ստացավ, այն ժամանակ էլ պաշտոնապես ճանաչվեց կատալոնական լեզվի գոյությունը: Տարածաշրջանի տնտեսական հաջողությունները նպաստում են անջատողական տրամադրություններին՝ 203 մլրդ եվրո ՀՆԱ-ն մոտավորապես համարժեք է Դանիայի կամ Ֆինլանդիայի տնտեսություններին, իսկ մեկ շնչի համար ՀՆԱ-ն այստեղ ավելի բարձր է, քան միջինը Իսպանիայում ու ԵՄ-ում:

Մինչդեռ Մադրիդում բողոքի ցույցեր են անցնում:

Եվրահանձնաժողովը չի մեկնաբանում Կատալոնիայում տեղի ունեցած ընտրությունները, որտեղ անկախության կողմնակիցները մեծամասնություն ստացան շրջանի խորհրդարանում և չի քննարկել այդ հարցը Իսպանիայի և Կատալոնիայի իշխանությունների հետ, հայտարարել է ԵՀ պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Կատալոնիայի իշխանությունները վերջին տարիներին մշտապես արծարծել են անկախության մասին հանրաքվեի անցկացման անհրաժեշտությունը, ինչպես նաև օրենքներ են ընդունել ուղղված «պետության» ստեղծմանը: Պաշտոնական Մադրիդը և Իսպանիայի սահմանադրական դատարանը մերժեցին 2014-ի նոյեմբերի 9-ին անկախության մասին հանրաքվե անցկացնելու Կատալոնիայի մտադրությունը միայն այդ ինքնավարության տարածքում, ոչ թե ամբողջ երկրի: Ուստի նախանշված օրը հարցում անցկացվեց անկախացման մասին, որի մասնակիցների 80 տոկոսը կողմ արտահայտնվեց անկախացմանը: Ընդ որում հարցմանը մասնակցել էր ընտրողների միայն մեկ երրորդը:

Մերժում ստանալով Մադրիդից` Կատալոնիայի իշխանությունները նոր սխեմա մտածեցին` եթե Իսպանիայի իշխանությունները մերժում են հանրաքվեն, ապա նրանք անկախության մասին կհայատարարեն տեղի խորհրդարանի միջոցով: Կառավարության նախագահ Արթուր Մասը հայտարարեց, որ սեպտեմբերի 27-ի ընտրությունները «հանրաքվեատիպ են լինելու»,:

Կատալոնիայի տարածաշրջանի արտահանումը ընդհանուր իսպանական արտահանման 26 տոկոսն է կազմում, այդ թվում արտահանման 65 տոկոսը բաժին է ընկնում ԵՄ երկրներին: Տարածաշրջանում է գրանցված Իսպանիայում գործող բոլոր օտարերկրյա ընկերությունների 38 տոկոսը: Բնակչությունը մոտ 7,5 միլիոն է, տարածքը՝ մոտ 32 հազար քառակուսի կիլոմետր: Անջատողական տրամադրություններն ուժեղ են նաև Իսպանիայի այլ տարածաշրջաններում՝ Բասկերի Երկրում ու Անդալուսիայում:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---