Պուտին. Ռուսաստանը մտադիր չէ պատերազմել Սիրիայում, բայց պատրաստ է աջակցել Ասադին

Պուտին. Ռուսաստանը մտադիր չէ պատերազմել Սիրիայում, բայց պատրաստ է աջակցել Ասադին

PanARMENIAN.Net - Մոսկվան մտադիր չէ իր զորքերն օգտագործել Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցության համար, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ռուսաստանը չի մասնակցի ռազմական գործողություններին Սիրիայի տարածքում կամ այլ պետություններում, ամեն դեպքում, այսօրվա դրությամբ մենք դա չենք ծրագրում»,-ասել է Պուտինը ամերիկյան Սի-Բի-էս հեռուստաալիքի «60 րոպե» ծրագրին տված հարցազրույցում:

Այնուամենայնիվ, նա հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունն ակտիվացնել օգնությունը Բաշար Ասադի կառավարությանը` հայտարարելով, որ Սիրիայում հիմա կա մի լեգիտիմ բանակ կա: Պուտինը ահաբեկչական կազմակերպություններ է անվանել Վաշինգտոնի աջակցությունից օգտվող սիրիական ընդդիմության ջոկատներին:

«Այնտեղ կա միայն մեկ օրինական բանակ` դա Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակն է, որի դիմակայում է, որոշ մեր միջագային գործընկերների մեկնբանությամբ, ընդդիմությունը: Սակայն իրականում, կյանքում, Ասադի բանակը պայքարում է ահաբեկչական կազմակերպությունների դեմ»,-ասել է ՌԴ նախագահն ի պատասխան լրագրող Չարլի Ռոուզի այն դիտարկմանը, թե ռուսական մարտական ինքնաթիռներն ու հակաօդային պաշտպանության ուժերը Սիրիայում օգտագործվում են սովորական բանակի, ոչ թե ծայրահեղականների դեմ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Սիրիայում ռուսական ռազմական ներկայության ուժգնացումը վերջին շրջանում համաընդհանուր ուշադրության է արժանանում և աճող տագնապ է հարուցում Վաշինգտոնում, սակայն Պուտինը նշել է, որ Մոսկվայի գործողությունները միանգամայն օրինական են և համապատասխանում են ՄԱԿ կանոնադրությանը: «Այս դեպքում մենք գործ ունենք Սիրիայի կառավարության ռազմատեխնիկական աջակցության մասին խնդրանքի հետ, ինչն էլ անում ենք օրինական միջազգային պայմանագրերի շրջանակում»,-ասել է Պուտինը:

Սիրիայի ԱԳՆ ղեկավարը սեպտեմբերի 17-ին հայտարարեց, որ Սիրիայի ղեկավարությունը կարող է խնդրել Մոսկվային, որպեսզի ՌԴ զինված ուժերը մասնակցեն ահաբեկչության դեմ համատեղ պայքարին, եթե նման անհրաժեշտություն լինի: Ի պատասխան ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկել «Իսլամական պետության» դեմ գործողության մասին Դամասկոսի խնդրանքը, եթե վերջինս դիմի այդ հարցով: Սիրիայի ղեկավարության խնդրանքը, եթե այդպիսին լինի, որ Ռուսաստանի զինվորները սիրիացի զինվորականների հետ միասին մասնակցեն ռազմական գործողություններին, կդիտարկվի և կքննարկվի երկկողմ շփումների շրջանակում:

Պուտինը խոստովանել է, որ «Իսլամական պետությունը», որը վերահսկում է Սիրիայի տարածքի մեծ մասը, անմիջական վտանգ է ներկայացնւմ Ռուսաստանի համար: «Նախկին ԽՍՀՄ-ից ավելի քան 2000 գրոհային կա Սիրիայի տարածքում: Վտանգ կա, որ նրանք կվերադառնան: Ավելի լավ չէ չսպասել, թե երբ նրանք դա կանեն, այլ պայքարել նրանց դեմ այնտեղ` Սիրիայի տարածքում»,-ասել է նա:

«Մենք ուրախ կլինենք ընդհանուր հարթակ գտնել ահաբեկիչների դեմ համատեղ գործողությունների համար»,-ասել է ՌԴ նախագահը:

Ավելի վաղ Financial Times-ը հայտնել էր 2000 ռուս զինծառայողների Լաթակիայի ավիաբազայում տեղակայման մասին: Ըստ աղբյուրների, Մոսկվան որոշել է Սիրիայում 28 ինքնաթիռ տեղակայել` 4 ՍՈւ-27 կործանիչ, ՍՈւ-24 12 ռազմաճակատային ռմբակոծիչ և ՍՈւ-25 12 ինքնաթիռ, ինչպես նաև մոտ 20 ռազմական և տրանսպորտային ինքնաթիռ: Times of Israel-ը հայտնում է, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը Սիրիայում քննարկման թեմա է եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպմանը: Մինչդեռ Մոսկվան ու Թեհրանը հայտարարել են, որ մտադիր են միասին պայքարել «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ:

ՌԴ նախագահը քննադատել է իր կարծիքով անարդյունավետ ամերիկյան քաղաքականությունը: «Դուք լավատեղյակ եք ԱՄՆ Սենատում անցած լսումներին, որտեղ, եթե չեմ սխալվում, զինվորականները, Պենտագոնի ներկայացուցիչները հաշվետու էին լինում, թե ինչ է արել ԱՄՆ-ն ընդդիմադիրների մարտական պատրաստվածության հարցում: Սկզբից նպատակ էր դրվում պատրաստել 5-6 հազար մարտիկ, հետք` 12 հազար: Արդյունքում պարզվեց, որ պատրաստվել է ընդամենը 60-ը, իսկ զենքը ձեռքին մարտնչում է միայն 4-5 մարդ, մինչդեռ բոլոր մյուսները ուղղակի ամերիկյան զենքը ձեռքներն անցել են ԻՊ կողմը»,-ասել է Պուտինը:

«Եվ հետո, հավելել է ՌԴ նախագահը, ըստ իս, ռազմական աջակցությունն ապօրինի կառույցներին չի բխում միջազգային իրավունքի նորմերից ու ՄԱԿ կանոնադրությունից: Մենք սատարում ենք բացառապես լեգիտիմ մարմիններին»:

Ռոուզը հիշեցրել է, որ Ասադի ռեժիմը դաժան հաշվեհարդար է տեսնում սեփական ժողովրդի հետ, ինչը ձեռնատու է ԻՊ-ին, ուստի, Վաշինգտոնում կարծում են, որ եթե Ասադը հեռանա, դա կնպաստի ԻՊ դեմ պայքարին: «Արտահայտվելով հատուկ ծառայությունների լեզվով, կարող եմ ասել, որ նման գնահատականն Ասադի թշնամիների գործողությունն է, դա հակասիրիական քարոզչություն է»,-ասել է Պուտինը:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---