ԱԳ փոխնախարար. Ադրբեջանը բոլոր սահմաններն անցնում է, բայց հակահարված է ստանում

ԱԳ փոխնախարար. Ադրբեջանը բոլոր սահմաններն անցնում է, բայց հակահարված է ստանում

PanARMENIAN.Net - Ադրբեջանը համապատասխան հակահարվածը ստանում է, մոտակա ժամանակ խելքը գլուխը կհավաքի: Այս մասին Կառավարության հոկտեմբերի 1-ի նիստից հետո լրագրողների ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Ինչ վերաբերում է ընդհանուր իրավիճակին, ապա, ըստ փոխնախարարի, Ադրբեջանն անցել է բոլոր սահմանները:

«Խոսքը վերաբերում է ոչ միայն ուղղակի այդ գործողություններին, այլ նաև այն լկտիությանը, որով նա վերաբերվում է միջազգային իրավունքին՝ իր իսկ ստանձնած պարտավորություններին: Զինադադարի մասին կա եռակողմ համաձայնագիր: Ի դեպ Ադրբեջանն է խնդրել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին, որպեսզի այդ զինադադարը կնքեն: Կա 1995-ի պայմանագիր՝ զինադադարի ռեժիմը ամրապնդելու մասին, ստացվում է, որ միջազգային իրավունքը իր համար ոչինչ է: Այսինքն՝ նույն վարվելակերպն է, որն այսօր դրսևորում են տարբեր ահաբեկչական կազմակերպությունները, նույն ձեռագիրն է՝ մարդկանց սպանել, հուշարձաններ ոչնչացնել և այլն», - ասել է Քոչարկանը, մեջբերում է Panorama.am-ը:

Փոխնախաարարի խոսքով՝ Ադրբեջանն իր այս քայլերով մոտեցնում է ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացի հասունացումը:

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստին Քոչարյանն ասել է, որ այդ հարցը մշտապես իրենց մտահոգում է:

«Մենք միշտ ասել ենք, որ դա մտահոգիչ է: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի արձագանքին, ապա ՀԱՊԿ-ին դիմելու կարիքը չենք զգում, այս պարագայում դրա կարիքը չկա: Ընդհանուր առմամբ՝ շատ կարևոր է ունենալ պայմանագրային տարբեր պարտավորություններ՝ պետությունների միջև, միջազգային տարբեր կազմակերպությունների հետ, որոնք որոշակի իրավիճակներում կարող են քեզ օժանդակել, բայց հայկական երկու կողմերը իրենց հույսն առաջին հերթին դնում են իրենց վրա: Ավելին՝ եթե որևէ պետություն իր ամենակենսական խնդիրը՝ անվտանգությունը, փորձի դնել այլ պետությունների վրա, դա կլինի աններելի սխալ», - շեշտել է փոխարտգործնախարարը:

Վերջին շրջանում իրավիճակը ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված է:Սեպտեմբերի 29-ին և լույս 30-ի գիշերը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 100 անգամ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:Տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1.700 կրակոց` այդ թվում մոտ 160 կրակոց 60, 82 և 120 մմ ականանետերից, ՀԱՆ-17 և ՌՊԳ-7 տիպի նռնականետերից, ինչպես նաև 4 կրակոց` TP-107 հրթիռահրետանային կայանքից: Սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ԼՂՀ ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի հետևանքով զոհվել է 4 զինծառայող, վիրավորվել 16-ը:

Սեպտեմբերի 24-ի երեկոյան Տավուշի սահմանամերձ գյուղերի գնդակոծության հետևանքով Բերդավանի խաղաղ բնակիչներ 94-ամյա Շուշան Ասատրյանից և 41-ամյա Սոնյա Ռևազյանիցբացի զոհվել էր նաև Պառավաքարի բնակիչ, 83-ամյա Պայծառ Աղաջանյանը, ևս երկուսը վիրավորվել: Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանը գնդակոծել էր Տավուշի մարզի Դովեղ և Բարեկամավան գյուղերը: Զոհեր և վիրավորներ չկային, սակայն գյուղերը կրել են նյութական վնաս:

Սեպտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ վերջին օրերին ադրբեջանական կողմից իրադրության հետևողական սրման, մեծ տրամաչափի զինատեսակների, մասնավորապես հրետանու կիրառման, խաղաղ բնակավայրերի հրետակոծման պայմաններում ՀՀ զինված ուժերին և ԼՂՀ պաշտպանական բանակին այլ բան չի մնում, քան դիմելու ռազմական և ռազմաքաղաքական այնպիսի գործողությունների, որոնք հակառակորդին կստիպեն հրաժարվել ուժի կիրառման մտադրություններից, կթոթափեն անպատժելիության և սեփական գերազանցության պատրանքը և նրան կվերադարձնեն խաղաղ բանակցային սեղանի շուրջ:

Սեպտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ Տավուշի մարզում գյուղերի հրետակոծման դեպքերը, որոնց հետևանքով հայկական կողմն ունեցավ քաղաքացիական զոհեր և 1994-ի մայիսից ի վեր ադրբեջանական կողմն առաջին անգամ 122 մմ տրամաչափի հրետանի օգտագործեց, ինչպես նաև առաջնագծի թիկունքում տեղակայված ենթակառույցի և այնտեղ վարժանք անցկացնող անձնակազմի` ռազմական առումով չհիմնավորված խոցումը լայնածավալ ռազմական գործողությունների անցման հերթական քայլն է:

«Իմ խորին համոզմամբ, նման ռազմավարությունը հանգեցնելու է նրան, որ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության առջև բանակցային սեղանին դրված են լինելու ոչ թե հրադադարի պահպանման և վստահության ամրապնդման միջոցների հետ կապված օրակարգային հարցերը, այլ նոր պայմաններով զինադադարի կնքման պարտադրանքը»,- ասել է նա:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 26-ին հայտարարել է, որ այլընտրանքի բացակայության դեպքում Ադրբեջանի «պատժիչ սուրը» հայկական կողմն է լինելու: «Երբ ասում ենք, որ պատերազմից վախենում ենք, բայց կռվելուց չենք վախենում, դատարկ խոսքեր չեն: Հայաստանը, իսկ երբ ես ասում եմ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է, երկրագնդի ամենառազմականացված տարածքներից են», - նշել է նա: Նախագահը վստահեցրել է, որ նման իրավիճակում հայկական կողմը կստիպի Ադրբեջանի կառավարությանը հաշվետու լինել իր ժողովրդին՝ նրան պատճառած նորանոր տառապանքների համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---