ՎիվաՍել-ՄՏՍ. Ավելի քան 6,9 միլիարդ դրամի ներդրում Հայաստանի մարզերում

ՎիվաՍել-ՄՏՍ. Ավելի քան 6,9 միլիարդ դրամի ներդրում Հայաստանի մարզերում

PanARMENIAN.Net - Գործունեության տասը տարիների ընթացքում, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը շուրջ 6,9 միլիարդ դրամի ներդրում է կատարել Հայաստանում գյուղական համայնքների զարգացման համար:

Ընկերությունը ներկայացրել է մարզերում իրականացված սոցիալական ներդրումների մի մասը.

Բնակարաններ Գյումրիի և Վանաձորի` երկրաշարժից տուժած կարիքավոր 40 ընտանիքի, ջրամատակարարման համակարգի կառուցում, խմելու ջրի ապահովում ջրամատակարարում գրեթե չունեցող մի շարք գյուղերում, այլընտրանքային էներգիայի ենթակառուցվածքի ստեղծում (արտաքին լուսավորման և ջեռուցման համակարգերի համար), ջեռուցման համակարգի ապահովում մանկապարտեզներում և դպրոցներում, պաշտպանիչ պատի կառուցում սահմանամերձ գյուղերում, էլեկտրական ցանկապատի կառուցում ընտանի կենդանիներին և անասնագոմերը գիշատիչների հարձակումներից պաշտպանելու նպատակով, աջակցություն Կոշ համայնքում գործող՝ երեխաների ցերեկային խնամքի և վերականգնողական կենտրոնին, նորածնային խնամքի բուժսարքավորումների տրամադրում մարզային ծննդատներին, բժշկական սարքավորումներով և նավիգացիոն համակարգով արդիականացված շտապօգնության մեքենաների տրամադրում մարզային բժշկական կենտրոններին, ինչպես նաև գործակարգավարական համակարգի արդիականացում:

Իրականացված ծրագրերի թվում են նաև` հաշմանդամների կարիքներին հարմարեցված մեքենաների տրամադրում՝ ներառական կրթության ծրագրերի շրջանակում, արագ արձագանքման 911 հեռախոսահամարի տեղայնացում, կիսակառույց տների շինարարության ավարտ և վերանորոգման աշխատանքներ գյուղական, այդ թվում՝ սահմանամերձ համայնքներում, մարզային կրթական հաստատությունների և մշակութային օջախների վերանորոգում, ուսանողների կրթաթոշակի ապահովում, համակարգչային սենյակների ստեղծում մարզային կրթական հաստատություններում, մարզային կրթական հաստատություններում ինտերնետ կապի ապահովում, կարիերայի զարգացման ծրագրի շրջանակում դասախոսությունների և դասընթացների կազմակերպում՝ մարզերի բուհերի ուսանողների համար, մշտադիտարկման ժամանակակից սարքավորումների տրամադրում Ուրցաձորի էկոկրթական կենտրոնին, բազային նոր կայանի կառուցում Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում՝ Ուրցաձորի էկոկրթական կենտրոնի հարևանությամբ և այլ ծրագրեր:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստեղծել է շուրջ 204 կայուն աշխատատեղ մարզերում՝ մարզային 54 և շարժական 10 սպասարկման կենտրոնների միջոցով:

«Գյուղական համայնքների զարգացումը ենթադրում է գյուղի և քաղաքի, մարզերի և մայրաքաղաքի միջև կյանքի որակի տարբերության կրճատում: Դրան կարևոր է հասնել հատկապես պատերազմից և բնական աղետներից տուժած սահմանամերձ բնակավայրերում: Մենք, որպես ընկերություն և անհատներ, անում ենք հնարավորինը, որպեսզի մարզերում բնակվող մեր հայրենակիցները չհուսահատվեն, իրենց չզգան լքված և շարունակեն հավատալ իրենց երեխաների լուսավոր ապագային: Մայրաքաղաքում կամ սահմանամերձ գյուղում ծնված լինելու փաստը պայմանավորված է մեզանից անկախ հանգամանքներով, և ոչ մեր՝ կամավոր ընտրությամբ: Որպես գիտակից անհատ գործելը, սակայն, լիովին մեր ընտրությունն է: Մենք՝ վաղվա օրով մտահոգ հայերս, հաղթահարելով բազմաթիվ մարտահրավերներ, պետք է շարունակենք կերտել մեր ապագան. ոչ ոք դա չի անելու մեր փոխարեն: Ընտրությունը մերն է. կարող ենք ապրել կամ բացառապես հանուն անհատական երջանկության՝ հոգ տանելով բացառապես մեր մասին, կամ՝ որպես երջանկության բանաձև դիտարկել հանրային բարօրության կերտմանը մեր մասնակցությունը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ջանք չի խնայում, որպեսզի առօրյա կյանքում չհեռանանք հանրային բարօրություն կերտման՝ դեռևս տասը տարի առաջ ընդունած արժեհամակարգից, այն է՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունից»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Գործունեության առաջին իսկ տարիներից Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը որդեգրելով որպես առանցքային ռազմավարական մոտեցում՝ ընկերությունը շարունակում է առաջնորդվել ԿՍՊ սկզբունքներով, բոլոր՝ կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի նախագծման և իրականացման հարցում: Ընդհանուր առմամբ, ՎիվաՍել-ՄՏՍ-ը 23,8 միլիարդ դրամ է հատկացրել Երևանում և Հայաստանի մարզերում՝ ԿՍՊ նախաձեռնությունների իրագործման նպատակով, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---